
Պեկինը զսպվածության կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխադարձ հրթիռային հարվածներից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Ստեղծված հանգամանքներում բոլոր կողմերին անհրաժեշտ է պահպանել հանգստություն և զսպվածություն, գործադրել ջանքեր` սառեցնելու իրադրությունը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և ստեղծել պայմաններ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար՝ հնարավորինս շուտ հրադադարի հասնելու համար», – նշել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին։