«Պետք է հասնել նրան, որ Հայաստանում տեղակայվի միջուկային զենք»
Հարցազրույց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ
– Քաղաքական ինչպիսի զարգացումներ եք տեսնում մոտակա ամիսներին:
– Կարևորագույն զարգացումները, որոնք պետք է ակնկալենք, ներքին զարգացումներն են: Այն, ինչ որ կատարվելու է արտաքին դաշտում, անդադար խոսել ենք: Հայաստանը երկիր է առանց պետության, երկիր է առանց քաղաքական ընտրանու, քանի որ այն, ինչ մենք կոչում ենք քաղաքական ընտրանի, երկրի էությունը կորցրած, դեգերում է արտաքին աշխարհի մեր տարածքի համար բերած ուղիներում (արտաքին ուժերը Հայաստանը որպես տարածք են դիտում), և այս տեսակետից երկրի համար հեռանկար չկա: Այդ պատճառով ամենակարևորը ներքին զարգացումներն են, որոնք քաղաքական և պետական համակարգերից դուրս իրականացվող մղումներն են, որոնք միգուցե կկարողանան ձևավորվել` որպես էական մի գործառույթ, դառնան խթան երկրի զարգացման համար: Ինչ վերաբերում է քաղաքական այդ կոնտեքստներին, ապա նրանք պարզապես պարարտ հող են բերելու, առճակատումները կտրուկ սրվելու են, պայքարը երկրի համար սրված է, և այս իրավիճակում` այս ուժերի համար, որոնք դուրս են քաղաքական և պետական դաշտից, ստեղծվում է պարարտ հող: Դրանք այն ուժերն են, ովքեր խորքային են ընկալում երկիրը, խորքային են ընկալում մարդուն, հասկանում են, որ մինչ այսօր գործող այն համակարգերը, որոնց ընդօրինակմամբ մենք զբաղված ենք եղել, ոչինչ չբերեցին մեր երկրին, ինչպես նաև` մարդկությանը բերեցին դեպի փակուղի, և այս տեսակետից մենք պետք է գտնենք այլ ճանապարհ:
Մոլորակի ժողովուրդները փնտրում են այդ այլ ճանապարհը` յուրաքանչյուրն իր ուրույն մշակույթի վրա խարխսված լինելով, և ամեն մեկի փնտրտուքն այդ իմաստով արժեք է մարդկության համար: Միգուցե մենք էլ կարողանանք այդ գործում մեր լուման ներդնել:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության ներկայիս վիճակը:
– Մենք վերցրեցինք քաղաքական դաշտի բաղկացուցիչ մի մասը, որից, ինչպես ասացի, խորքային իմաստով քիչ բան է կախված, այսինքն` մաքսիմալը, ինչ կարող է անել որևէ քաղաքական ուժ Հայաստանում, դա Հայաստանը Վրաստանի վիճակին բերելն է: Ի՞նչ է Վրաստանը: Վրաստանը համաշխարհային կառավարման ադմինիստրատիվ օղակներից մեկն է, մի տարածք է, որտեղ գործում է այն տրամաբանությունը, որն այսօր իշխող է աշխարհում: Այսինքն` Վրաստանը, ասենք, երրորդ կարգի երկրների խմբից անցել է երկրորդ կարգի խումբ` մի կարգ իրեն բարձրացրել են: Փաստորեն, նա բախում է Արևմուտք կոչված քաղաքակրթական աշխարհի դուռը:
Բայց այդ Արևմուտքում շատ ավելի բարվոք վիճակում գտնվող երկրները` Իսպանիան, Հունաստանը և ընդհանրապես ամբողջ Եվրոպան, նաև ԱՄՆ-ը գտնվում են ցնցումների մեջ: Այսօր Հայաստանի քաղաքական ուժերը երկիրը մաքսիմում կարող են դրան բերել, իսկ ավելի ռեալ է, որ նրանք փոքր փոփոխություններով կպահպանեն այս նույն կողոպուտի համակարգը, որը գործում է երրորդ կարգի երկրներում: Հայաստանը երրորդ կարգի երկրների շարքում է: ՀՀ-ում տեղի ունեցած ուժերի դասավորությունը շատ առումներով թելադրված է դրսից: Դրսից երկու տիպի հրահանգներ կան և երկու տիպի կառույցներ կան, որոնք փորձում են Հայաստանում գործել: Մեկն անգլո-ամերիկյան դաշինքն է, որը մոտավորապես հովանավորն է իշխանության և ընդդիմադիր ուժերի հատվածում, հովանավորն է քաղաքացիական հասարակարգի:
Այսինքն` ԱՄՆ-ը այդ երիտասարդական շարժումներին, փաստորեն, վերցրեց իր հովանու ներքո. Քլինթոնի այցելությունը պատահական չէր: Թե ինչքանո՞վ նա կկարողանա դա անել, այլ հարց է: Կարևորն այն է, որ այդ հատվածը, որտեղ ՀՀ-ի առավել խոստումնալից ուժերն են, մտածում է արևմտյան քաղաքակրթական մոդելի շրջանակում: Նրանք մարդկության մտքի բարձրագույն թռիչքը համարում են սահմանադրական կարգը, քաղաքացիական հասարակարգը, և այլն: Իհարկե, սրանք շատ լավ բաներ են, բայց արդեն գնացող աշխարհի: Մարդը դրանից առաջ է անցել, հիմա ուրիշ բաներից պետք է խոսել:
Սակայն երիտասարդներն այժմ այդ դաշտում են հիմնականում, այստեղ կա մտավորականության մի կարևոր շերտ, և այս մասը կազմում է արևմտյան հատվածը: Ընդդիմության մեջ ևս կան ուժեր, որոնք արևմտյան տրամաբանության մեջ են գործում, բայց սրանք ավելի թույլ են ներկայացված ընդդիմության մեջ` «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցությունները, ՀԱԿ-ի մի հատվածը: Իսկ մյուս ուժերի հաշվարկն ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ, քանի որ մոտ մեկ տարի առաջ ԱՄՆ-ը որոշեց տնօրինել Հայաստանի գործընթացները, և իշխանություն-ընդդիմություն (ՀԱԿ) երկխոսությունը կատարվում էր Միացյալ Նահանգների հովանու ներքո:
Բայց հետո այդ երկխոսության տապալումը և ԱՄՆ-ի բավական անհասկանալի կեցվածքը, որովհետև դա վարկաբեկեց ընդդիմությանը, բերեց նրան, որ ՀԱԿ-ը սկսեց փնտրել գործընկերներ այլ բևեռում: Այսօր իրավիճակը հետևյալն է. ՌԴ-ն գտնվում է ներքին և արտաքին խիստ լարվածության մեջ, նա ունի ներքին լուրջ խնդիրներ, արտաքին աշխարհում ցանկանում է իր դերը պահպանել, այսինքն` նա վիրավորված է, որպես տերություն, և այդ վիրավորանքն ու արհամարհանքը փորձում է վերադարձնել իր դերը: Ռուսաստանը հայտնվել է ներքին համակարգային ճգնաժամի մեջ և փորձում է շատ կոշտ պատասխանել այդ մարտահրավերներին: Այդպիսի Ռուսաստանից ամեն ինչ սպասելի է, նա շատ կարծր է տրամադրված, քանի որ նրա դեմ գործել են նենգ, իսկ նա էլ այդ նենգությանը պատասխանում է կարծրությամբ:
Այսօր երկրների ճնշող մեծամասնությունում պետություն չկա, այսինքն` պետությունները ադմինիստրացիաներ են` ենթարկված համաշխարհային կառավարման կենտրոնին, իսկ այդ կառավարումը հիմնականում իրականացվում է ԱՄՆ-ի կողմից: Մեզ մոտ էլ այդ բաժանումը կա, և այդ բաժանման շրջանակում կան ուժեր, որոնք փորձում են խաղալ ռուսական դաշտում: Չնայած մեզ մոտ ամեն ինչ բարդ է. այդ ուժերը, ովքեր ռուսական դաշտում են, անպայման ունեն հարաբերություններ նաև Արևմուտքի հետ, որովհետև մեզ մոտ քաղաքական ուժեր չկան, դրանք տնտեսական ուժեր են և պետք է իրենց, այսպես ասած, կերակրատաշտը պահպանեն: Ամեն ինչ այս տրամաբանության մեջ է կատարվում: Այդ պատճառով, ինչպես իրենք են գտնում, պետք է ուժեղագույնի հետ գործ ունենալ:
Այնպես որ, Արևմուտքի հետ գրեթե համատարած կապված են: Նույնիսկ Ռուսաստանի ամենանվիրյալները, ովքեր ամբողջ օրը խոսում են Ռուսաստանից, քնում և արթնանում են Ռուսաստանով և մեռնում են Ռուսաստանով, դարձել են Արևմուտքի գործիքը:
– Իսկ այդ դեպքում` ՀԱԿ-ի թեկնածուն նախագահական ընտրություններում պայմանավորված է լինելու ՌԴ-ի՞ ազդեցությամբ:
– Ըստ իս` ՌԴ-ն այստեղ պարտադիր ունենալու է թեկնածու, այդ թեկնածուն երկու դեր կարող է խաղալ. առաջինը` եթե ՌԴ-ն գնահատեց, որ ՀՀ-ում վիճակն անընդունելի է դառնում և գործող իշխանության կապն Արևմուտքի հետ սպառնացող է դառնում, նա այդ ուժով կփորձի իշխանափոխություն իրականացնել, և մյուսը, եթե այդ կապը դեռևս ընդունելի չափերում է, թողնել այդ իշխանությունը, բայց մաքսիմալ լծակներ գործադրել այդ իշխանության վրա, որով կարողանա վերահսկել նրան (դա կարող է լինել ինչ-ինչ պաշտոնների առևտուր կամ նման մի բան), այդ դեպքում նա կստանձնի սարսափազդու գործչի դերակատարումը: Ահա սա է այն իրական ճանապարհը, որում այսօր զարգանում են գործընթացները, այսպես կոչված, քաղաքական դաշտում, քանի որ իրականում դա տնտեսական դաշտ է:
– Իսկ իշխանությունն այս երկու բևեռներից դեպի ո՞րն է ավելի շատ հակված:
– Իշխանությունը միանշանակ արևմտամետ է:
– Իսկ ըստ Ձեզ` ո՞վ կլինի Ռուսաստանի այդ թեկնածուն:
– Դժվար է ասել: Որոշումը վերջին պահին կկայացվի հավանաբար, մենք տեսանք, որ բազմաթիվ պարոններ կան այդ դերի համար: Գիտեք, վերջերս մի իրադարձություն տեղի ունեցավ, որը ցույց տվեց Հայաստանի իրական անկախության աստիճանը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնել Թեհրան (Չմիավորման շարժման անդամ պետությունների գագաթաժողովին.- Ա.Ս.): Սա բացարձակ խայտառակություն էր Հայաստանի համար: Եվ ես չէի մեղադրի միայն պաշտոնյային, ով զբաղեցնում է այդ դիրքը: Մենք պետություն չունենք: Բայց ՀՀ-ում ոչ ոք չեղավ, որ ասեր` սա ինչ խայտառակություն է: Հայ ժողովրդի համար Իրանի ժողովուրդը, Իրանը Հայաստանի համար հսկայական դեր է խաղում:
Եվ ամենակարևորը` հայ և իրանցի ժողովուրդները մարդկությանը շատ կարևոր բաներ ունեն տալու, քանի որ քրիստոնեական և իսլամական հազարամյա քաղաքակրթությունների կրողներն են, որոնք շատ խորը համագործակցության մեջ կարող են մտնել: Եվ այստեղ ինչ-որ մի ընթացիկ կայսրության քմահաճույքի ներքո հարվածի տակ դնել մարդկության համար շատ խորքային մի երևույթ, դա բացարձակապես անընդունելի է: Եվ այս իմաստով` կարծում եմ, որ այս կարծրատիպերը ոչ թե պետք է կոտրեն իշխանությունները, որոնք ոչ թե վատն են կամ հատուկ ձևի բուծված էակներ են, ոչ` նրանք էլի մերոնք են, բայց, քանի որ մենք խոզության ժամանակաշրջանում ենք գտնվում այժմ, նրանք էլ դարձել են այդ խոզության մարմնավորողն ու կրողը: Այստեղ այդ դերն ունեին կատարելու նրանք, ովքեր այսօր ակտիվ են, ովքեր կարծում են, որ ՀՀ-ում պետք է փոխվի իրավիճակը:
Նրանք պետք է իրենց ձայնը բարձրացնեին և ներկայացնեին հայտարարություն կայսրություններին` ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, թե` սա ի՞նչ շանտաժներ են, սա ի՞նչ թշնամանք է: Բայց այդ ամենը տեղի չունեցավ: Սա արտացոլում է մեր քաղաքացիական հատվածի վիճակը, որը, լինելով արևմտյան քաղաքակրթությանը կրողը, Իրանին չի սիրում: Մենք պետք է քննարկենք և որոշենք, եթե Իրանը սխալ է, գանք այն եզրակացության, որ Իրան պետք չի գնալ, և չգնանք: Բայց ոչ թե բրիտանական ու ամերիկյան թերթերի հրապարակումները կամ նրանց երրորդական կամ չորրորդական չինովնիկների զանգերը մեզ ստիպեն այս բանը անել կամ չանել: Իրանի համար շատ կարևոր էր մեր համերաշխությունը, և մենք պարտավոր էինք այնտեղ լինել:
– Բայց, ամեն դեպքում, Հայաստանը չպե՞տք է փորձի հավասարակշռություն պահպանել գերտերությունների միջև:
– Ես սրանով բացարձակապես չասացի, որ ՆԱՏՕ-ի համաժողովներին ՀՀ նախագահը չպետք է մասնակցի, այսինքն` ես դրանով ընտրության հարց չեմ դնում: Սակայն նա պետք է տեղիք չտա ճնշումներին:
– Նախագահ Սարգսյանն ԱԺ-ի հաստատմանն է ուղարկել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, ըստ որի` այժմ երրորդ երկրի ռազմական բազան ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղակայելու համար անհրաժեշտ կլինի ստանալ կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս արձանագրության մասին:
– Ես արդեն ասացի, թե ինչ վիճակում է այսօր Ռուսաստանը` բացարձակ անկայուն և անորոշությունների մեջ: Հարվածներ է ստանում թե՛ դրսից, և թե՛ երկրի ներսում: Եվ այդպիսի Ռուսաստանը փորձում է իր շահերը պաշտպանել: Իսկ քանի որ նա տեսնում է, որ իր շրջապատող երկրները, հերթով մխրճվելով, սկզբից մտան սոցիալիստական ճամբար, չնայած ՆԱՏՕ-ն խոստանում էր ՌԴ-ին, որ եթե խորհրդային զորքերը դուրս գան Չեխիայից, Հունգարիայից, Գերմանիայից և այլն, այդ երկրներ ՆԱՏՕ-ի զորքեր չեն մտնի, բայց մտան: Հետո ասացին` հետխորհրդային տարածքում չի լինի նման բան, բայց կրկին եղավ: Հիմա նա փորձում է, ինչքան կարող է, պաշտպանվել: Գիտի, որ սուտ ասելն Արևմուտքի քաղաքականությունն է:
Ասենք` Լիբիայում չպետք է լիներ այս տիպի ուժային ներխուժում, բայց եղավ: Հիմա հարց կծագի` մե՞զ ինչ, թե Ռուսաստանն ինչ է ուզում անել, բայց մեր խնդիրն այսպես է. մենք ընդգրկված ենք անվտանգության համակարգի մեջ, որը կոչվում է ՀԱՊԿ, և երկրորդ` միջազգային անվտանգության համակարգը, որին մենք մասնակցում ենք, ՌԴ-ի հետ երկկողմ պայմանագրերն են` բազայի տեղակայումը, և այլն: Հիմա մեզ հետ պայմանավորվողն ասում է. «Ես քեզ պահանջ ունեմ»: Մենք կարող ենք ասել` ես չեմ ուզում, այդ դեպքում մենք հայտնվում ենք Լիբիայի կարգավիճակում:
Հիմա թե ինչքանով է խելամիտ այդպիսի վարքագիծ դրսևորել, թող ամեն մեկը դատի: Ես համարում եմ դա անհեթեթություն: Ավելին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր նման առաջարկի դիմաց մենք պետք է ունենանք հանդիպակաց առաջարկներ` խորացնելու մեր համագործակցությունը, քանի որ անդադար մեզ սպառնում է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը. Թուրքիան մեզ բլոկադայի է ենթարկել, այսինքն` մեզ պատերազմ է հայտարարել` բլոկադան, ըստ միջազգային իրավունքի, պատերազմ է:
Անդադար սպառնալիքներ են հնչում Ադրբեջանից, որոնք ոչ ոք չի կասեցնում. չկա նման բան, որ համանախագահներն Ադրբեջանից զգուշացնեն: Չնայած, մյուս կողմից, զգացվում է, որ, այնուամենայնիվ, ինչ-որ նախազգուշացում վերջերս եղել է. Ադրբեջանում ռազմական տոնայնությունը կտրուկ ընկել է, և ամենակարևորը` սահմանի ագրեսիվությունն է ընկել: Սա ասենք որպես ճշմարտություն և գովենք նրան, ով արել է, երևի թե, հենց նույն Արևմուտքն է արել: Բայց խնդիրն այլ է:
Դուք նշեցիք ՀԱՊԿ զորավարժությունների մասին: Ռուսաստանն ամբողջ աշխարհին հայտարարում է. «Ես հասկացա Ձեր օրենքները, ես էլ եմ այդ օրենքներով գործելու: Դուք կարծում եք, որ դեմոկրատիայի համար կարելի է զորք մտցնել և պաշտպանել Լիբիայի կամ Սիրիայի ընդդիմությանը, ես էլ այդպես եմ գործելու Վրաստանում»: Այսօր նրանք, ովքեր Արևմուտքի ջատագովներն են, այս բոլոր իրողություններն աշխատում են չտեսնել: Ոմանք ասում են` եթե Ռուսաստանը մեզ ստիպեց բազայի տեղակայումը երկարացնել, մենք պետք է զենքները ձեռքներիս գնանք և թույլ չտանք:
Լավ, բայց հետո ի՞նչ է լինելու: Դու հետոյի համար պատասխանատո՞ւ ես: Մենք գտնվում ենք խելագար տարածաշրջանում, և ամեն վայրկյան ՌԴ-ն ներքին ցնցումների պատճառով կարող է դուրս մնալ խաղից: Մեզ պետք է ուժեղացնել մեր պաշտպանական համակարգերը: Այսպիսով, ես ճիշտ եմ համարում հանդիպակաց առաջարկներ անել, այսինքն` ՌԴ-ն անում է մեզ առաջարկ, մեր հանդիպակաց առաջարկը պետք է լինի հետևյալը` ՌԴ-ի հետ բանակցություններում պետք է հասնել նրան, որ ՀՀ-ում տեղակայվի միջուկային զենք այնպիսի հրթիռային հնարավորություններով, որոնք հնարավորություն տան մեզ հետ ագրեսիվ խոսողների հետ խոսել այդ լեզվով:
Այսինքն, եթե Պակիստանից հերթական պաշտոնյան կամ մի մոլլա հայտարարում է, որ ՀՀ-ն պետք է հողին հավասարեցնել, նրան այստեղից պետք է պատասխանի ոչ թե ինչ-որ մի վերլուծաբան կամ ոչ ոք, ինչպես սովորաբար լինում է, այլ նրան պետք է պատասխանի ՀՀ-ում անհրաժեշտ հզորության և հեռավորության միջուկային հրթիռի ճշգրիտ լուսանկարը: Իսկ թե ինչպիսին է լինելու այդ միջուկային հնարավորությունների օգտագործման կարգը, առանձին և փակ բանակցությունների հարց է: Այսինքն` մենք հիմա պետք է շատ ավելի խորքային ձևով զարգացնենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, և այդպիսի Հայաստանի առկայության դեպքում հնարավոր կլինի ապագա տարածաշրջանային շատ կնճիռներ հաղթահարել: