Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն

Այսօր՝ ապրիլի 26-ի երեկոյան, Տավուշում, մասնավորապես՝ Կիրանց գյուղում, իրավիճակը տևական ժամանակ լարված էր: Քարտեզագրողները երեկոյան ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները, սակայն, արգելափակել էին մեքենայի շարժը:

Կիրանց էին ժամանել նաև բերետավորները, ոստիկանական մեծաքանակ ուժեր:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ևս երեկոյան ժամանել էր Կիրանց՝ ցուցարարներին համոզելու, որ թույլ տան՝ ոստիկանների շրջապատած մեքենան անցնի։

«Թող էս մեքենաները գնան, մենք կնստենք, կքննարկենք… Երբ սկսվեցին սահմանազատման և սահմանազատման աշխատանքները, ես ի սկզբանե ներգրավված չէի, բայց երբ ներգրավվեցի, արեցի՝ ինչ ուժս պատեց»,- ասել է նա՝ ավելացնելով, թե տեղեկություն չունի՝ Կիրանցի կամուրջը կանցնի՞ Ադրբեջանի վերահսկողությանը, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

«Փաշինյանը էտ նույն մարդկանց հետ էր էկել հանդիպման, ասում էր՝ մենք էդ տարածքներն առանց մի միլիմետր տարբերությամբ հանձնելու ենք իրանց, իրանցն էլ՝ մեզ: Բա հիմա մեր տարածքներն ո՞ւմ ա հանձնում, առանց իրանցից բան ստանալու: Չէ՞ որ մեր հեկտարներով հողերը մնացել ա ադրբեջանցիների մոտ, հիմի էլ էտ կոլուչկեքը ձեռքներին վաղը արդեն չափագրողին կուղարկի, որ վաղը գա կոլուչկեքը խփի՝ Արծրունը, Մհերը, էն մի Մհերը, Խանումը… տանիցը դուրս կգան կտենան՝ թուրքի դրոշը իրանց ղաքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տավուշցիներից մեկը:

Ի դեպ, տավուշցիները նկատել են, որ վերոնշյալ մեքենայի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (առջևի երկրորդ սև, առանց համարանիշի, մեքենայի մեջ)։ Բնակիչները կասկածներ հայտնեցին նաև, որ  նրա հետ կարող էր լինել ադրբեջանցի գործընկերը՝ Շահին Մուստաֆաևը, ում հետ միասին կոորդինացնում են սահմանազատման աշխատանքները: Այլապես նրանց համար անհասկանալի էր, թե ինչու թույլ չտվեցին տեսնել մեքենայի ներսում գտնվողներին։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի քավոր ու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանն այսօր ամեն կերպ փորձում էր բանակցել գյուղացիների հետ, և համոզել նրանց՝ բացել ճանապարհը: Տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից հատկապես մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ:

Հ.Գ.  Քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։

Մնում է հասկանալ, թե ինչու են իշխանությունները շարունակում թաքցնել, թե ով կամ ովքեր են եղել Կիրանցում ավտոմեքենայի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս