Ներդրումներ՝ կողակիցների գրպաններում․ Միրզոյանի կինը կլվանա՞ Ավինյանի կնոջ ընկերուհու հետքերը

Ներդրումներ ներգրավելու ու ներդրողներին աջակցելու անվան տակ կառավարության ստեղծած ներդրումային հիմնադրամները դարձել են փող լվանալու միջոց։ Այդ հիմնադրամները շատ հաճախ նպաստել  են ոչ թե ներդրումների խթանմանը, այլ ծառայել են ծանոթ-բարեկամներին աշխատանքով ու բարձր աշխատավարձով ապահովելուն, սրա-նրա անձնական բիզնես հետաքրքրությունները բավարարելուն, պետական փողերն անհասկանալի ծրագրերում ներդնել ու տանուլ տալուն։

Պետական հսկայական միջոցներ են ծախսել այդ հիմնադրամների աշխատակազմերի պահպանման ու դրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման վրա, բայց արդյունքը տեսանելի չէ։ Հայաստանը շարունակում է դուրս մնալ ներդրողների հետաքրքրությունների տիրույթից։ Բացարձակ ներդրումային ակտիվություն չկա։ Կառավարությունը փող է ծախսում ներդրումներ ներգրավելու ու ներդրողներին աջակցելու համար, իսկ վերջին տարիներին ներդրողները նույնիսկ իրենց գումարներն են հանում երկրից։

Այսպես են կառավարության կողմից ստեղծված ներդրումային հիմնադրամները նպաստել ներդրումների ներգրավմանը։ Ներգրավված ներդրումային ծրագրերն էլ, որոնց մեջ պետական փողեր են դրել, պայթել են՝ տասնյակ միլիոն դոլարների վնասներ հասցնելով պետական բյուջեին։

2018թ. իշխանազավթումից հետո Հայաստանում 2 ներդրումային հիմնադրամ են ստեղծել։

Կարդացեք նաև

Կառավարության որոշմամբ 2019թ. ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»՝ հայտնի ԱՆԻՖ-ը։ 2020թ. սկզբից էլ աշխատանքները սկսեց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ «Էնթերփրայզ Արմենիան»։ Վերջինս հանրությանը հայտնի դարձավ նրանով, որ օրերս դրա տնօրեն նշանակվեց Արարատ Միրզոյանի կինը։

Թե ի՞նչ առավելությունների համար արտգործնախարարի կինը նման պաշտոնի նշանակվեց՝ ամուսնու մասնակցությամբ գործող խորհրդին ենթակա հիմնադրամում, որտեղ շահերի բախում չի կարող չլինել, կառավարությունում խուսափում են ասել։ Մինչև հիմա հանրությանը հայտնի չեն եղել Արարատ Միրզոյանի և, ինչո՞ւ միայն նրա, նաև այլ հայտնի ՔՊ-ականների կանանց բիզնես որակները, բայց իշխանազավթումից հետո դրանք հանկարծ սկսել են բացահայտվել, ու նրանք յուղոտ պաշտոնների տեր են դառնում՝ հավանաբար ոչ առանց ամուսինների բարձր հովանավորության։

Հիշենք՝ օրինակ, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի ու աշխատավարձի սրընթաց թռիչքը «Հայփոստում»։ Կարճ ժամանակում Հայկ Կոնջորյանի կինը սովորական աշխատողից հասավ «Հայփոստի» տնօրենի բարձր պաշտոնին։ Ու եթե 2021թ. նրա տարեկան աշխատավարձը կազմել էր 6.8 մլն դրամ, 2023թ. դարձավ 36 միլիոն դրամի։

Հիմա էլ Արարատ Միրզոյանի կինն է. «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում նա էլ հաստատապես բարձր աշխատավարձ կստանա պետության հաշվին ու ինչպես հիմնադրամի՝ տարիներ շարունակ բարձր աշխատավարձեր ստացած մյուս պաշտոնյաներ են «խթանել» ներդրումները, կշարունակի ճանապարհ հարթել ներդրողների առաջ։

Թե ինչքանո՞վ են պետական միջոցներով գործող ներդրումային հիմնադրամները մինչև հիմա խթանել ներդրումները, ԱՆԻՖ-ի օրինակը բավարար է պատկերացում կազմելու համար։ Տասնյակ միլիոն դոլարներ վատնել են՝ հայտնի ու անհայտ ներդրումային ծրագրերի իրականացման վրա, պետական փողերը տվել են իրենց հետ փոխկապակցված ընկերություններին, ծախսել են՝ ինչպես ուզել են, ներդրել են այնտեղ, որտեղ ցանկացել են, վերջում պարզվել է՝ ծրագրերը տապալվել են։ Ոչ մի ծրագիր հաջողության չի հասել ու դեռ դրա համար հիմնադրամի աշխատակազմը միլիոնավոր դրամներով աշխատավարձեր է ստացել պետության հաշվին։

Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ ծանոթ-բարեկամ սկզբունքով ձևավորված հիմնադրամը մի օր պիտի կանգներ նման փաստի առաջ։ Դրա մասին ժամանակին մեկ անգամ չէ, որ գրվել ու խոսվել է, բայց իշխանության բարձր հովանավորությունը վայելող հիմնադրամի ղեկավարությունն անշեղորեն իրականացրել է իր անփառունակ առաքելությունը։

Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև հայտնի ծրագրերից մեկը, որը ներկայացնում էին եզակի ձեռքբերում ազգային ավիափոխադրումների ոլորտում, չպայթեց ու դուրս չեկավ ջրի երես։ Դրան հաջորդեցին նաև մյուսները։

Պարզվեց՝ ներդրումները խթանելու, ներդրողներին Հայաստան բերելու, արտահանմանը նպաստող ներդրումային ծրագրեր իրականացնելու ու համաֆինանսավորելու փոխարեն, կարճ ժամանակում պետությանը 65 մլն դոլարի վնաս են տվել։ 3-4 տարվա աշխատանքից հետո հիմնադրամը լուծարեցին, բայց մինչև հիմա էլ պետական բյուջեից փող են դուրս գրում՝ դրա պարտքերը փակելու համար։

Եթե «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հետ կապված՝ վերջին շրջանում շատ ջրեր են հոսել, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մասին շատ բան հայտնի չէ։ Այն կառավարության կողմից հիմնադրված պետական կառույց է, որի նպատակն է ներդրողների համար գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր ստեղծելը։

«Մեր առաքելությունն է օտարերկրյա և տեղացի ներդրողների համար ստեղծել գործարարությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր՝ դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղություն համաշխարհային հարթակներում: Մեր նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր ուղղակի ներդրումներ և խթանել վերաներդրումները՝ ապահովելով Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը»,- ահա այսպիսի ճռճռան առաքելություն է ստանձնել հիմնադրամը։

Ի՞նչ է արել իր գործունեության 4-5 տարիներին, ինչքանո՞վ է խթանել ներդրումները, ի՞նչ ծրագրեր է իրականացրել, ինչքա՞ն ներդրումներ է բերել Հայաստան, նույնիսկ թվարկելու կարիք չկա։ Եթե անգամ այս ընթացքում կատարված բոլոր ներդրումները վերագրվեն այս հիմնադրամին, միևնույն է՝ մեծ բան չի փոխվի։ Փաստն այն է, որ Հայաստանում ներդրումներ, առավել ևս՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գրեթե չեն իրականացվում։ ՀՆԱ մեջ դրանց կշիռը շարունակում է շատ ցածր մնալ։ Անցած տարի իրական տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերի նույնիսկ 442 մլն դոլարի նվազում արձանագրվեց։

Կառավարությունում ինքնախաբեությամբ ու փողերը վատնելով են զբաղվել. Մի կողմից՝ պետության հաշվին հիմնադրամներ են բացել, աշխատակազմեր են պահել, բարձր աշխատավարձեր են վճարել, մեծ փողեր են ծախսել, հայտարարել են, թե իբր խթանում են ներդրումները, բայց մյուս կողմից՝ ամեն ինչ արել են, որ Հայաստանում ներդրումներ չլինեն։ Անվտանգային այն միջավայրը, որը ստեղծել են Հայաստանի շուրջ, բոլորովին էլ ներդրումների օգտին չէ։ Ու զարմանալի չէ, որ ներդրումներ չկան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս