Ինչո՞ւ եկեղեցուն հավասար հնարավորություն չի տրվել՝ ներկայացնելու սեփական դիտարկումները. Հ1-ը պարզաբանել է՝ հղում տալով Պետրոս Ղազարյանին

Ապրիլի 9-ին Մայր Աթոռը Տավուշից տարածքներ հանձնելու վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով հրաժարվել պարտվողական գործելաոճից: Այս հայտարարությունից հետո, ինչպես և սպասելի էր, իշխանական ու մերձիշխանական տարբեր տրամաչափերի գործիչներ սկսեցին Մայր Աթոռի ուղղությամբ մեղադրանքի սլաքներ արձակել՝ այդ թվում օգտագործելով ՀՀ բոլոր քաղաքացիների հարկերով պահվող Հանրային հեռուստաընկերության հարթակը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն այս առնչությամբ իր մտահոգություններն էր հայտնել՝ մասնավորաբար շեշտելով. «Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։

Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին»։

168.am-ն այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ հետաքրքրվելով. «Ինչո՞ւ եկեղեցուն հավասար հնարավորություն չի տրվել ներկայացնելու սեփական դիտարկումները, հակադարձելու հնչած տարբեր տեսակետներին»:

Կարդացեք նաև

Գրավոր հարցումն ուղարկելուց մի քանի օր անց Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի բաժնի պետ Սևակ Հակոբյանից ստացանք հետևյալ պատասխանը. «Ձեր կողմից հիշատակված հրապարակումից հետո «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը հրապարակային կերպով հարցազրույցի է հրավիրել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին, սակայն Տեր Եսայի քահանան հրավերի հաջորդ օրը չներկայացավ հարցազրույցի»:

Հետաքրքրական է, որ հարցմամբ մենք ամենևին չէինք փորձել պարզել Տեր Եսայի քահանա Արթենյանի կոչից հետո Պետրոս Ղազարյանի մոտ ծագած պլանները, այլ ցանկացել էինք լսել Հովհաննես Մովսիսյանի տեսակետը՝ հանրային հարթակում հավասարության սկզբունքն ապահովելու առնչությամբ:

Մանավանդ, Տեր Եսային ինքն էր արդեն արձագանքել այդ հրավերին՝ նկատելով, որ Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և «այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները:

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:

Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»:

Ինչպես ժողովուրդն է ասում, եղածից հետո՝ «հետողորմեան» ո՞ւմ է պետք:

Տեսանյութեր

Լրահոս