Դո՛ւ ես խանգարում մեր պետությանը, մեր երկրին, դո՛ւ, ուրիշ ոչ ոք. դուք իրականում արևմտամետ էլ չեք, դուք լուզերամետ եք, ինչին կպչում եք, տապալում եք. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հիմա մենք գտնվում ենք մարդկության պատմության մեջ, թերևս, շատ ավելի վտանգավոր շրջանում։ Սա ավելի վտանգավոր շրջան է, քան 1962թ․ Կարիբյան ճգնաժամը։ Երբևիցե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միմյանց տարածքներին հարվածներ չեն հասցրել, թեպետ պրոքսի պատերազմներ շատ են եղել։ Սա ուղղակի բախում է։ Ուղղակիորեն այսօր Ռուսաստանը պատերազմում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Դուք տեսաք, որ ՌԴ-ն փոխեց իր ռազմական դոկտրինը, որ միջուկային զենք կարողանա կիրառել անգամ իր ինքնիշխանությանը սպառնալիք զգալու դեպքում։ Այսինքն, եթե որևէ ստրատեգիական օբյեկտի հարված լինի, կլինի անդառնալին։ Մյուս կողմից՝ երեկ աննախադեպ հայտարարություն եղավ ԱՄՆ-ից, երբ ասացին, որ իրենք պատրաստ են փոխանակվել փոքր միջուկային հարվածներով։ Միջուկային զսպումը չի աշխատում, այդ ռեժիմը փլուզվում է, գնում ենք էսկալացիայի աստիճաններով։

Հիշեցնենք, Կարիբյան ճգնաժամը պատմական տերմին է, որն արտահայտում է 1960-ական թվականների սկզբին Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև խիստ գերլարված քաղաքական, դիվանագիտական և ռազմական առճակատումը: Այդ ճգնաժամը կարող էր հանգեցնել գլոբալ միջուկային պատերազմի։ Ճգնաժամը սկիզբ առավ 1961 թվականին՝ Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ական երկիր Թուրքիայում միջին հեռահարության «Յուպիտեր» հրթիռների տեղակայման արդյունքում, որոնք ի զորու էին խոցելու Խորհրդային Միության արևմտյան շրջանների քաղաքները, ներառյալ՝ Մոսկվան և ԽՍՀՄ գլխավոր արդյունաբերական կենտրոնները։ Որպես պատասխան քայլ՝ Խորհրդային Միությունն ԱՄՆ-ի ափերին սերտ հարևանությամբ գտնվող Կուբա կղզում տեղակայեց իր ռազմական անձնակազմն ու ստորաբաժանումները, որոնք զինված էին ոչ միայն սովորական, այլ նաև ատոմային զենքով, ներառյալ՝ հողահեն բալիստիկ և տակտիկական հրթիռները։

Կարդացեք նաև

  • Այդ ֆանատիկ նեոլիբերալների խումբը պարտվեց Իրաքում, Սիրիայում, ամենուր, հիմա պարտվում են Ուկրաինայում, ու նրանք չեն ուզում, որ աշխարհը տեսնի, որ իրենք և իրենց գաղափարախոսությունը հերթական անգամ պարտվում են։ Ուկրաինայում մարդ չի մնացել, արդեն վաղուց կանանց զորակոչելու մասին էին խոսում։ Այսինքն՝ ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից Ուկրաինային տված զենքերը ոչինչ չեն փոխելու։ Երկիրն ավերվել է, տասնյակ տարիներ են պետք, որ այն վերականգնվի։ Ինչպես աշխարհահռչակ Ջեֆրի Սաքսն ասաց մեզ հետ զրույցում, եթե պետությունը ձեզնից 11.000 կմ հեռավորության վրա է գտնվում, մի հավատացեք, որ նա կգա ու ձեզ կփրկի։ Իսկ այս մարդը՝ աշխարհահռչակ տնտեսագետ Ջեֆրի Սաքսը, հաստատ Պուտինի ագենտ չէ, ինչպես Հայաստանում այս տեսակետը կրողներին անվանում են։ Եթե բոլորիս կարող են այդպես պիտակավորել, ապա նրան չեն կարող։
  • Մի հավատացեք արտասահմանից փող ստացող այս քարոզիչներին, եվրոկոնֆետներով մի՛ խաբվեք, հույս մի՛ դրեք ոչ ոքի վրա՝ որպես պետություն, նայեք՝ ովքեր են ձեր հարևանները։ Ռեալ վերաբերվեք այն պետություններին, ովքեր ձեր ռեգիոնում ունեն կենսական շահեր ու ովքեր չունեն շահեր։ Նայեք Ուկրաինային ու խղճացեք ձեզ։
  • Ծայրահեղ լիբերալները կարծում են, որ ողջ աշխարհում լինելու է ծայրահեղ լիբերալ դեմոկրատիա… Չի՛ լինելու։ Նույն կերպ մտածում էին Նապոլեոնն ու բոլշևիկները, որ աշխարհը պետք է ապրի իրենց քաղաքականությամբ, բայց փլուզվեցին։
  • Բոլոր երկրներում եղել է ու կա կոռուպցիա, այստեղ՝ ևս։ Բայց երկիր քանդելը կոռուպցիայի դեմ պայքարելու ձև չէ։
  • Թրամփը հայտարարում է, որ խաղաղության դարաշրջան է հաստատելու, բայց տեսեք՝ ում է նշանակում, մարդկանց, ովքեր ատում են Չինաստանն ու Իրանը ու 200%-ով իսրայելական լոբբիի տակ են։ Ես դեմ չեմ Իսրայելին։ Իսրայելը պետք է ունենա պետություն և անվտանգություն, սակայն ոչ նոր Հոլոքոստի գնով։ Հոլոքոստ տեսած ժողովուրդը հիմա նոր Հոլոքոստ է անում։
  • Չի՛ կարելի փողոցից մարդիկ բերել ու նշանակել բարձր պաշտոնների։ Հետևանքն այն է, որ մենք հիմա, օրինակ, ԱՄՆ-ում չենք կարողանում որևէ մեկի հետ լուրջ խոսել։ Հիմա մեր իշխանությունը վազվզում է, փորձում է մարդ գտնել Թրամփի շրջապատում ու դիմում են մարդկանց, ովքեր նույնիսկ հաստատված չեն իրենց պաշտոններում։ 
  • Թրամփի վարչակազմում մարդիկ են նշանակվել պաշտոններում, ովքեր 100%-ով հակաիրանական են, ու եթե բախում լինի, մեզ թույլ չեն տալու չեզոք լինել։ Մենք չենք կարողանում դիվանագիտություն վարել։ ԱՄՆ-ը որևէ ռեալ շահեր Հայաստանում չի տեսնում։ Հայաստանին ո՛չ փող են տալու, ո՛չ որևէ տեսակի այլ օգնություն։
  • Խաղաղության մասին խոսում է մի երկիր, որը 18 միլիարդ դոլար փող է արդեն տվել Իսրայելին Պաղեստինը ոչնչացնելու համար։
  • Ի դեպ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղար Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը դեռ չհասկացա՞վ՝ ինչո՞ւ արցախցիները դուրս եկան իրենց պատմական հայրենիքից։ Երկերեսանիները խոսում են խաղաղությունից… Մի ծպտուն Արևմուտքից հանե՞լ են, որ Ադրբեջանում կոռուպցիա կա։ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Չինաստանի հետ կարո՞ղ են խոսել կոռուպցիայի մասին, որ 2018թ.-ին այստեղ խեղդում էին, գիտե՞ք՝ ինչ կանեն այդ երկրները, եթե միջամտեն իրենց ներքին գործերին։

  • Ֆրանսիան Հունաստանի հետ պայմանագիր ունի, ռեալ զենք է տալիս, մենք ի՞նչ ունենք։ Մակրոնը ուր ասես, չգնաց՝ Ղազախստան, Ղրղըզստան, Ուկրաինա, մի անգամ եկա՞վ այստեղ, որևէ մեկի հետ հանդիպե՞լ է։ Մեզ ի՞նչ են տվել, բացի ապակուց զենքերից։ Մեզ ինչի՞ եք խաբում։ Այստեղ 1000 տարի է՝ Եվրոպա չկա, մի՛ խաբեք, համակերպվե՛ք, որ 11-րդ դարից սկսած՝ այս տարածաշրջանում Եվրոպա չկա։
  • Հայաստանում մարդիկ անհանգստացած են, տագնապի մեջ են, բայց այլընտրանք չեն տեսնում։ Դրա համար ապատիայի մեջ են հավերժ մնում։ Մենք խելագարության մեջ ենք ապրում։ Էս ի՞նչ Ֆեյսբուքում թրաշվել է, էս ի՜նչ կադրեր են նշանակվում պաշտոններում…
  • Մի քանի տարի առաջ Թուրքիայի զենքով, Թուրքիայի աջակցությամբ, հրամանատարությամբ՝ 5000 տղաներ զոհվեցին, Արցախը կորցրեցինք։ Հարցեր չկա՞ն։ Լավ, ինչքա՞ն կարելի է հավատալ Արևմուտքին։ Քանի՞ տարի է՝ ասում են՝ կօգնենք ձեզ, օգնո՞ւմ են։
  • Իսկանդերներն իրենց շատ լավ դրսևորում են Ուկրաինայում, որովհետև տասնյակ-հազարավոր մարդիկ են զոհվում։ Այսինքն՝ եթե նրանց աշխատացնում ես, լավ էլ աշխատում են։ Հերիք է մեզ հեքիաթ պատմեք ֆրանսիական զենքերի մասին։ Հնդկաստանից եք զենք բերում, լավ եք անում, բերեք, բայց հեքիաթ մի պատմեք ֆրանսիական զենքի մասին։ ՀՕՊ-ով զբաղվեք։ Ինչո՞ւ մենք Իրանից ու Ռուսաստանից զենք չենք գնում… Որովհետև իրենց ասվել է՝ չառնե՛ք։
  • Ի՞նչ հարգանքի մասին է խոսքը, երբ թուրքերն ու ադրբեջանցիներն են որոշելու՝ մեր տարածքով ճանապարհները ոնց են անցնելու։ Ո՞ւմ հետ խոսեն, բանակցեն, երբ գնացել, խելագար երեխայի նման կանգնել էր մի մարդու կողքին, ով 5000 հայ տղա էր սպանել։ 
  • Մեր տարածքը դարձել է Պաղեստին։ Իրենք են որոշելու՝ Սևանը ոնց օգտագործենք, սիգ ուտե՞նք, թե՞ իշխան։ Հեսա կհամոզեն, ատոմակայանը կփակեն։ Մենք պատմությունից դասեր չենք քաղում, ինչպե՞ս կարելի է այսքան սխալվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» երթուղին կորոշեն Ադրբեջանում: 

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը Զանգեզուրի միջանցքն է:

Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացներն ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։

Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է թուրք նախարարը։

  • Դուք ճանաչում էիք այս մարդուն՝ Փաշինյանին, ես չէի ճանաչում։ Դրա համար 2018թ. հեղափոխություն կոչվածի առաջին մի քանի օրերը հավատացել եմ սրան։ Ես դեմ չեմ, որ սրճարանի փող չունեցողները հիմա ունենան, բայց ոչ Հայրենիքը հանձնելու գնով։

  • Կադրային սով է․երբ նայում ես՝ ում են նշանակում, լացդ գալիս է։ Դրա համար իր համար ամենահեշտ ճանապարհն ամեն ինչում ուրիշին մեղադրելն է։ Առաջ մեղավոր էին նախկինները, ռուսները, հետո՝ պատմական Հայաստանը, Արարատի, Ցեղասպանության հիշատակումը… Հիմա կամավորներ են խանգարում, այն կամավորները, ում ինքն էր կանչում 44-օրյայի ընթացքում պատերազմ գնալ։ Դո՛ւ ես մեզ խանգարում, դու, ուրիշ ոչ ոք։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Փաշինյանն ինքն էր կամավորներին Արցախ ուղարկում:

  • Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ բացթողում արեց, երբ թույլ տվեց, որ Հայաստանում շրջվեն դեպի Արևմուտք։
  • Թրամփին Հայաստանը չի հետաքրքրում։ Ես կողմ եմ արևմտամետյան շատ ու շատ արժեքներին, բայց լուրջ խոսեք ու քայլ արեք, բայց մի խաբեք։ Հիշո՞ւմ եք՝ Փարիզի քաղաքապետը եկավ, Հակարիի կամրջի վրա կանգնեց, գեղեցիկ էր, չէ՞։ Ինչքա՞ն կարելի է գեղեցիկ շոուներով ապրել։ Դուք իրականում արևմտամետ էլ չեք, դուք լուզերամետ եք։ Դուք գործից չեք հասկանում, ինչին կպչում եք՝ տապալում եք։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս