Փաշինյանի «Սարդարապատը». Պատերազմ «հրահրող» պարգևատրման միջոցառում, ծրագրված պարտություն, պարտություն խրախուսող գեներալական ուսադիրներ
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի օրը, պետական պարգևներ և գեներալական կոչումներ Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը պետք է հանձնեին Սարդարապատի հուշահամալիրում, սակայն, քանի որ Բագրատ Սրբազանը և նրա գլխավորած շարժման մասնակիցներն այնտեղ էին, պարգևատրման արարողությունը տեղափոխվեց Նախագահական նստավայր:
Ավելի ուշ, երբ Բագրատ Սրբազանը և նրա պայքարակիցներն արդեն Երևանում էին, Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ Սարդարապատ և իրականացնել նախատեսված միջոցառումը:
Ըստ էության, սա ոչ այլ ինչ էր, քան սեփական քաղաքական դեմքը փրկելու անհաջող փորձ:
Ինչո՞ւ անհաջող, որովհետև որքան էլ տարբեր առիթներով Փաշինյանը հայտարարել է, թե ինքը փախչող չի՝ չնայած ունեցած փախուստներին, այսօր նա հերթական անգամ փախավ և այս անգամ իրեն քաղաքական երկխոսության հրավիրողից՝ Բագրատ Սրբազանից, ժողովրդից և խոչընդոտեց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ, երբ մայիսյան այս հաղթանակում զգալի է Եկեղեցու դերը:
Նիկոլ Փաշինյանի պատերազմ բերող և պարտության տանող «սարդարապատները»
Սարդարապատում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել էր՝ «մեր Հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին և իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին…»:
Մի կողմ թողնենք, որ անուղղակի կերպով այսօրվա Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Փաշինյանը դնում է ժողովրդի վրա: Մի կողմ թողնենք, որ իրական կենացը իր ելույթներն են, որովհետև ժողովուրդը չի կարող երազել այն տեսակ խաղաղության մասին, ինչ խաղաղություն ինքն է բերել և խոստանում:
Ժողովուրդը չի կարող երազել ապրել թշնամու տեսադաշտում, ստիպված վառել կամ քանդել իր տունը և հեռանալ ծննդավայրից, կամ՝ թշնամուն թողնել իր տունը, գերեզմանները և մշակվող հողատարածքը: Ժողովուրդը չէր կարող երազել, որ մի օր իրենից պիտի գողանան իր հաղթական տոները, հազարավոր զոհեր տալ ու պարտվել պատերազմում, պատերազմից հետո շարունակել տարածքային կորուստներ ունենալ:
Ժողովուրդը չէր կարող երազել, որ իր բանակը չպետք է իր անվտանգության երաշխավորը լինի: Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում է իրական Հայաստանի մասին, բայց իր բոլոր խոստումները կտրված են իրականությունից՝ ներքին և արտաքին, քաղաքական առումով և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:
Եվ այս ամենը փաստում է մի բան՝ անկախ ամեն ինչից, Փաշինյանի՝ իրական Հայաստանը պարտվեց գոյություն ունեցող և պատմական Հայաստանին:
Իսկ առջևում դեռ կարևոր հաղթանակ կա. Նիկոլ Փաշինյանի սարդարապատները պետք է այլևս չկարողանան մեզ պարտության տանել: Այսինքն, սահմանները պիտի կարողանանք անցկացնել այնտեղով, որ ապահովենք մեր երկրի անվտանգությունը և ամրապնդենք մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Իսկ դրա համար Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր պիտի նորից հռչակվի Հայոց բանակը, իսկ դիվանագիտությունը կարողանա կանխել պատերազմները կամ միջազգային հարթությունում լեգիտիմ հիմք ապահովել Զինված ուժերի պատասխան գործողությունների համար: Այլապես շարունակելու ենք ապրել Փաշինյանի «Սարդարապատում», որը կոչված է բաժանել Հայաստանը պատմականի և իրականի, որն իրականության հետ ոչ մի աղերս չի ունենալու՝ ո՛չ անվտանգության, ո՛չ մարտահրավերների, ո՛չ էլ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Իսկ դրա համար Փաշինյանը չի խորշելու պատերազմներ հրահրելուց:
Այս մասին անգամ ինքը՝ Փաշինյանն է այսօր Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում խոստովանել:
«Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, և խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է: Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում:
Սա չափազանց հավակնոտ և պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատևությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձևեր չեն ձևավորվում:
Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցի նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորություննենրը»:
Այսինքն, Փաշինյանը 44-օրյա պատերազմի պարտությունը դիտարկում է՝ որպես իրենց երազած Հայաստանին հասնելու և համապատասխան հայեցակարգային մտածողության ներդրման հնարավորություն:
Այս համատեքստում հիշենք մի քանի փաստ.
Առաջին, 2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատում տեղի էր ունեցել հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը: Ընդ որում, Փաշինյանն ինքն էր հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված կոչումներն ու մեդալները՝ չսպասելով, որ Արմեն Սարգսյանը վերադառնա արձակուրդից:
Իսկ Արմեն Սարգսյանն օգոստոսի 27-ից մեկնել էր արձակուրդ, որի մի մասը նախատեսված էր անցկացնել Հայաստանում, մյուսն՝ արտերկրում:
2020թ․ սեպտեմբերին 21-ին Արմեն Սարգսյանն արդեն ՀՀ-ում էր, և Նիկոլ Փաշինյանը կարող էր չշտապել և ՀՀ նախագահի պարտականություններն իր վրա չվերցնել: Բայց գնաց դրան:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ հուլիսյան մարտերին առավելագույնը մասնակցել է 3 տասնյակ մարդ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն էր ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
Սարդարապատում 2020 թվականի օգոստոսի 28-ին պարգևատրման այս արարողությունն ինչ-որ առումով սադրանք էր Փաշինյանի կողմից, եթե հաշվի առնենք, որ դրանից առաջ այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր՝ «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան»:
Ավելին, 2021 թվականի ապրիլի 16-ին factor.am–ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել էր.
«Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է։– Մ.Պ.):
ԱԽ-ի՝ 21.08.2020-ի հիշատակված նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր
«Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում՝ ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ՝ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ՝ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում»:
Այս միտքը Փաշինյանը կրկնել էր նաև 44-օրյա պատերազմից հետո: Մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Փաշինյանը շեշտել էր.
«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 29-ի գրառման մեջ Փաշինյանը, թերևս, ակամա խոստովանել էր, որ 2020-ի ամռանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու:
«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում, գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում»,- գրել էր Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, որին մասնակցեցին երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:
Ավելի ուշ պարզվեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարացվել են:
Իսկ արդեն 44-օրյա պատերազմի ավարտին կամ դրանից հետո՝ բանավոր պայմանավորվածությունների մակարդակով, իսկ արդեն այս տարի՝ գործնականում մսխվեց հուլիսյան մարտերի հաղթանակը և դեռ մսխվելու է, որի համար Սարդարապատում Փաշինյանը պարգևատրում էր կազմակերպել:
Երկրորդ, Սարդարապատի մասին Նիկոլ Փաշինյանը հիշել էր նաև պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 3-ին:
«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»,– շեշտել էր Փաշինյանը: Եվ սա այն դեպքում, երբ պատերազմի առաջին օրը հայտարարել էր, և, ըստ էության զգուշացրել՝ «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի», իսկ վերը նշված ուղերձից օրեր հետո էլ՝ հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահին խնդրել էր, ասել՝ «ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի»: Մինչդեռ պատերազմի 4-րդ օրն անտեսել էր պատերազմը կանգնեցնելու և դրա մասին մտածելու ԳՇ պետի առաջարկը:
Այս ամենը թույլ է տալիս պնդելու՝ Նիկոլ Փաշինյանի «սարդարապատների» բովանդակությունը շինծու է, կեղծ, հիմնված՝ ստի և խաբեության վրա, սադրիչ, որտեղ գործարքի տարրեր կան, ուստիև պարտության են տանում: Փաշինյանի «սարդարապատում«» հնարավոր չէ անգամ ճակատամարտ հաղթել: Այստեղ զինվորականությանը տրված կոչումները, եթե ոչ՝ անարժան, եթե ոչ՝ ինչ-որ բանի դիմաց, ապա՝ առնվազն պարտություն խրախուսող են: Այստեղ էլ դիմենք փաստերին:
Մասնավորապես՝
ՀՀ նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին՝ Տավուշում սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացի ֆոնին, անկրակոց Ադրբեջանին վերադարձվեցին «Ղազախի գյուղերը» և ՀՀ վերահսկողության տակ եղած տարածքներում բարձրացվեց ադրբեջանական դրոշը:
Եվ հենց սրանով էր պայմանավորված հանրության բուռն և կոշտ արձագանքը տվյալ դեպքում 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին գեներալական կոչում շնորհելուն և նրա կողմից էլ դա ընդունելուն:
Իսկ Ցականյանից առաջ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատուրովն էր, ով 2016 թվականի հուլիսի 7-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով էր նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, որը հետո Նիկոլ Փաշինյանը չերկարացրեց:
Գեներալ-մայորի կոչում Գրիգորի Խաչատուրովը ստացել էր 2019 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ 3-րդ բանակային կորպուսը լրջագույն դիրքային բարելավումներ ուներ, որոնք հետո ևս շարունակվեցին ինչն արձանագրել էր Փաշինյանի թիմը և իշխանական մամուլը:
Գրիգորի Խաչատուրովից առաջ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը Օնիկ Գասպարյանն էր, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2012 թվականի ապրիլի 11-ին և պաշտոնավարել մինչև 2016 թվականի հուլիսի 7-ը:
Իսկ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին հայկական զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայորի կոչում շնորհել էր 2015 թվականի հունվարին:
Նախագահական նստավայրում իր խոսքում Օնիկ Գասպարյանը նշել էր, որ գեներալ-մայորի կոչումը, ուսադիրները մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է՝ բանակի, իր կորպուսի առջև դրված խնդիրներն ավելի արդյունավետ կատարելու համար:
«Մարտական առաջադրանքների կատարման ընթացքում, ցավոք, մենք ունեցանք կորուստներ, մեր զինակից ընկերները հայրենիքի առջև իրենց պարտքը կատարեցին մինչև վերջ: Հավերժ փառք մեր զոհված ընկերներին: Պարո՛ն Նախագահ, վստահեցնում եմ Ձեզ և ողջ ժողովրդին, որ մեր բանակի սպաներն ու զինվորները պատրաստ ենք պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր, անառիկ պահել հայրենիքի սահմանները և ապահովել ժողովրդի խաղաղությունը»,- ասել էր գեներալի կոչմանն արժանացած Օնիկ Գասպարյանը:
Նշենք, որ 2014 թվականին, մասնավորապես, Տավուշի հատվածում Ադրբեջանը սրել էր լարվածությունը, ստեղծել մինիպատերազմական իրավիճակ, իսկ հայկական կողմը թշնամու գործողություններին համարժեք պատասխան էր տվել:
Փաշինյանի պարգևտրման տրամաբանության մասին արդեն վերևում նշեցինք, դրան հարկ ենք համարում հավելել, որ այսօր հայտնի դարձավ, որ գեներալ-մայորի կոչում է ստացել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային խմբում ընդգրկված Սերգեյ Պետրոսյանը, որի զբաղեցրած պաշտոնը, բնավ, գեներալական չէ…