Իսկ Իրանը կկարողանա՞ պաշտպանել իր հայտարարած կարմիր գիծը. այս պատերազմը շատ վտանգավոր է. Արթուր Մարտիրոսյան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 13-ին հայտարարել էր, որ Իսրայելը «Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար» սկսել է նպատակային ռազմական գործողություն։

«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը, հարվածել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին»,- հայտարարել էր Նեթանյահուն։

Ժամեր անց խոսել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ զգուշացնելով, որ Իսրայելը լուրջ հետևանքներ կունենա հարձակումները սկսելու համար, ուստի Իրանի պատասխանը կլինի կոշտ:

Թե ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ Իրան-Իսրայել ռազմական գործողությունները և ի՞նչ սպառնալիքներ կարող են ստեղծել Հայաստանի հարավի՝ հայ-իրանական սահմանի համար, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ։

Կարդացեք նաև

Վերջինիս խոսքով՝ ավիահարվածներ հասցնելով Իրանին՝ Իսրայելը ցույց տվեց, թե ինչ է սպասվում Իրանին, եթե փորձի չհրաժարվել միջուկային հզորությունները զարգացնելու որոշումից։

«Բանակցություններ էին տարվում, բայց դրանք չէին տալիս այն արդյունքը, որն ուզում էր Իսրայելը։ Նման հարձակմամբ Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց, որ շատ խորը հետախուզական աշխատանքով նախաատրաստված օպերացիայով կարող է փորձել Իրանին պարտադրել հրաժարվել միջուկային հզորություններից»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Թե ռազմական գործողություններն ինչի՞ առաջ կարող են կանգնեցնել Հայաստանը՝ հարցին ի պատասխան, Արթուր Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց հետևյալի վրա.

«Հարց է առաջանալու՝ արդյոք Իրանը կունենա՞ ռեսուրս իր կողմից հայտարարված կարմիր գիծը պաշտպանելու համար։ Այս պատերազմը մեզ համար շատ վտանգավոր է։ Վտանգավոր է հատկապես, երբ տեսնում ենք, որ մի կողմից՝ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդները որևէ խնդիր լուծել չեն կարող, մյուս կողմից՝ Հայաստանը հեռացել է Ռուսաստանից։ Ո՞վ է զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմին այս դեպքում։

Տեսականորեն հիմա կարող են ասել, թե Հայաստանը պետք է անվտանգային այլընտրանքներ ունենա, բայց չէ՞ որ այլընտրանքները տարիների ընթացքում են ձևավորվում, ուստի ռեալը հիմա հետևյալն է՝ չհեռանալ ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս