Բաժիններ՝

ՏՏ համայնքը դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին. նրանք դիմելու են ՀՀ վարչապետին

2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի կենսաթոշակային նոր համակարգը: Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ այս նոր համակարգի գործարկումից հետո կարող են առհասարակ փակվել: Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է նպաստել ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթին: ՏՏ ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ այս առնչությամբ Facebook սոցիալական ցանցում խումբ են ստեղծել` ստորագրահավաք են կազմակերպում և բաց-նամակ հայտարարությամբ դիմելու են վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Lusine (6) Lusine (4)

Բաց-նամակի տակ արդեն ստորագրել են ՏՏ ոլորտի 35 ընկերությունների գրեթե բոլոր աշխատակիցները, իսկ նամակը վարչապետին կուղարկվի արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, քանի որ ստորագրողների թիվն օր օրի ավելանում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Mentor Graphics  ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը`նշելով, որ վերոնշյալ նամակը կհրապարակվի, և պատճենները կուղարկվեն Ազգային ժողով, նախարարություններ, դեսպանատներ, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ կազմակերպությունների արտասահմանյան գլխամասեր:

Լ. Հարությունյանի խոսքով` 2 շաբաթվա ընթացքում 35 ընկերությունների գրեթե բոլոր աշխատակիցների ստորագրությունները խոսում են այն մասին, որ սա լուրջ մտահոգիչ հարց է:

«Իրականում սա մեծ խնդիր է լինելու, իսկ շատ-շատերն ուղղակի կթողնեն ու կգնան Հայաստանից, որովհետև դրսում հաստատ գործ կգտնեն: Ընդհանրապես այս ոլորտի աշխատակիցների հարկերը շատ մեծ գումարներ են կազմում, իսկ եթե այդ մարդիկ գնան, մեր երկիրը խոշոր գումարներ կկորցնի,- ասաց Լ.Հարությունյանը`  ավելացնելով,- Հայաստանում այս ոլորտում, օրինակ, մարդ կա՝ 1000 դոլարի չափ հարկ է մուծում, իսկ այդ գումարը քանի՞ մարդու թոշակ կարող է լինել, իսկ եթե նա թողնի ու գնա՞…»:

«Ես հույս ունեմ, որ, եթե կառավարությունը փոքր-ինչ խորը մտածի, կգիտակցեն, որ այս ոլորտը կորցնելով՝ մեծ գումարներ կկորցնի երկիրը, դրա համար պարզապես պետք է նայել, թե բյուջեում այս ոլորտի աշխատակիցների հարկերը քանի՞ տոկոսն են կազմում»,- ասաց Լ. Հարությունյանը` նկատելով նաև, որ այս նոր համակարգի հետ կապված բազմաթիվ հարցեր այդպես էլ բաց են մնում:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն այս առնչությամբ կներկայացնենք «168 Ժամ» թերթի առաջիկա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս