Սարսափելի վիճակ է՝ տները լցված են տիղմով, այս պահին Քարկոփ վերադառնալ հնարավոր չէ. Քարկոփի վարչական ղեկավար

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել էին Դեբեդ, Աղստևգետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել էր աղետալի իրավիճակ։ Ժամեր անց ՆԳՆ-հայտնեց, որ աղետի հետևանքով կա 4 զոհ։ Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել էր, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել էին մի շարք տներ, Ալավերդի քաղաքում կային ջրալցված տներ և անասնագոմեր:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ, դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ բավականին խոշոր են:

Ամենաշատ տուժած գյուղերից մեկը Քարկոփն է, որտեղ անվնաս որևէ տուն չի մնացել։
168.am-ի հետ զրույցում Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանն ասաց՝ գյուղն ամբողջությամբ աղետի մեջ է, բնակիչները տարհանված են, տեղափոխվել են Ճոճկան, Մեծ Այրում գյուղեր՝ կրկին Քարկոփ վերադառնալու հույսով։

«Գյուղ այս պահին վերադառնալ հնարավոր չէ։ Գյուղը մեքենայի ճանապարհ առհասարակ չունի՝ փլվել է, մնացել է ոտքի ճանապարհը։ Բնակիչների մի մասն ուղղակի վերադարձել է, որ տների վիճակը տեսնի։ Գյուղում ապրել այս պահին հնարավոր չէ, որովհետև ջուրը լցվել է տների մեջ, հիմա էլ ջուրը հետ է գնացել, տներն ամբողջովին լցված են տիղմով։ Մարդիկ փորձում են դեռ տիղմը մաքրել»,-նշեց Հերմինե Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Քարկոփի ղեկավարի փոխանցմամբ՝ ամբողջովին ջրի մեջ հայտնված գյուղում հիմա փորձում են գույքագրել վնասները։

«Գյուղը շատ փոքր է, բայց կրած վնասները մեծ են։ Չկա այնպիսի տուն, որի առաջին հարկը, նկուղները ջրով լցված չլինի։ Չկա ջրահեռացման համակարգ, ամեն ինչ տիղմով ծածկված է։ Գյուղում գազ, ջուր, լույս չկա։ Կրկնում եմ՝ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ, եթե բնակիչները գյուղ վերադառնան՝ տարրական պայմաններ չկան բնակվելու համար։ Զրոյից ամեն ինչ նորից պիտի սկսենք։

Շատ սարսափելի վիճակ է, կամուրջը փլուզված է, մարդիկ հազիվ ոտքով ճանապարհ կտրելով՝ կարողանում են հասնել այստեղ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս