Ովքե՞ր են խաղում փոխարժեքի հետ, և ինչո՞ւ է դրամը վերստին արժևորվում
«Հայաստանի Հանրապետության դրամի զգալի արժևորում է գրանցվել 2024թ. մարտին՝ տարեսկզբից գրանցված փոխարժեքի կայունության որոշակի ժամանակահատվածից հետո. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամն արժևորվել է 2,7 տոկոսով»,- օրերս արձանագրել էր Համաշխարհային բանկը՝ Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ իր ամփոփագրում:
Բայց թե ինչո՞ւ է դրամն արժևորվել, ՀԲ-ն չէր մեկնաբանել, բավարարվել էր՝ միայն արձանագրելով փաստը։
Վերջին մեկ ամսում դրամն իսկապես արժևորվել է։ Արժևորվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։
Հիմա արդեն արժևորումը 3,5 տոկոսի է հասնում։ Գուցե մեծ փոփոխություն չէ, բայց այստեղ մեկ այլ վտանգավոր միտում է նկատվում։
Արժևորումն ուղեկցվում է տատանողականությամբ։
Կարճաժամկետ արժևորումից հետո, մի պահ դրամը դարձյալ արժեզրկվեց։ Տարադրամի փոխարժեքները գրեթե վերադարձան նախկին մակարդակին։
Մի քանի օր հետո դրամը վերստին արժևորվեց։
Սա արդյո՞ք չի նշանակում, որ ինչ-որ մարդիկ խաղում են փոխարժեքների հետ՝ ազդելով դրամի առաջարկ-պահանջարկի վրա։
Այս հարցի պատասխանը գուցե միանշանակ չէ, բայց փաստ է, որ փոխարժեքների տատանումների վրա, հասարակ քաղաքացու հաշվին, փողեր են աշխատում։ Սպեկուլյացիայով են զբաղված։ Իջեցնում են փոխարժեքները՝ հավաքում են տարադրամը, բարձրացնում են՝ վաճառում։
Սա փոխարժեքի շուկայում փող աշխատելու ամենահայտնի եղանակներից մեկն է, որից օգտվում են նաև փոխարժեքի փոխանակմամբ զբաղվողները։ Խոսքը բանկերի ու փոխանակման կետերի մասին է։
Դրամի հատկապես կարճաժամկետ արժևորման-արժեզրկման արանքում՝ մեծ փողեր են պտտվում։ Այդ փողերը հոսում են որոշ մարդկանց գրպաններ։
Թե ովքե՞ր են թաքնված այս ամենի հետևում, և ո՞րն է փոխարժեքների նման տատանումների պատճառը, որևէ մեկնաբանություն չկա։ Կենտրոնական բանկը լուռ է։ Թեև ակնհայտ է, որ տեղի է ունենում փողի առաջարկ-պահանջարկի կամ շուկայի հավասարակշռության խախտում։ Չնայած արտաքուստ կարծես դրա, առավել ևս՝ դրամի արժևորման համար հիմնավոր պատճառ չկա։ Գրեթե բոլոր հիմնական ուղղություններից տարադրամային հոսքերը կրճատվել են։ Բայց դրամն արժևորվում է, և դա տեղի է ունենում փոփոխական դրսևորումներով՝ արժևորում-արժեզրկումներով։
Սա ավելի վտանգավոր երևույթ է, քան զուտ արժևորումը։
Կա կարծիք, որ այս ամենի հետևում թաքնված է Հայաստանով պտտվող ոսկու հայտնի առևտուրը։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում մեծ քանակությամբ տարադրամ է մտնում շուկա, ինչն էլ ազդում է փոխարժեքների վրա։ Թեև, որպես այդպիսին, տարադրամային մեծ հոսքեր շուկայում կարծես չեն նկատվում։ Դա երևում է նաև արժութային քաղաքականության նկատմամբ Կենտրոնական բանկի վարքագծից։ Չնայած Հայաստանի արժութային պահուստների մակարդակն այլևս գտնվում է վտանգավոր գոտում, ԿԲ-ն չի օգտվում դրամի արժևորման հանգամանքից ու որևէ ակտիվություն չի ցուցաբերում պահուստները համալրելու համար։
Վերջին շրջանում տարադրամային պահուստները ոչ միայն չեն համալրվում, այլև գնալով կրճատվում են։
Մարտի վերջի կամ ապրիլի սկզբի դրությամբ դրանք կազմել են 3 մլրդ 292 մլն դոլար, ինչը 2022թ. կեսերից հետո արձանագրված վատագույն ցուցանիշն է։
Պահուստներն անցած տարվա նույն ամսվա համեմատ պակասել են 432 մլն դոլարով։
Այս տարվա առաջին երեք ամիսներին տարադրամային պահուստներն անընդմեջ կրճատվել են։ Կրճատվել են անգամ մարտին, երբ դրամն արժևորվում էր, ու թվում էր, թե դա լավ առիթ կարող է լինել պահուստները համալրելու համար։
Մարտին Հայաստանի արտաքին պահուստները նվազել են ևս 88 մլն դոլարով։
Իսկ տարեսկզբի առաջին երեք ամիսներին կրճատվել են ընդհանուր առմամբ 315 միլիոնով։
Դրանից հետո Հայաստանի ներմուծման ծածկույթն իջել է 2,6 ամսվա։
Միջազգային չափանիշներով սահմանված է, որ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար, նվազագույնը պիտի 3 ամսվա պահուստների մակարդակ ապահովված լինի՝ ներմուծման նկատմամբ։ Հայաստանի պարագայում այն այլևս վտանգավոր մակարդակից ցածր է։
Բայց անգամ դա առիթ չի տվել, որպեսզի Կենտրոնական բանկը շահագրգռված լինի ներքաշել ավելցուկային տարադրամը, եթե, իհարկե, դրամի վերջին շրջանի արժևորումն իսկապես կապված է տարադրամի հոսքերի ավելացման հետ։
Փոխարժեքի շուկայում ԿԲ-ն ակտիվություն չի դրսևորել նաև այն պարագայում, երբ գնաճի հետ կապված՝ դրամի արժևորման կարիք այս պահին չունի։
Հայաստանում պաշտոնական գնաճը նպատակային ցուցանիշից նույնիսկ ցածր է, ու Կենտրոնական բանկն անգամ այն ակտիվացնելու քաղաքականություն է իրականացնում։
Թվում է, թե բոլոր պայմաններն առկա են, որպեսզի Կենտրոնական բանկն օգտվեր ընձեռված հնարավորությունից և մի կողմից՝ համալրեր այդքան նոսրացած տարադրամային պահուստները, մյուս կողմից՝ թույլ չտար դրամի հետագա արժևորում, որն առանց այդ էլ արդեն չափից դուրս արժևորված է։
Բայց ԿԲ-ն ձեռնպահ է մնացել դրանից, ինչը հարցեր է առաջացնում։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այն, ինչ տեղի է ունենում փոխարժեքների հետ, ի վնաս Հայաստանի տնտեսության է։ Այն խթանում է ներմուծումն ու հարվածում արտահանմանը։ Ոչ թե վերաարտահանումներին, այլ իրական արտահանմանը։
Տնտեսությունը խթանելու ու պաշտպանելու փոխարեն՝ ներմուծումն են խթանում։
Այսքանից հետո կառավարությունն ու Կենտրոնական բանկը հանգիստ հետևում են, թե ինչպես է ազգային արժույթի ամրապնդումը կործանում Հայաստանի տնտեսությունը։ Անունը դրել են փոխարժեքի լողացող քաղաքականություն, որին իբր չեն միջամտում, ու «վարի են տալիս» տնտեսությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ