
Սրանք մտածում են՝ իրենք պրոբլեմ չունեն, բայց Փաշինյանի ու իր թիմի արածը քրեական հանցանք է. վաղը դատվելու են 10-15 տարի. Գևորգ Պետրոսյան

«ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն անջատ է կրոնական կազմակերպություններից, այդ թվում նաև՝ Հայ Առաքելական եկեղեցուց: Հետևաբար՝ որևէ պաշտոնյա իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին»,- անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից ամենօրյա ռեժիմով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կատաղի հարձակումներին՝ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը:
Վերջինս նշեց՝ 1991թ. նոյեմբերի 17-ի՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում որևէ բառ չկա գրված «կուսակրոն կամ ամուսնություն» հասկացությունների վերաբերյալ, և Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ անձինք ազատ են անել այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց շահերը:
«Ես ո՛չ պնդել, ո՛չ էլ վիճարկել եմ Կաթողիկոսի՝ երեխա ունենալու հանգամանքը, բայց անգամ եթե պայմանականորեն Կաթողիկոսը երեխա ունի, դա արգելված չէ ՀՀ օրենքով և որևէ մեկի շահերը չի խախտում: Եվ մի՞թե այսօր Կառավարության ու ԱԺ ՔՊ-ական մանդատակիրների գլխավոր խնդիրն այն է, որ պարզեն՝ Կաթողիկոսը երեխա ունի՞, թե՞ ոչ: Թողած երկրի անվտանգությանը սպառնացող ու տնտեսական խնդիրները՝ իրենց հիմնական բանուգործը դա են դարձրել՝ հիմնավորել, որ Կաթողիկոսը երեխա ունի»,- տարակուսեց ԱԺ նախկին պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանը շեշտեց՝ ենթադրենք՝ ունի երեխա, բայց անձի իրավունքները, միևնույն է, կարող են սահմանափակվել միայն օրենքով, իսկ Հայաստանում նման օրենք չկա, առավել ևս՝ նման բան նախատեսված է չէ Սահմանադրությամբ:
«Թող որևէ մեկն ինձ վկայակոչի մի օրենք, որտեղ գրված է, որ Կաթողիկոսն իրավունք չունի երեխա ունենալ: Եվ, ի վերջո, այստեղ մի խնդիր էլ կա, որ չպետք է անտեսել: Մենք ունենք բազմահազար զոհեր, ու պետք է խրախուսել ծնելիությունը, ինչն ազգային անվտանգության խնդիր է: Եվ մենք ոչ թե պետք է քննադատենք որդեծնությունը, այլ հակառակը՝ պետք է խրախուսենք»,- 168.am-ին ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նա նկատեց՝ Վեհափառի ու Եկեղեցու դեմ հարձակումներով այս իշխանությունը մարդկանց ուշադրությունը շեղում է որոշ ուղղություններով:
«Այս պահին մեր երկրի առաջ ծառացած խնդիրների պայմաններում ի՞նչ պետք է պարզել՝ Կաթողիկոսը երեխա ունի, թե ո՞չ: Դա ինչո՞վ է խանգարում իր գործառույթների իրականացմանը և ո՞ւմ օրինական շահերն է խախտում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Կաթողիկոսի դեմ հարձակում գործող նրա մյուս թիմակիցները կատարում են Քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք՝ իշխանական լիազորությունների վերազանցում:
«Եթե Սահմանադրությունն ասում է, որ պետությունն անջատ է կրոնական կազմակերպություններից, ի՞նչ գործ ունի որևէ պետական պաշտոնյա դրա հետ, որ մի հատ էլ զբաղվի իր գործառույթների հետ չկապված խնդիրներով: Սա ծանր հանցագործություն է, որը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Նախկին պատգամավորը նշեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ նախագահի կողմից նշանակված վարչապետ է, և թողած իր պաշտոնավարման ընթացքի մասին կասկածները՝ ընկել է Եկեղեցու ու Վեհափառի հետևից:
«Իր պաշտոնը պահելու համար Նիկոլ Փաշինյանն ընկել է Հայ Առաքելական եկեղեցու հետևից, երբ Սահմանադրությամբ ՀՀ-ն ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայապահպանության գործում: Այս արարքների համար վաղը-մյուս օրը սրանք դատվելու են: Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա մտածում է, թե ինքը չի պատժվի: Բայց այդպես չի լինում: Մեղքեր գործած բոլոր անձինք էլ պատժվում են: Գալու է ժամանակը, և երբ փոխվի իշխանություն, այդ հոդվածները նրանց նկատմամբ դառնալու են կիրառելի: Այսօր իրենք պաշտպանվածության զգացում ունեն, մտածում են, որ իրենք պրոբլեմ չունեն, բայց հենց իշխանություն փոխվեց, այդ իշխանությունը նշված հոդվածներով գնալու է իրենց հետևից»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը: