Վրաերթ կատարած վարորդը խելագարվել, այնուհետև` կախվել է

Մի ամբողջ ընտանիքի՝ անչափահաս երեխաների, երիտասարդ մարդկանց ճակատագրեր խաթարվեցին հարբած վարորդի պատճառով:

6-ամյա Գուրգեն և Գառնիկ զույգերն ամեն օր նստում են հանգուցյալ հոր` պատից կախված նկարի տակ ու սպասում նրան: Գուրգենն օրվա մեջ մի քանի ժամ մոռանում է մանկությունը, անխոս մոտենում է հոր նկարին ու բոլորից թաքուն շշնջում է՝ «Հայրի՛կ, կարոտել եմ քեզ»: Հետո մոտենում է եղբայրը՝ «Ես էլ եմ կարոտել» ասելով, որոնց կողքին նստում են երկու քույրերն, ու անչափահաս չորս երեխաները միասին սպասում են իրենց հայրիկին: Գուրգենը հաճախ ժամերով պառկում է այն բազմոցին, որի վերևում փակցրած է հոր լուսանկարը, ու մորն ասում է՝ «Հայրիկին նայելով` կարոտս եմ առնում»:

Mrgashen (3)

Հայրիկը Վահան Սահակյանն է, որի վթարի ենթարկվելու դեպքն ամբողջ հանրապետությունը ցնցեց:

Կարդացեք նաև

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի ատամնաբույժ Վահանն ընդամենը 32 տարեկան էր, չորս անչափահաս երեխաների հայր: «2012թ. նոյեմբերի 31-ին Աշտարակից մեկն եկավ, իրեն տարավ հղի կնոջ ցավացող ատամը նայելու: Երեկոյան ժամը 21:00-ի կողմերն էր, որ գնաց:

Տուն վերադառնալուց ժամը 23:00-ի կողմերը Աշտարակի խճուղում կանգնած է եղել երեք երիտասարդ ծանոթ տղաների հետ: Հարբած վարորդը մեծ արագությամբ մեքենան վարելով 4-ին էլ վրաերթի է ենթարկել, մեքենաների լույսերը չեն աշխատել ու…»,- պատմում է Վահանի կինը՝ Նաիրան, ում ամուսինը և երկու՝ 25 և 27 տարեկան երիտասարդները տեղում մահացել են:

Mrgashenn (1)

Մեքենայի հարվածն այնքան ուժգին է եղել, որ երիտասարդների մարմինները կտոր-կտոր եղած` շաղ են եկել մեծ հեռավորության վրա: «Թաղելուց մարմնի մասերը հազիվ ենք հավաքել»,- ասում են Վահանի հարազատները:

Երեք երիտասարդներին վրաերթի ենթարկած Աշտարակի բնակիչ Արամ Մուրադյանը կատարվածից հետո չորս օր չի կարողացել խոսել, ասում են՝ շոկ է տարել: Հետագայում խոստովանել է, որ այնքան հարբած է եղել, որ ինքնատիրապետումը կորցրել է, դրանից բացի՝ մեքենայի լույսերն անսարք են եղել, և տղաներին չի նկատել:

8 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո կալանավայրում խելագարվել է, քանի որ սթափվելուց հետո, գիտակցելով իր արարքի ծանրությունը, չի կարողացել ինքն իրեն ներել: Վահանի հարազատներն ասում են՝ կալանավայրից տեղափոխել են` Ավանի, որոշ ժամանակ անց էլ՝ Սևանի հոգեբուժարան:

«Լսել ենք, որ կախվել է: Պարանով ինքնասպանություն է գործել»,- ասում է Նաիրան, ով դեպքի մանրամասները պատմելուց առաջ երեխաներին խնդրում է սենյակից դուրս գալ: Չորս անչափահաս երեխաները թեև գիտեն, որ հայրը մահացել է, այդուհանդերձ, առայսօր հավատում են հեքիաթի, սպասում են հորը:

«Վահանն այնքան երազանքներ ուներ»
Վահանը Եղվարդի պոլիկլինիկայում աշխատում էր որպես ատամնաբույժ ու շատ երազանքներ ուներ: Հարազատներն ասում են՝ օրինակելի ընտանիք ունի, դաստիարակված երեխաներ, որոնց ճակատագրերը խեղվեցին դժբախտ պատահարից հետո: Նաիրայի ծանոթները դիմել են մեր խմբագրություն՝ խնդրելով այս ընտանիքի ծայրահեղ վիճակը ներկայացնել համապատասխան կառույցներին, քանի որ Վահանի մահից հետո նրանք կործանվում են:

Mrgashen (1)

Mrgashen (4)

6 տարեկան Գուրգեն և Գառնիկ զույգերը թեև այս տարի պետք է դպրոց գնային, բայց… «Չտարանք, որովհետև չենք կարողանում հասցնել: Անկեղծ ասած՝ ոչ հագուստ կարող ենք գնել, ոչ էլ՝ գրենական պիտույքներ: Երկու աղջիկներինը հազիվ ենք հասցնում, այն էլ՝ հարազատների օգնության շնորհիվ»,- ասում է երեխաների մայրը, ում մոտ մասնագետները խպիպ (զոբ) են հայտնաբերել և հորդորել են անհապաղ վիրահատվել:

Նաիրան օրերով անկողնում է անցկացնում՝ թուլության և վատ ինքնազգացողության պատճառով: Ասում է՝ «Շատ վատ եմ ինձ զգում, գնալով ավելի եմ գամվում: Հետազոտվել եմ Երևանի հիվանդանոցներից մեկում, որից հետո երկարատև բուժում և վիրատահություն են նշանակել: Վիրատահությունն արժե 460.000 դրամ: Չեմ կարող, երեխաներս օրվա հաց չունեն: Դիմեցի Առողջապահության նախարարություն, հորդորեցին դիմել Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Իրեն դիմեցի, բայց երկու ամիս է անցել՝ դեռ պատասխան չկա»,- ասում է Նաիրան, ով առայժմ հիվանդության պատճառով ունակ չէ աշխատել, սակայն երեխաների վաղվա օրն իրենից է կախված:

Mrgashen (5)

Այս ընտանիքին ծանոթ մարդիկ ասում են՝ Վահանի հետ կատարված դեպքից հետո այս մարդկանց կյանքը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով հատակում: Վահանի տարեց ծնողները փորձում են երեխաների խնամքի հարցում օգնել, բայց…

«Պապիկն ամեն օր գնում է Երևան, որ շինարարության վրա աշխատի, օրվա հացը վաստակի: Պատահում ա՝ աշխատանք գտնում ա, պատահում ա՝ ձեռնունայն վերադառնում ա: Մայրն էլ ողնաշարից հիվանդ կին ա՝ վիրահատություններ տարած: Մի խոսքով՝ մի հարբած վարորդի պատճառով ընտանիքը կործանվեց: Էնքան էլ դաստիարակված, խելացի երեխեք ունեն: Առաջ էս ընտանիքին` որպես օրինակելի, մարդիկ մատնացույց էին անում, իսկ հիմա մարդիկ ուզում են ձեռք մեկնել, բայց մեր կողմերում, գիտեք էլի, բոլորն էլ մի կերպ են գոյատևում: Ո՞վ կպատկերացներ, որ Վահանի հետ մի օր տենց բան կլիներ, ախր ջահել՝ 32 տարեկան, չորս փոքր երեխա…»,- ասում են ընտանիքի մտերիմները: Որպես բազմազավակ այրի՝ Նաիրան ստանում է 55.000 դրամ նպաստ, ստանում են նաև 40.000 դրամ աղքատության նպաստ: Երեխաների տատիկը՝ տիկին Սեդան, հավատացնում է, որ պետությունից ստացած գումարները փոստից տուն չի հասցնում, քանի որ խանութների պարտքերն ու կոմունալ վճարումներն անելուց հետո այլևս գումար չի մնում:

«Հարբած մի՛ նստեք ղեկին»

Mrgashen (7)Ընտանիքն ապրում է խիստ վթարային շենքի 5-րդ հարկում, որի տանիքից անձրևաջրերը հոսում են բնակարան՝ տունն ամբողջությամբ խոնավության մեջ պահելով:

«Շենքը վթարային է, բայց բնակիչներից ով՝ ինչպես կարողանում՝ նորոգում է: Վահանից հետո հույս էլ չունենք, որ մի օր կկարողանանք տանիքը նորոգել, որ ստիպված չլինենք ամբողջ տնով մեկ թասեր շարել թափվող անձրևաջրերի համար: Ախր Վահանից հետո էնքա՜ն կիսատ բան մնաց, մեր կյանքն էնքա՜ն կիսատ դարձավ: Ինքը նպատակ էր դրել` հողատարածք գնել, որ էստեղից դուրս գայինք: Վատ չէր վաստակում, նորմալ ապրում էինք: Իր առաջնային նպատակը երեխաներին լավ կրթության տալն էր: Աղջիկներին պարի ընդունեց, տղաներին ուզում էր շվիի խմբակ տանել: Շատ լավ, հոգատար հայր էր: Վահանից հետո մնացինք էս ճաքած պատերի գերին»,- արցունքները խեղդելով` ասում է Նաիրան, ով ամեն գիշեր ստիպված է լինում փոքրիկ Գուրգենի ոտքերի ցավը ձեռքերի մերսումներով հանգստացնել:

Ասում է՝ «Ամեն գիշեր լացում ա, թե՝ մամա, ոտքերս ցավում են: Գլաններ ունի, պիտի քաղաք գանք, որ պառկեցնենք, վիրահատեն, բայց… Ախր, երևի չեք պատկերացնի մեր վիճակը…»:

Գուրգենն ամեն գիշեր ոտքերի ցավից լաց լինելով` մեկ էլ մորն ասում է՝ «Մամա, դու հայրիկիս գործիքներն ուրիշին չտաս, կպահես, որ ես մի քիչ էլ մեծանամ` ատամնաբույժ դառնամ: Մամա՛, դու չգիտես, բայց ես հայրիկի հետ պայմանավորվել եմ, խոստացել եմ իրան»:

Տիկին Սեդան ասում է՝ այլևս գազ չեն վառում, որպեսզի գումար տնտեսեն՝ «Ծանոթները աթար են տալիս, վառում ենք, որ երեխեքը չցրտահարվեն»:

6 տարեկան զույգ տղաները պարբերաբար մորը հարցնում են, թե արդյոք հնարավորություն կունենա՞ն գոնե մյուս տարի դպրոց գնալ: Երեխաների մայրը շատ հարցերի պատասխան չունի, չունի նաև այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ այդ օրը հարբած վիճակում ղեկին նստած Արամ Մուրադյանը գերադասեց կախվելու միջոցով մեռնել: «Հարբած մի՛ նստեք ղեկին»,- աղերսանքով ասում է Նաիրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս