Իրանում կարագացվի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումից հետո

Իրանը կդադարի հաշվի առնել միջուկային ծրագրի նկատմամբ կամավոր ստանձնած սահմանափակումները և կարագացնի ուրանի հարստացման գործընթացը մինչև ցանկալի մակարդակ՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձևի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամադ Ռեզա Մոհսենի Սանիին։

«Եթե ներկայում Իրանի կողմից կամավոր ստանձնած մի քանի սահմանափակումներ պահպանվում են, ապա շուտով այդ սահմանափակումներն այլևս հաշվի չեն առնվի: Եվ մենք ամենամոտ ժամանակներս կհասնենք ուրանի հարստացման ցանկալի մակարդակի», – ասել է խորհրդարանականը ILNA գործակալությանը տված հարցազրույցում։ 

Մոհսենի Սանիի խոսքով՝ Իրանի դեմ երբևէ սահմանված բոլոր պատժամիջոցները Իսլամական Հանրապետությունը վերածել է հնարավորությունների՝ սեփական զարգացման համար, ինչն այժմ կարելի է տեսնել և՛ հրթիռային բնագավառում, և՛ միջուկային արդյունաբերության մեջ։Նոյեմբերի 21-ին ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով քննադատում է Իրանին միջուկային խնդրի շուրջ համագործակցության բացակայության համար։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստը հավանության է արժանացել 35 երկրից 19-ի կողմից։ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել։ Բանաձևն ԱԷՄԳ-ից պահանջում է մինչև 2025 թ. գարուն «համապարփակ» զեկույց պատրաստել Իրանի վերաբերյալ։ Իրանի իշխանություններն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, հայտարարել են ուրանի հարստացման համար զգալի քանակությամբ նոր ցենտրիֆուգներ շահագործելու մտադրության մասին։

Տեսանյութեր

Լրահոս