Ակնհայտ է, որ իշխանությունն օր օրի կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ. Արման Աբովյան

Սարդարապատից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա մեծաթիվ աջակիցների հեռանալուց հետո, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը որոշել էր, ամեն դեպքում, բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր:

Սակայն, հավանաբար, անձնական վրեժխնդրության դրսևորմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ սև բերետավոր ոստիկանները խոչընդոտել են Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և սրբազան հայրերի մուտքը հուշահամալիր: Շատերը սա գնահատեցին համազգային խայտառակություն և ամոթ: Վեհափառ Հայրապետը, այնուամենայնիվ, բարձրացավ Սարդարապատ՝ քաղաքական իշխանությանը հասկացնելով՝ ինքը չէ որոշողը՝ Կաթողիկոսը բարձրանա՞, թե՞ ոչ, Սարդարապատ:

«Ոստիկանության անշնորհք փորձը՝ թույլ չտալ Հայոց կաթողիկոսին մտնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք, թուրքամետ, հակահայ խմբակի միանգամայն սպասելի պահվածքն է, որն իրեն դրել է չգիտես ում կամ ինչի տեղ»,168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

Ըստ նրա՝ այն, որ իշխանությունն ըստ էության օր օրի կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ, արդեն ակնհայտ փաստ է, ինչպես նաև ակնհայտ փաստ է, որ թավշյա իշխանությունը հանձնվելու մտադրություն չունի և ինքն իր համար պայքարելու է մինչև վերջ:

Կարդացեք նաև

«Իրավիճակի աբսուրդն այն է, որ փաշինյանական իշխանությունը որոշել է ստեղծել մի իրավիճակ, երբ «Հայաստանի հպարտ քաղաքացիները» որոշեն իրենց հակադրել հայ ժողովրդին, Հայոց եկեղեցուն, հայոց պատմությանը և ազգային առաջնահերթություններին։ Բայց այս կոնֆիգուրացիայում թավշյա իշխանությունը դատապարտված է տոտալ ձախողման, որովհետև երևի մոռացել է, որ նույն «հպարտ քաղաքացիները» մեծամասամբ հայ քրիստոնյա են, և, ըստ էության, իշխանությունը որոշել է հայերին հակադրել ինքն իրենց հետ։ Սա արդեն քաղաքական գործընթաց չէ, սա իշխանամետ գաղափարախոսության հոգեվարք է, և այդ իսկ պատճառով՝ երաշխավորված տխուր ելքով»,-ասաց Արման Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս