Իսպանիայի հետ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է դեսպանին
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։
Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք ուղղված են մեր երկրի տնտեսության առաջընթացին։
Անդրադարձ է կատարվել նաև թվայնացման, հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներին, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին և մի շարք այլ թեմաների։
Ռիկարդո Մարտինես Վասկեսն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը տնտեսության բոլոր ոլորտների և ուղղությունների համար՝ այս համատեքստում առանձնացնելով Իսպանիայի ունեցած ձեռքբերումները հատկապես տիեզերական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու մի շարք հնարավորություններ, մասնավորապես՝ ինժեներական, տիեզերական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում: