
Տոկաևն ուժեղացրել է Ղազախստանում անվտանգության միջոցառումներն՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի վարչապետին, նախագահի վարչակազմի ղեկավարին, ուժային կառույցների ղեկավարներին և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է շտապ միջոցներ ձեռնարկել երկրի հիմնական ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հաղորդում է ղազախական «Էկոնոմիստ» պարբերականը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալիին։
Որոշումը կապված է Ուկրաինայում իրավիճակի սրման և պետության ներսում կայունության ապահովման անհրաժեշտության հետ։Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկացվել է Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների ղեկավարությանը։ Ներքին անվտանգության հարցերը գտնվում են պետության ղեկավարի անձնական վերահսկողության ներքո։
«Ղազախստանի համար կայունության, հանգստության, օրինականության և կարգուկանոնի պահպանումը մնում է գլխավոր ռազմավարական նպատակը։ Ղազախստանը բազմիցս հանդես է եկել երկու սլավոնական ժողովուրդների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը բանակցությունների միջոցով լուծելու օգտին», – նշել է Տոկաևը։
Նոյեմբերի 27-ին նախատեսված է Պուտինի այցը Ղազախստան, իսկ նոյեմբերի 28-ին Աստանայում պետք է անցկացվի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի տեսաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար սպառազինությունների կիրառման, Ռուսաստանի զինված ուժերը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։