ՌԴ-ում հետևում են ՀՀ ներքաղաքական զարգացումներին, սակայն զգուշավորություն են պահպանում
Մինչ Հայաստանում նոր թափ է առել հակաիշխանական շարժումը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ և այդ ֆոնինմեկնաբանություններն այն մասին, թե ՌԴ շահերից է բխում ներկայիս իշխանության պահպանումը, Ռուսաստանի Դաշնությունում ուշադիր հետևում են հայաստանյան փողոցային պայքարի զարգացումներին։
«Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով, Ռուսաստանի Դաշնությունը «կաշխատի հանրապետության ցանկացած իշխանության հետ, գլխավորն այն է, որ մարդկային կորուստներ չլինեն»,-այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Հերթական բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր մարզերում: Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պայմանավորված Բաքվի և Երևանի միջև Տավուշի մարզի սահմանին իրականացվող սահմանազատման գործընթացով»,- գրել է Ջաբարովը։
Նրա խոսքով, Ռուսաստանում «ուշադիր հետևում են իրավիճակին, քանի որ Հայաստանը գործընկեր է ՀԱՊԿ-ում, թեև վերջին շրջանում հայաստանյան իշխանություններն ավելի ու ավելի են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին». «Բացի այդ, այն Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, նա բավականին ամուր դիրքեր ունի»։
«Մենք շահագրգռված ենք, որ հանրապետությունում լինի կայունություն: Ռուսաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի ցանկացած իշխանության հետ, գլխավորն այն է, որ այնտեղ մարդկային կորուստներ չլինեն,-գրել է Ջաբարովը,- Ռուսաստանը միշտ ասում է՝ «մենք Հայաստանի բնական դաշնակիցներն ենք և հույս ունենք, որ այդպես էլ կմնանք ապագայում»։
«Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերը Ռուսաստանից ավելի հավատարիմ դաշնակից չունեն»,- հավելել է նա։
Օրերս «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման իրականացրած ակցիաներին, ինչպես նաև ոստիկանության բիրտ ուժի կիրառմանն էր անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ասել էր, որ ՌԴ-ն մշտապես նշում է, որ այս կամ այն երկրում ներքաղաքական զարգացումներն ինքնիշխան երկրների ներքին գործն է։ Բայց, նրա խոսքով, այս պարագայում իսկապես արևմտյան արձագանքը զարմացնում է իր ստաբիլությամբ, քանի որ հերթական երկակի ստանդարտներն են կիրառվում, և Հայաստանում ու Վրաստանում տեղի ունեցող ներքին զարգացումների օրինակը լավագույնս ցույց է տալիս այդ ամենը։
«Տեսեք՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները գրեթե ամեն օր «հարձակվում են» Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրև թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Դա անում են տարբեր եղանակներով, նշում են, թե Վրաստանի իշխանությունները դեմ են գնում ԱՄՆ արժեքներին, որ այս ամենը չի օգնի նրանց միանալ ԵՄ-ին, այսինքն՝ ամեն կերպ վախեցնում են, կրկնեմ՝ նշելով «ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը»։ Ի՞նչ ենք տեսնում Հայաստանի համատեքստում՝ Արևմուտքի գերեզմանային լռությունը Հայաստանում մասսայական ձերբակալումների ֆոնին։ Այնտեղ, այդ թվում՝ կոշտ ուժ է կիրառվում։ Կարծես անջատել են Արևմուտքին այս օրակարգից, միացրել են միայն «մեկ նոտա», իսկ մնացածը կարծես տեղի չի էլ ունենում։ Բոլորը կարծես մեկ հրամանով՝ ամերիկյան, եվրոպական ԶԼՄ-ները, ամեն կերպ շրջանառում են Վրաստանում տեղի ունեցող ցույցերը, նրանք այնպիսի մակարդակի ռեպորտաժներ են պատրաստում, որ ցույցերի մասնակիցներին ներկայացնում են որպեսհերոսներ։ Արևմտյան մեկնաբանություններում և ռեպորտաժներում ներկայացվում է, որ ցուցարարները գործում են օրենքի շրջանակում, նրանց հակաօրինական բոլոր տեսակի քայլերը «մաքրում են», արդարացնում ամեն բան։ Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց ակցիաներին, արևմտյան մեյնսթրիմն այն կարծես «հանգցնում է», ցույց է տալիս, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում, կամ այդ իրադարձությունները ներկայացնում են՝ որպես հայ ժողովրդի կամքը չներկայացնող, ինչպես նաև՝ դրսից ուղղորդվող։ Զարմանալի է, չէ՞, ինչպե՞ս է նման բան հնարավոր»,- նման ուշագրավ համեմատական էր անցկացրել ռուս դիվանագետը՝ ըստ էության անուղղակիորեն համակրանք հայտնելով շարժմանը։
Սակայն ակնհայտ է նաև, որ ռուս պաշտոնյաները, հաշվի առնելով ՌԴ-ՀՀ հարաբերությունների ներկայիս բնույթը և գեներացված հակառուսական որոշակի տրամադրությունները, զգուշավորություն են պահպանում, զերծ են մնում իրավիճակի հաճախակի մեկնաբանումից։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՌԴ իշխանությունները ուշի ուշով հետևում են ՀՀ հանրահավաքներին և ակցիաներին, առանձնահատուկ ուշադրություն են դարձնում շարժման մարդաշատությանը՝ դա,կարծես,համարելով որոշիչ հանգամանք։
Մեր զրուցակցի խոսքով, հազվադեպ այս մեկնաբանություններով ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ պատրաստ կլինի աշխատել ՀՀ հնարավոր նոր իշխանությունների հետ, քանի որ արդեն վաղուց նկատվում է նաև Փաշինյանի իշխանության դիրքերի ակնհայտ թուլացումը։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, ՌԴ-ն, ունենալով ՀՀ ներքաղաքական համակրանքներ, չի ցանկանում ասոցացվել ոչ իշխանության, ոչ ներկայիս շարժման հետ, որով փորձում է «հեռավորություն» պահպանել գործընթացներից, ինչպես նաև չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ դրանով իսկ խուսափելով մեղադրանքների հերթական չափաբաժնից։