Հայաստանում այժմ Odnoklassniki -ի աճը գերացանցում է Facebook-ին

Հայաստանում սոցիալական մեդիայի կիրառման նախընտրությունների փոփոխություններ են  նկատվում: Մասնավորապես, վերջին ամիսներին նկատելի է, օրինակ, Odnoklassniki-ի հայաստանյան օգտատերերի թվի կտրուկ աճը:

Ըստ տվյալ սոցցանցերի պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը` եթե, օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին Odnoklassniki-ի շաբաթական ակտիվ օգտատերերի քանակը կազմում էր 835 հազար, ապա 2014թ. հունվարին այդ նույն սոցցանցի շաբաթական ակտիվ օգտատերերի քանակը կազմում է 911 հազար: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում Facebook-ի օգտատերերի ակտիվություն ևս նկատելի է, թեև՝ ոչ Odnoklassniki-ի նման: Տարբեր սոցցանցերից հայաստանյան օգտվողների նախընտրությունների և շաբաթական ակտիվության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ` հետևելով 2013 թվականի դեկտեմբերի և հունվարի տվյալներին:

168.am-ը փորձեց փորձագետից տեղեկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված Odnoklassniki-ի օգտվողների թվի նման աճը: Մեզ հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Odnoklassniki-ի օգտվողների աճը, իր կարծիքով, պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի մարզերում ինտերնետի աճով, քանի որ պրովայդերների միջև մարզերում ուժեղ մրցակցություն է սկսվել:   «Կարծում եմ՝ մարզերում ինտերնետի ներթափանցումն է շատացել` Ucom-ը, Rostelecom-ը ևս մտել են մարզեր, այդ ամենը դրա հետ է կապված»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են հայ օգտվողները նախընտրում ոչ Facebook-ը, այլ մեծամասամբ՝  Odnoklassniki-ն, այն դեպքում, երբ  Facebook-ը ևս կարելի է ռուսերեն և հայերեն լեզուներով օգտագործել, այսինքն` լեզվի խնդիր չի կարող առաջանալ, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ուղղակի Odnoklassniki-ն ավելի վաղ է մտել շուկա և, օրինակ, Ռուսաստանում ակտիվ չի Facebook-ը, դրա համար, իսկ Ռուսաստանի հայերը, ովքեր կապ ունեն այստեղի հայերի հետ, ավելի շատ Odnoklassniki-ում են լինում, դրա համար էլ, այսպես ասած, այդ մարդկանց սեգմենտը  քաշում է այն»:

Ըստ փորձագետի` Facebook-ն այժմ խաչմերուկային տեղում է հայտնվել, մինչև վերջերս, սակայն, մամուլը և այլ լրատվամիջոցները շատ ավտիվ ձևով օգտագործում էին Facebook-ը, բայց տվյալ սոցցանցի ալգորիթմի փոփոխությունը բերեց նրան, որ շատ կտրուկ ընկել են, օրինակ` լրատվական կայքերի այցելությունները, ուստի շատ հավանական է, որ Facebook-ը կարող է հիասթափեցնել շատերին:

«Միանշանակ Facebook-ի ալգորիթմի փոփոխությունից հետո պասիվությունը նկատելի է, հատկապես, օրինակ` լրատվական կայքերի մոտ շատ ուժեղ անկում է նկատվում: Այսինքն` փոխել են այն, թե ինչպես է մարդը տեսնում և ինչ է տեսնում, այնպես են փոխել, որ շատ ավելի քիչ են էջերը երևում, ինչի արդյունքում կայքեր կան, որոնց այցելությունները 20-50%-ով նվազել են»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս