«Աստված չանի՝ Իրանը տանուլ տա. Ադրբեջանն ու Թուրքիան շատ արագ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը կլուծեն». Գագիկ Համբարյան

Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ: Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ ԱՄՆ-ը շտապեց հայտարարել, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է սկսել, և, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իրանի դեմ հարվածներին։

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար Իսրայելի հարձակումն Իրանի վրա անակնկալ չէր, քանի որ օրեր շարունակ տարածաշրջանի երկրները նախապատրաստվում էին այս գործողությանը, և ըստ նրա՝ միակ երկիրը, որն անկապ, գլոբուսից դուրս է ապրում մեր տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետությունն է:

«Մինչ տարածաշրջանի բոլոր երկրներն այս քանի օրը զբաղված էին Իրանի և Իսրայելի միջև գոյություն ունեցող խնդիրների քննարկմամբ և Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքների վերլուծություններով, Հայաստանի ղեկավարությունն այլ հարցերով էր զբաղված, հատկապես՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վարկաբեկման գործընթացն են ակտիվորեն շարունակում, իսկ այսօր էլ, մինչ մեր հարևան Իրանին Իսրայելը հարվածում է, ՀՀ վարչապետն արդեն Չեխիայում է: Սա ցույց է տալիս, որ նույնիսկ մեր ճակատագիրը մեզանից կախված չէ: Իսկ ՀՀ համար այս իրավիճակը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ, եթե Իրանը պարտություն կրի այս հակամարտությունում: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այս պահի դրությամբ միակ երկիրը, որը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի բացմանը, Իրանն է՝ ի տարբերություն ՌԴ-ի, որը երազանքների մեջ ընկած՝ մտածում է, որ եթե ինքը վերահսկի այդ միջանցքը, ապա կկարողանա սաստել կամ չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմից իրեն ուղղված վտանգները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ եթե ՌԴ-ն չի հասկանում, թե Էրդողանն ինչ է անելու իր գլխին, ապա Իրանը դա շատ լավ հասկանում է:

«Աստված չանի՝ այս պայքարում Իրանը տանուլ տա: Ադրբեջանն ու Թուրքիան, ունենալով այդ թվում՝ Իսրայելի բացահայտ հովանավորչությունը, շատ արագ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը կլուծեն: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մատը մատին չի տալու»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Այս իրավիճակում նա պատահական չի համարում ՀՀ իշխանությունների հարձակումը Հայ Առաքելական եկեղեցու վրա. «Նիկոլը հատուկ հրահանգ է ստացել, որովհետև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները և Նիկոլի հակաեկեղեցական արշավը համընկնում են իրար՝ ի շահ մեր թշնամիների: Այս արշավով Նիկոլը երկու հարց է լուծում. նախ՝ թուլացնում է Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը Հայաստանում, երկրորդ՝ փորձում է նաև իր տերերի քաղաքական գիծն առաջ տանել, միևնույն ժամանակ, բթացնելով հասարակությանը մեր տարածաշրջանում և մեզ հետ կապված կարևոր իրադարձություններից, շեղել այսպիսի աղետներից, որոնց առաջ կանգնած է ՀՀ-ն: Տարածաշրջանում տեղի են ունենում շատ վտանգավոր իրադարձություններ»:

Նա նշեց, որ 2019-ից սկսած համացանցում, այդ թվում՝ Փաշինյանի անձնական ֆեյսբուքյան էջում բավականին փաստեր ապացուցում են, որ Փաշինյանը որևէ առնչություն չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ. «Նիկոլ Փաշինյանը 2019թ. իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն խորհուրդ էր տալիս լսել «Կյանքի խոսքի» հովիվ Վահե Պետրոսյանի քարոզները: Եթե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եք, «Կյանքի խոսքի» կամ այլ աղանդի ներկայացուցչի քարոզը կդնե՞ք ձեր էջում: Նիկոլ Փաշինյանի դուստրերն անընդհատ երևում են այդ աղանդի ներկայացուցիչների հետ:

Քո երեխաներն աղանդավորների հետ են տուրուառի մեջ, դու աղանդավոր Վահե Պետրոսյանի քարոզներն ես դնում քո էջում այն պարագայում, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ անձի վերաբերյալ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես եկավ և կոչ արեց մարդկանց այդ անձին չտրամադրել որևէ տեղեկություն՝ կապված բանակի և սահմանին ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Դուք հիշում եք նաև, որ անցած տարի Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գագաթնաժողովին, մեջբերում արեց Սուրբ գրքից, որն ամբողջությամբ համապատասխանում էր հատկապես «Եհովայի վկաներ» աղանդի կողմից Սուրբ գրքի թարգմանությանը:

Բացի դրանից, Փաշինյանը սեր ունի խմբագրելու Սուրբ գրքից արվող մեջբերումները, ինչը կոնկրետ բնորոշ է աղանդավորներին, հատկապես՝ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներին: Հիմա, եթե այսքան ապացույցներից հետո որևէ մեկը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, դա իր խնդիրն է: Իսկ Փաշինյանը փորձում է քանդել Հայ Առաքելական եկեղեցին»:

Նա շեշտեց, որ Փաշինյանն ու Փաշազադեն պասերով են խաղում. «Հայ ռաքելական եկեղեցու դեմ այս շարժումը սկսվեց Փաշազադեի զառանցանքներից անմիջապես հետո: Այդ տգետ թեզերը, թե՝ եկեղեցու դեմ չեն, Կաթողիկոսի դեմ են, մանիպուլյացիաներ են. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունն իմացող մարդը շատ լավ գիտի, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Կաթողիկոսը նույնականացված են: Դուք եկեղեցու դեմ եք բոլորդ, որովհետև սպասարկում եք օտարի շահերը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս