Բաժիններ՝

Որքանով են ավելացել կամ պակասել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցները՝ մեկ տարվա կտրվածքով (աղյուսակներ)

Մեկ անգամ այս թեմայով գրելիս` արդեն նշել ենք, որ, չնայած ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ, սակայն, քանի որ ՀՀ պաշտոնյաներն «ուրիշ» չեն, և ըստ օրենքի՝ պարտավոր են պարտադիր կերպով հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները, որոշեցինք կրկին աչքի անցկացնել նրանց խնայողությունների (դրամական միջոցների) կառուցվածքն ու փոփոխությունները 2012 թվականի ընթացքում։

Այսինքն՝ փորձել ենք հաշվել թե որքանո՞վ են ավելացել կամ պակասել ՀՀ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների դրամական միջոցները մեկ տարվա կտրվածքով՝ հիմնվելով պաշտոնական հայտարարագրերի վրա։

Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ սա թույլ է տալիս հասկանալ՝ ո՞ր պետական պաշտոնյաների համար է տարին առավել «հաջող եղել»։ Եվ երկրորդ՝ փոփոխությունները ո՞ր արտարժույթով են եղել։ Այսինքն՝ մեր պաշտոնյաների դրամական միջոցները ո՞ր արժույթով են ավելացել կամ պակասել։

Ընդգծենք, որ վերցրել ենք այն պաշտոնյաների տվյալները, որոնց 2012 թվականի հաշվետվությունը ներկայացված է ethics.am կայքում։ Այդ պաշտոնյաները թվով 23-ն են՝ ՀՀ նախագահից սկսած։

Մինչ առաջ անցնելը՝ նաև նշենք, որ այս աղյուսակում մենք ընդհանրացրել ենք դրամով, դոլարով և եվրոյով պահվող դրամական միջոցները՝ վերածելով այն դրամի (որպեսզի հնարավոր լինի համեմատականներ անցկացնել)։ Ընդ որում, 2012 թվականի սկզբին հաշվել ենք այդ ժամանակվա փոխարժեքով, 2012-ի վերջին՝ արդեն փոխված փոխարժեքով։

Նախ՝ մի քանի ընդհանուր դիտարկումներ։

ՀՀ նշված 23 պաշտոնյաները միասին 2012 թվականի վերջին իրենց հաշիվներին ունեցել են ընդհանուր առմամբ 1 միլիարդ 389.4 միլիոն դրամի դրամական միջոցներ (դրամ, դոլար և եվրո)։ Այսինքն՝ միջին հաշվով՝ յուրաքանչյուրին բաժին է ընկնում ավելի քան 60 միլիոն դրամ։

money-total

Նշված գումարից ազգային արժույթով խնայողություն է 619 միլիոն դրամը (44.6%)։ Տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է 18.6 միլիոնով՝ 3.1%-ով։ Դոլարով պահվող դրամական միջոցներն աճել են 25 հազար դոլարով՝ կազմելով ավելի քան 1.5 միլիոն դոլար։ Իսկ եվրոյի տեսակարար կշիռը մեր պաշտոնյաների խնայողություններում 9.6% է (255 հազար դոլար)։

Ինչպես նշեցինք, այս հրապարակման նպատակներից մեկը տեսնելն էր, թե առանձին պաշտոնյաների մոտ դրամական միջոցներն ինչ  փոփոխություններ են կրել։

Եվ այսպես՝ տարվա «հաջողակն» աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է։ Նրա խնայողությունները 2012 թվականի ընթացքում աճել են 27 միլիոն դրամով կամ 10 անգամ։ 2012 թվականի սկզբին նա ուներ 3 միլիոն դրամ, իսկ տարվա վերջին՝ 30 միլիոն։ Նշենք, որ նախարարն իր խնայողությունները պահում է միայն ազգային արժույթով։

Դրամական միջոցների աճով երկրորդ տեղում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է։ Բոլոր արժույթներով արտահայտված՝ նրա խնայողությունները 2012-ի ընթացքում աճել են ավելի քան 21 միլիոն դրամով և կազմել 389.2 միլիոն դրամ։

Սակայն, ի տարբերություն Արտեմ Ասատրյանի՝ ԿԲ նախագահը սկսել է հրաժարվել դրամից՝ ավելացնելով եվրոյով և դոլարով խնայողությունները։ Այսպես, դրամով արտահայտված խնայողությունները 125 միլիոնից իջել են 105 միլիոնի։ Փոխարենը՝ 410 հազար դոլարը դարձել է 435 հազար դոլար, իսկ 165 հազար եվրոն աճել է 40 հազարով և դարձել 205 հազար եվրո։

Եվս երկու կետ։ Նշված 23 պաշտոնյաներից միայն Արթուր Ջավադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն են հայտարարագրել եվրոյով խնայողություններ (Տ. Մարգարյանի դեպքում դրանք չեն փոխվել՝ 50 000 եվրո)։

Եվ վերջապես՝ դիտարկված 23 պաշտոնյաների թվում Արթուր Ջավադյանի դրամական միջոցներն ամենից շատ են՝ 389.2 միլիոն դրամ։

Արթուր Ջավադյանին խնայողությունների ծավալով հաջորդում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր 385.6 միլիոն դրամով (դրամ և դոլար)։  Տիգրան Սարգսյանի դրամական միջոցներն ավելացել են 18.1 միլիոնով։

Ընդ որում՝ ինչպես և ԿԲ նախագահը, Տիգրան Սարգսյանը նույնպես սկսել է հրաժարվել ազգային դրամից։ Դրամով արտահայտված միջոցները 35 միլիոնից նվազել են մինչև 12.6 միլիոն դրամ, իսկ դոլարային միջոցները 859 հազար դոլարից հասել են 920.8 հազարի։

 

Խնայողությունների ծավալով երրորդ տեղում Տարոն Մարգարյանն է՝ 2012 թվականի վերջին նա հայտարարագրել է ընդհանուր առմամբ 161.1 միլիոն դրամի խնայողություններ։ Այդ թվում՝ 115 միլիոն  դրամ, 50 հազար դոլար և 50 հազար եվրո։ Ինչպես տեսնում եք՝ Երևանի քաղաքապետը խնայողությունների մեծ մասը պահում է դրամով։

Բացառապես ազգային արժույթով են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները։ Ըստ հայտարարագրի՝ 2012 թվականի սկզբին Ս. Սարգսյանն ունեցել է 104 միլիոն դրամ, տարվա վերջին՝ 108.6 միլիոն դրամ։

Խնայողությունների աճի առումով նկատելի են Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի ցուցանիշները։

Վլադիմիր Գասպարյանը 2012 թվականի սկզբին ունեցել է 500 հազար դրամ և 2000 դոլար։ 2012 թվականին՝ 16.5 միլիոն դրամ և 3000 դոլար։ Որպես եկամտի աղբյուր՝ տարվա ընթացքում նա նշել է 15 միլիոն դրամ արժողությամբ գույքի օտարում։

Ինչ վերաբերում է Ստեփան Մնացականյանին, ապա նրա դոլարային խնայողությունները փոփոխություն չեն կրել՝ 6000 դոլար, իսկ դրամային միջոցները 6.5 միլիոնից հասել են 14.9 միլիոնի։ Նշենք նաև, որ Ստեփան Մնացականյանն այս 23 հոգուց միակն է, ով հայտարարագրել է 7425 ԽՍՀՄ ռուբլի։

Հատուկ անդրադառնանք նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Նա լրացրել է 2012 թվականի հայտարարագիրը, սակայն շատ անհասկանալի կերպով։ Չի նշել, թե տարվա սկզբին որքան դրամական միջոցներ է ունեցել, իսկ տարվա վերջի դրությամբ ունեցել է 6781.39 դոլար։

Ի դեպ, Հասմիկ Պողոսյանն այն փոքրաթիվ պաշտոնյաներից է, ով, ըստ հայտարարագրի, դրամով արտահայտված խնայողություններ չունի։

2011 թվականի հայտարարագրով դրամ չէին պահում նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը (նա 2011-ի վերջին հայտարարագրել էր 140 հազար դոլար և 49 800 եվրո) և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը (15 հազար դոլար)։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ 2012 թվականի հաշվետվությունը դեռ չի հրապարակվել, սակայն 2011-ի տվյալներով՝ նա ազգային դրամին ամենից շատ վստահող պաշտոնյան էր (168.7 միլիոն դրամ, 85.6 հազար դոլար և 78.5 հազար եվրո)։

Եթե խնայողությունների աճը չափենք տոկոսով, ապա նախորդ տարվա հաջողակներից է նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Նրա խնայողությունները 2012 թվականի ընթացքում աճել են 2 անգամ։ Սակայն, չնայած այս հանգամանքին՝ Յուրի Վարդանյանը պաշտոնական տվյալներով ամենաաղքատ (դրամական միջոցների առումով) պաշտոնյան է։ 2012 թվականի վերջին նա հայտարարագրել է 650 հազար դրամ։

Ինչ վերաբերում է 2012 թվականի «անհաջողակներին», ապա այդ ցանկը գլխավորում է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ 2012 թվականի սկզբին նա ուներ 400 հազար դրամ և 55 հազար դոլար։ Տարվա վերջին դրամը չի փոխվել, իսկ դոլարային խնայողությունները 11 անգամ պակասել են՝ հասնելով 5000 դոլարի։

Պակասել են նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի դոլարային խնայողությունները՝ 30 հազար դոլարից հասնելով 10 հազարի։ Դրամային եկամուտները 200 հազար դրամով աճել են, սակայն փոխվարչապետի խնայողությունները դրամական արտահայտությամբ նվազել են, ընդհանուր առմամբ, 7.7 միլիոն դրամով։

Ստորև ներկայացված աղյուսակներում կարող եք տեսնել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցների փոփոխությունները՝ ըստ առանձին արժույթների։ Իսկ մենք խոստանում ենք առաջիկայում ավելի սպառիչ հրապարակում ներկայացնել, երբ հասանելի կլինեն բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը։

money-dram money-dolar money-euro

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս