Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա:
«Պրոմ Գրուպ» ընկերությունն արտահանումը կիրականացնի սեփական տնտեսությունից. Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում ընկերությունն Ակբա բանկի աջակցությամբ հիմնել է 5-րդ սերնդի 10 հեկտար տարածքով ջերմոցային համալիր, որը տարածաշրջանում եզակի է արհեստական բանականության բարձր հագեցվածության շնորհիվ։ Ջերմոցում նախատեսվում է ստանալ օրական 25-30 տոննա պրեմիում որակի լոլիկի բերք, որն անմիջապես արտահանվելու է:

«Որպեսզի հայկական բարձրորակ լոլիկը կարողանանք հասցնել եվրոպացի սպառողին, Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք Volvo մակնիշի նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով մեր ջերմոցի բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա: Քանի որ կար արտահանման անհրաժեշտություն, որոշեցինք ստեղծել սեփական լոգիստիկ հնարավորությունները»,- նշում է «Պրոմ Գրուպի» հիմնադիր տնօրեն Հայկ Հունանյանը:
Ձեռք բերված բեռնատարները լիովին համապատասխանում են եվրոպական բարձր ստանդարտներին և ի վիճակի են տեղափոխել մինչև 22 տոննա բեռ՝ ճանապարհին ապահովելով դրանց անթերի պահպանումը: Մեքենաները հագեցած են տեխնիկական լավագույն լուծումներով։ Բեռնատարները ձեռք բերելիս հատուկ ուշադրություն է դարձվել վարորդի հարմարավետությանը։
«Ակբա Լիզինգն ավելի քան 6 տարի համագործակցում է «Պրոմ Գրուպ» ընկերության հետ: Այս համագործակցության շրջանակում ընկերությանը տրամադրվել է շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ։ Այժմ էլ «Պրոմ Գրուպը» համալրվել է վերջին սերնդի 20 բեռնատարներով, որոնք էականորեն կխթանեն հայկական արտադրանքի արտահանումը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Պրոմ Գրուպն» այժմ իրականացնում է հողային աշխատանքներ՝ ևս մեկ 10 հեկտար մակերեսով լոլիկի ջերմոցային համալիրի կառուցման համար: Ընդլայնվող ծավալներին զուգահեռ՝ ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ավտոպարկը համալրել ևս 30 նոր բեռնատարներով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

