Գրիգոր Ջաբոտյան. «Իմ պատրաստած հագուստների ոճը բնութագրում է կինը, ով և՛ ուժեղ է, և՛ կանացի» (լուսանկարներ)

Ասում է լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian)

Նա մասնագիտական կրթություն է ստացել Բեյրութում, այնտեղ էլ սկսել է աշխատանքային գործունեությունը: Արդեն 23 տարեկանում բացել է անձնական նորաձևության տունը: Նա նորաձևության աշխարհում հատկապես հայտնի է հարսանեկան իր զգեստների հավաքածուներով: Իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսել է Բեյրութի Արվեստի և նորաձևության հմտությունների ավագ դպրոցից (l’Ecole Superieure des Arts et techniques de la Mode in Beirut): 2007 թվականին դիզայներն արդեն աշխարհահռչակ Էլի Սաաբ (Elie Saab) ընտանիքի անդամ էր և աշխատում էր այդ բրենդի ստեղծագործական բաժնում (Elie Saab’s creative department):

2008 թվականին Գրիգոր Ջաբոթյանն իր «Une noce funebre» հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության օրերի ընթացքում և ճանաչվեց Միջին Ասիայի լավագույն երեք դիզայներներից մեկը: Այժմ սիրելի աշխատանքը նաև ընտանեկան բիզնես է: Իր աշխատանքներում հաճախ է հայկական ազգային դետալներ օգտագործում: Իսկ վերջին հավաքածուն անվանել է «Ախթամար»:

– Ինչո՞ւ հենց «Ախթամար» լեգենդն ընտրեցիք՝ որպես Ձեր վերջին հավաքածուի թեմա:

Կարդացեք նաև

– Անկեղծ ասած` դա ինքնաբերաբար ստացվեց: Երբ կազմում էի էսքիզները և մտածում գույների ու զարդարանքի մասին, զգացի, որ երևակայությունս ինձ տանում է այդ ուղղությամբ: Զգեստները ժամանակակից են, բայց հիշեցնում են նաև արքայական դարաշրջանը: Հավաքածուի մեջ գերակշռում է կարմիրը, որը միշտ կապում եմ նռան գույնի հետ:

Jabotyan (1)

– Ինչպե՞ս եք ընտրել դիզայների մասնագիտությունը:

– Փոքրուց սիրում էի նկարել: Վաղ հասակից հետաքրքրվել եմ կերպարվեստով և քանդակով: Մի բան հաստատ էր` իմը ստեղծագործական ոլորտն էր, բայց վստահ չէի` նորաձևությո՞ւնը կընտրեմ, թե՞ մեկ այլ բան: Նորաձևությունն ընտրեցի մեծ հասակում, երբ արդեն ավելի լավ էի պատկերացնում, թե ինչ եմ ուզում անել:

– Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ոճը:

– Իմ ոճը բնութագրում է կինը, ով և՛ ուժեղ է, և՛ կանացի: Նա ռիսկի է դիմում և որոշումներ կայացնում կյանքում և նորաձևության մեջ՝ առանց փորձելու լինել չափազանց էքսցենտրիկ:

– Ինչպե՞ս է զարգանում Ձեր բիզնեսն այնպիսի երկրում, ինչպիսին Լիբանանն է:

– Մարտահրավերներից մեկն անկայուն քաղաքական իրադրությունն է: Նորաձևությունը ևս արտացոլում է մշակույթն ու միջավայրը, որում ապրում ենք: Լիբանանի վտանգավոր իրավիճակն անդրադառնում է նաև դիզայների, գնորդի, զբոսաշրջիկի մտածողության վրա: Վերջինը գալիս է հաճելի ժամանակ անցկացնելու, և նորաձևությունն էլ մեկն է այն ամենից, ինչ առաջարկում է տվյալ երկիրը: Չնայած այդ ամենին, դիզայները պետք է կարողանա բավարարել իր հաճախորդներին, աշխատակիցներին և նորաձևության շուկան Լիբանանից դուրս, նույնիսկ, եթե երկիրը հակամարտության մեջ է:

Jabotyan (13) Jabotyan (15)

– Իսկ ինչպիսի՞ն են նորաձևության այսօրվա միտումները:

– Նորաձևությունը կարելի է տանել ցանկացած ուղղությամբ: Դու ես ուղղորդողը: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան լավ ես կարողանում դա անել: Հնարքն այն է, թե ինչպես առանց ավելորդ ջանքերի հագուստին տեսք հաղորդել, և ստիպել մարդկանց ասելու` ինչո՞ւ ես էլ այդ մասին չեմ մտածել:

– Որտեղի՞ց են Ձեր պապերը:

– Պապերս Սիս անունով հայկական գյուղից են: Նրանք շատ երկար ճանապարհ են անցել և, ի վերջո, հաստատվել են Լիբանանում: Ես երրորդ սերնդի հայ եմ: Ճիշտ է` սերտորեն կապված եմ այս երկրին, որտեղ ծնվել և մեծացել եմ, սակայն հավատարիմ եմ նաև իմ ծագմանը:

Jabotyan (17)

– Ծանո՞թ եք հայկական նորաձևությանը, դիզայներներին:

– Դժբախտաբար` ոչ, ոչ մեկին չգիտեմ: Շատ կցանկանայի ինձ համար բացահայտել նորաձևության ասպարեզը Հայաստանում: Հուսով եմ` այն ինչ-որ կերպ աչքի է ընկնում կամ գոնե զարգանում է:

– Հայաստանում երբևէ եղե՞լ եք:

– Դեռևս բախտ չեմ ունեցել, բայց շատ եմ ուզում. և երկար ժամանակ է՝ մտքումս պլանավորում եմ: Մնում է` համապատասխան ուղեկից գտնեմ և աշխատանքից ազատ ժամանակ:

– Հայաստանում նախատեսո՞ւմ եք որևէ ցուցադրություն:

– Շատ կցանկանայի մի օր ունենալ նաև ցուցադրություն: Որքան նկատել եմ, բնապատկերները շատ գեղեցիկ են, ճարտարապետության տեսակն էլ բարձր եմ գնահատում: Երբ վերջապես այցելեմ Հայաստան, վստահ եմ, որ մի քանի վայրեր անմիջապես կդրդեն ինձ ցուցադրություն կազմակերպել:

Jabotyan (21)

– Ինչի՞ վրա եք աշխատում այս պահին:

– Ներկայումս աշխատում եմ «Աշուն-ձմեռ 2015» հավաքածուի վրա: Ինչպես ամեն նոր հավաքածուի վրա աշխատելիս, այժմ էլ փորձում եմ ինչ-որ տարբերվող բան ներկայացնել` միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իմ աշխատանքի ոգուն: Միշտ փորձում եմ իմ էսքիզներին մի նոր տեսք հաղորդել, այնպես որ, հույս ունեմ` երբեք չեմ լճանա:

Տեսանյութեր

Լրահոս