ՓԲ ընկերությանը պատճառվել է մոտ 80 միլիոն դրամի վնաս
Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ 2022 թ. մայիսից մինչև այս տարվա ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ընկերության՝ Մալիշկա բնակավայրի տարածքում գտնվող ցինկապատ երկաթյա հինգ հենասյուները՝ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս:
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը, զոդման միջոցով ապամոնտաժելով, կատարել են Մալիշկա գյուղի բնակիչ՝ 55-ամյա և Եղեգնաձորի բնակիչ՝ 40-ամյա երկու տղամարդ: Նրանք ներկայացվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են՝ հայտնելով, որ գողոնը տեղափոխել են 40-ամյա տղամարդու կողմից շահագործվող «Զիլ 131Դ» ամբարձիչ-բեռնատարով: Հայտնել են նաև, որ հենասյուներից չորսը գողացել են 2023 թ. աշնանը, իսկ մեկը՝ այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում, գողոնի մի մասն էլ գտնվում է 40-ամյա տղամարդուն պատկանող մետաղի ընդունման կետում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: