Ինչո՞ւ են Ուկրաինայից որոշել խորհուրդներ տալ Փաշինյանին

Ադրբեջանի կողմից ագրեսիան, առհասարակ՝ Արցախի և Հայաստանի ուղղությամբ կատարված բոլոր գործողությունները մշտապես ողջունող Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ։ Նա շնորհավորական խոսքերով է հանդես եկել Analitika․UA-ին տված հարցազրույցում։

Պոդոլյակը հաջողություն է մաղթել Հայաստանին և մաղթել «միշտ ընտրել ճիշտ դաշնակիցների»։ «Կարծում եմ, որ այն, ինչ անում է Հայաստանն այսօր, ամեն դեպքում հաջողության կբերի»,- ասել է նա՝ ըստ էության հայտնելով Կիևի աջակցությունը Փաշինյանի իշխանությանն ու ընտրված արտաքին քաղաքական կուրսին։

Ուկրաինացի քաղաքական գործիչը խոստովանել է նաև իր համակրանքը Հայաստանի «շատ հզոր ներքին կորիզին», ՀՀ քաղաքացիները, ըստ նրա, հասկանում են ինքնության և ազատության արժեքը:

«Սա միայն հարգանք, համակրանք և միշտ օգնելու, աջակցելու ցանկություն է առաջացնում՝ ոչ միայն խոսքով, այլև գործով»,- հավելել է նա։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ փետրվարինՆիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարվում է Երևանը համարել Մոսկվայի դաշնակից Ուկրաինայի հարցում՝ Կիևին կոչ անելով դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական և անվտանգության հարաբերությունները։

Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Ուկրաինան այն երկիրն է, որը կարող է նման խորհուրդներ շռայլել Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքականություն և հարևանություն ունեցող երկրի, Ուկրաինան իսկապե՞ս «ճիշտ դաշնակիցներ» է ընտրել, որն ապացուցվել է պատմությամբ։

Ըստ էության, կարելի է հստակեցնել, որ խորհուրդն ուղղված է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որն էլ հրաժարվում է իր ավանդական դաշնակիցներից՝ փորձելով դաշնակիցներ գտնել այլ ռեգիոններում։ Պոդոլյակի խորհրդին զուգահեռ՝ եվրոպական մամուլում կարդում ենք մեկ այլ ուշագրավ մեկնաբանություն։ Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն է պետք «հիմա»՝ ինքնապաշտպանության համար, այլ ոչ թե՝ հաջորդ տարի։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու օրերին «սարսափելի» իրադարձություններ են տեղի ունեցել Գազայի հատվածում և Ուկրաինայում։ Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ արտգործնախարար Կուլեբան կրկին խոսել է Ուկրաինային Patriot համակարգեր մատակարարելու անհրաժեշտության մասին՝ ռուսական օդային հարձակումներն ու հրթիռային հարձակումները կանխելու համար։

Բորելն ընդգծել է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում աճող ակտիվությամբ քննարկվում է սահմանափակումների վերացման և Կիևին ռուսական զորքերի դեմ արևմտյան զենքի ավելի լայն կիրառման իրավունք տալու թեման։

Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաք և հանդես եկել լրացուցիչ օգնության նոր խնդրանքով: ԻսկԶելենսկիի այցը Խարկով հաջորդել էր քաղաքի Epicentr առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռային հարձակմանը, որի հետևանքով կային զոհեր և բազմաթիվ վիրավորներ։ Խարկովում գտնվելու ժամանակ Ուկրաինայի առաջնորդը նաև հորդորել է ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենին և Սի Ծինփինին՝ մասնակցել հունիսի 15-ին Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին և կանգնեցնել նման պատերազմը համատեղ ջանքերով։

Մինչ այդ Կիևն ամիսներ շարունակ սպասում էր ԱՄՆ օգնության նոր խմբաքանակին, Ուկրաինայի նախագահն ամիսներ շարունակ հարցազրույցներ էր տալիս և Արևմուտքից օգնություն խնդրում, զգուշացնում օգնության հաստատման ձգձգման կործանարար հետևանքների մասին և մինչև անգամ մեղադրում Արևմուտքին։

Եվ, ի վերջո, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն ամիսներ տևած քննարկումներից հետո, միայն ապրիլի 20-ին հավանություն տվեց Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթին, որն արդեն սկսել է ժամանել Ուկրաինա։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, բացի ֆինանսական, տեխնիկական, տնտեսական աջակցությունից, մարդկայինաջակցության մասին, ապա Արևմուտքը, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի պաշտոնյաները դա կտրականապես հերքում են և նշում, որ ամեն կերպ կաջակցեն, սակայն որևէ զինվոր Ուկրաինա չեն ուղարկի։ Այս մասով, ինչպես հայտնի է, տևական ժամանակ շարունակվեցին Ֆրանսիա-Հավաքական Արևմուտք տարաձայնություններ, քանի որ նախագահ Մակրոնը չէր բացառել Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը։ Ուկրաինական ռազմական զարգացումներին հետևող վերլուծաբանները կփաստեն, որ որդեգրելով եվրոատլանտյան ինտեգրացիա և մինչ օրս չստանալովարևմտյան որևէ կառույցին միանալու համար հստակ ժամանակացույց, իր այդ ընտրության պատճառով Ռուսաստանի հետ պատերազմում գտնվող Ուկրաինան վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ բախվում է արևմտյան սպառազինության մատակարարման խնդիրների, ձգձգումների։ Եվ, փաստորեն, մի երկրի ներկայացուցիչները, որոնք սեփական երկիրը՝ Ուկրաինան, վերածել են Ռուսաստան-Արևմուտք ռազմական հակամարտության գոտու, չգիտեն էլ, թե ինչ արդյունքով է Ուկրաինան դուրս գալու պատերազմից, խորհուրդներ են տալիս Նիկոլ Փաշինյանին։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչ Պոդոլյակի խորհրդին՝ ուղղված ՀՀ իշխանություններին, ասաց, որ նույնիսկ Կիևին հայտնի չէ՝ արդյոք իր արտաքին քաղաքական ընտրությունը ճի՞շտ է, թե՞ ոչ։

«Ի՞նչն է ճիշտ, եթե Ուկրաինայի տարածքն է ներկայումս ռազմական գործողությունների թատերաբեմ դարձել, երբ Ուկրաինայի տարածքն անընդհատ հրթիռակոծվում է, վնասվում է, մարդիկ՝ զոհվում… Իհարկե, կասեք, որ այս ամենը սկսել է Ռուսաստանը, բայց դրա համար եղել են լուրջ պատճառներ, սակայն ակնհայտ է, չէ՞, որ նրանք պարտվում են մարտի դաշտում, որ սպառազինությունը չի բավականացնում։ Եթե դաշնակիցները լավն են, ապա ինչո՞ւ է այդպես։ Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ Ուկրաինայի ղեկավարները գրեթե մեկ տարի սպառազինություն են խնդրում ԱՄՆ-ից և այլ երկրներից, ապա ստանալով այն՝ կրկին նորն են սկսում խնդրել, ու այսպես անվերջ։ Ուկրաինային տրվում է այնքան սպառազինություն, որպեսզի պատերազմը շարունակվի, Ուկրաինային օգնություն չի տրվում հաղթելու համար, թեև հաղթանակ նաև հնարավոր էլ չէ։ Այդ պատերազմում հաջողության պատմություն ունենալու դեպքում կարելի է խորհուրդներ տալ, սակայն, եթե այն չկա, ապա դա միայն վնասելու է։ Ուկրաինական օրինակն ընդհանրապես շատ մտորելու թեմաներ է տալիս, միջազգային հարաբերությունների այս բարդ շրջափուլում Արևմուտքն օգտագործում է Ուկրաինային ՌԴ-ի դեմ, սա է ամենապարզ ձևակերպումը տեղի ունեցողի»,-նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբանը՝ անտեղի համարելով ընդհանրապես Ուկրաինայի կողմից որևէ երկրի ուղղված խորհուրդները։ Ըստ նրա, Ուկրաինան սրանով ժեստէ անում՝ իբրև թե հաշվի առնելով այն, որ Փաշինյանն էլ իր հերթին՝ նշել էր, թե չի աջակցում Ուկրաինայի հարցում Ռուսաստանին։

Սակայն Տարասովի խոսքով, պատահական չէ, որ Ուկրաինայից շնորհավորում են Փաշինյանի իշխանությանը, որն ինչ-որ առումով անում է Ռուսաստանի հանդեպ նույն բանը, ինչ Ուկրաինան։

«Ամեն բան հասավ նրան, որ ՌԴ-ն դիմեց դեսպանի ետկանչի և խորհրդակցությունների, հետագան նույնիսկ պարզ էլ չէ։ Իհարկե, սա Արևմուտքի, ինչպես նաև Ուկրաինայի շահերից բխող բան է, Հայաստանի իշխանությունների կողմից տևական այդ քաղաքականությունը հանգեցրեց հայ-ռուսական հարաբերություններում ներկայիս ճգնաժամին։ Սա այդ նույն քաղաքական գծի, նույն շահառուների քաղաքականության հետևանքն է, սակայն տուժողը դառնում են հենց այն երկրները, որոնք այլ կենտրոնների շահերն են առաջ մղում, այլ ոչ թե սեփական շահերը։ Հայաստանը ևս քիչ-քիչ բախվում է խնդիրների, որոնք կան Արևմուտքում, Արևմուտքը որևէ իրատեսական երաշխիք պատրաստ չէ տալ Հայաստանին»,-նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս