Բաժիններ՝

Հանրային խորհուրդ. ՀՀ կառավարությունը պետք է վերանայի գիտության ֆինանսավորման կարգը

168.am-ում հրապարակված՝ «Հանրային խորհրդի, գիտնականների և ԲՈՀ-ի նախագահի մասին» «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սարգիս Հայոցյանի նամակին արձագանքել է Հանրային խորհուրդը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից բազմաթիվ դիմումներ է ստացել (այդ թվում նաև 2011 թվականի սեպտեմբերի 30-ինստացված Ա-265 նամակը, որի վերաբերյալ ձեր կայքէջում եղել է հրապարակում) գիտության և կրթության ոլորտի խնդիրների՝ մասնավորապես գիտության ֆինանսավորման բարձրացման վերաբերյալ:

2011 թվականին այդ հարցը Հանրային խորհրդում համակողմանիորեն քննարկվել է «Գիտության զարգացման հեռանկարները, գիտության ֆինանսավորման և կառավարման հիմնախնդիրները» թեմայով կազմակերպված լայն քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ակադեմիկոսներ, երիտասարդ գիտնականներ: Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել այն տեսակետին, որ գիտության զարգացումը կախված է ոլորտի ֆինանսավորման ավելացման հետ:

Հարցը Հանրային խորհրդում բարձրացվել է նաև Գիտության և կրթության ոլորտի խնդիրներին նվիրված այլ քննարկումների ընթացքում՝ մասնավորապես ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակի, Գիտության պետական կոմիտեի կողմից գիտական թեմաների բաշխման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ժամանակ: Այդ ամենը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Կարդացեք նաև

Տարվա ընթացքում գիտության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված նիստերի և քննարկումների արդյունքում ձևավորված հստակ տեսակետն ամրագրվել է Հանրային խորհրդի 2011 թ. տարեկան հաշվետվության մեջ՝ հետևյալ ձևակերպմամբ. «Հանրային խորհուրդը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի գիտության ֆինանսավորման կարգը՝ էապես ավելացնելով հատկապես հիմնարար գիտություններին հատկացվող ֆինանսական միջոցները»:

Հաշվետվությունն ուղարկվել է ՀՀ նախագահին:

Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա Հանրային խորհուրդը գտնում է, որ այսօր դրանք գոհացուցիչ չեն և պատրաստակամություն է հայտնում շարունակելու գիտության ոլորտի՝ մասնավորապես գիտության ֆինանսավորման ավելացման հարցի վերաբերյալ քննարկումները՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, քանի դեռ ոլորտում արդյունքները շոշափելի չեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս