Ոստիկանապետ, ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի ու նրա որդիների հայտարարագրերից տպավորիչ դրվագներ
168.am-ը շարունակում է ուսումնասիրել 2024 թվականին հայտարարագրեր ներկայացրած պաշտոնյաների գույքը, եկամուտներն ու ծախսերը: Այս դիպաշարի հերթական ներկայացուցիչն՝ ընդդեմ իշխանության կազմակերպվող անհնազանդության ակցիաների՝ այս օրերին բավականին աչքի ընկած ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է:
Երեկ, օրինակ, ուժային կառույցի ղեկավարն այնքան հեռու էր գնացել, որ «լակոտ» էր անվանել փողոցը փակողներին:
«Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացու չեն տարել անտեղից, տեսախցիկները փակում են, հետո վազում, կանգնում են լակոտի պես այնտեղ, բա ի՞նչ պիտի անեն։Չի կարելի, ժողովուրդ, իսկ որ մնացածի իրավունքները սահմանափակում են, չեն թողնում, մարդ կա՝ գործի է գնում, հիվանդանոց»,- ասել էր գերմտահոգված ոստիկանապետը՝ հավանաբար մոռանալով, որ 2018 թվականի թավշյա իրադարձությունների ժամանակ էլ մարդիկ գործի կամ հիվանդանոցէին գնում, այն ժամանակ էլ սահմանափակվում էին մնացածի իրավունքները:
Իսկ հիմա, հատկապես վերջին օրերին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի սիրելի հերոս դարձած Արամ Հովհաննիսյանի հայտարարագրի մասին.
2023 թվականի սկզբում ոստիկանապետի պաշտոնը ստանձնած Արամ Հովհաննիսյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ Արարատի մարզում.
-Բազմամյա տնկի Արտաշատում, որն իբրև ժառանգություն է ստացել 2016 թվականին և տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով,
-Հողամասի վրա կառուցված 2 այգետնակ Լանջազատում, որոնք գնել է 2011 թվականին և տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով,
-Մեկ այլ այգետնակ՝ դարձյալ Լանջազատում, որը ստացել է իբրև նվիրատվություն 2015 թվականին,
-2004 թվականից միանձնյա սեփականության իրավունքով նա ձեռք է բերել նաև հասարակական նշանակության շինություն, որի ձեռքբերման եղանակը հայտնի չէ,
-2011 թվականից նա նաև որպես ժառանգություն է ստացել հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով:
Տվյալ տարում նա հողին ամրակայված այլ անշարժ գույք է օտարել որդու՝ Հրաչյա Հովհաննիսյանի անունով. օտարման եղանակը՝ նվիրատվություն:
Տարեվերջին ոստիկանապետի անշարժ գույքի ցանկն ունեցել է այս տեսքը՝ Արտաշատում գտնվող բազմամյա տնկի, հասարակական շինություն և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով:
Բանկային հաշվի մնացորդները տարեսկզբին կազմել են 595 000 դրամ, տարեվերջին՝ 17 միլիոն 575 046 դրամ: 2023 թ.-ի սկզբի՝ 20 միլիոն դրամ կանխիկ գումարը տարեվերջին ավելացել է 5 միլիոն դրամով:
Հաշվետուտարվա եկամուտներ տողից էլ տեղեկանում ենք, որ ոստիկանապետն Արդշին բանկից ստացել է 4 միլիոն 603 269 դրամ՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, կամ՝այլ հատուցում:
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել են հետևյալ տեսքը՝
2 փոխառություն, որոնցից մեկի մնացորդի չափը կազմել է 3 միլիոն դրամ (15 տոկոս տոկոսադրույք)`վարկի նպատակը հայտնի չէ, իսկ մյուսը՝ հիփոթեքով բազմաբնակարան շենքում բնակարան՝ վարկի մայր գումարի մնացորդի չափը՝ 42,552,000 դրամ:
Արամ Հովհաննիսյանի հայտարարագրից տեղեկանում ենք նրան փոխկապակցված անձանց մասին ևս՝ մասնավորապես, երեք տղաների, որոնցից մեկը՝ Հրաչյա Հովհաննիսյանը, Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում համայնքապետի խորհրդականի պաշտոնն է ստանձնել, մյուսը՝ Կառլեն Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության ՃՈ Արտաշատի ՀՔԲ-ի հաշվառման քննական բաժնի ավագ տեսուչ է:
Ի դեպ, նրանց ներկայացրած հայտարարագրերը ևս շատ տպավորիչ են:
Օրինակ, Հրաչյա Հովհաննիսյանը, որի մասին մամուլն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արարատի մարզի Արտաշատ համայնքում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 11 համարն է և անհատ ձեռներեց, 2023 թվականի տարեսկզբին հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով Շենգավիթ համայնքում իրեն պատկանող 3 անշարժ գույք՝ Հասարակական նշանակության շինությունը և 1 հողամաս, ևս մեկ հողամաս՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում: Տարվա ընթացքում՝ 2022 թ.-ին, նա դարձյալ Շենգավիթում գնել է ևս մեկ հասարակական նշանակության շենք:
2024 թվականին Հրաչյա Հովհաննիսանը դեռ չի ներկայացրել հայտարարագիր:
Արամ Հովհաննիսյանի ոստիկան որդին՝ Կառլեն Հովհաննիսյանը, 2018 թվականի նոյեմբերին դարձյալ Մեղրաձորում գնել է հողամաս, որը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով:
Հիշեցնենք՝ Արամ Հովհաննիսյանը 2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետն էր, ապա մինչև 2020 թվականը՝ Արմավիրի: 2020-2023 թթ.՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալն էր, 2023 թ. հունվարի 9-ի՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով նա նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: