«Թուրքիային ձեռնտու է, որ երկաթգիծն ացնի Հայաստանով, չի ցանկանում կախված լինել Իրանից. Ադրբեջանը խաղաղ է խաղում». Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է։

«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացներն ադրբեջանական կողմի հետ։ Իսկ թե որտեղո՞վ է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։

Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է թուրք նախարարը։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է՝ նախարարի այս հայտարարության մասին վաղուց խոսել է։

Կարդացեք նաև

«Չնայած Թուրքիայում արդեն 20 տարի դրա մասին խոսում են, բայց մինչև հիմա չկար երկաթգիծ, որը Կարսը կկապի Նախիջևանի հետ, այդ երկաթգծի երկարությունը մոտավորապես պետք է լինի 224-225 կմ։ Թուրքիայում հավանաբար այն կառուցելու համար փող չէին գտնում, միայն նախորդ տարի աշնանն Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրեցին, կարծում եմ՝ Ադրբեջանը համաձայնել է ֆինանսավորել այդ շինարարությունը։

Շինարարության համար հայտարարվեց տենդեր, արդյունքում հաղթեց մեկ ընկերություն և հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվել, հիմա նոր-նոր պետք է սկսեն բուն շինարարական աշխատանքները։ Այդ երկաթգիծն անցնելու է շատ բարդ տեղանքով, լինելու են թունելներ, կամուրջներ, և ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հաշվարկների՝ սկզբում ասում էր, որ երկաթգծի կառուցումը կավարտվի 2028 թվականին, այնուհետև ավարտը նախանշեց  2029 թվականը։ Հայտարարվել էր, որ ընդհանուր ծախսը կազմում  է 1 մլրդ 300 մլն դոլար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ մեր զրուցակցի, այս ամենը հաշվի առնելով՝ Թուրքիան դեռևս մի քանի տարի երկաթգծով կապ չի ունենալու Նախիջևանի հետ, ուստի թուրք նախարարի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ասի, թե այդ երկաթգիծն ինչպես է գալու ու հասնի Նախիջևան։

«Հիմա պատկերը ներկայացնեմ, թե ինչ է կատարվում, քանի որ շատերը չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը։ Այսպիսով՝ Թուրքիան այս մասը դեռ չունի, պետք է կառուցի, դրա համար կարծում եմ՝ Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» նախագծից հանեց «միջանցքի» հարցը, քանի որ հիմա դա իրեն պետք չէ։

Ադրբեջանը հիմա ունի ցամաքային ճանապարհը, որն ավտոմոբիլային ճանապարհ է՝ Իրանով կապվում է Նախիջևանի հետ։ Հիմա Ադրբեջանը սկսել է քննարկել՝ Իրանի հետ այդ ավտոմոբիլային ճանապարհի կողքին լինի՞ երկաթգիծ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը խաղ է խաղում, նա սկսեց վախենալ, որ Իրանը կարող է Ադրբեջանի դեմ ինչ-որ գործողություններ իրականացնել՝ Իրան-Իսրայել այս սրման համատեքստում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է։ Սա Ադրբեջանի վախն է  Իրանից և այն թուլացնելու ու Իրանի լավ վերաբերմունքին արժանանալու համար սկսեց բանակցություններ նրա հետ՝ երկաթգծի կառուցման համար, բայց չկա վերջնական որոշում»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա նաև ընդգծեց՝ Թուրքիային ավելի ձեռնտու է, որ այդ երկաթգիծը չանցնի Իրանի տարածքով, քանի որ չի ցանկանում, որ իր ճանապարհով կախված լինի Իրանից՝ դեպի Կասպից ծով, դեպի Կենտրոնական Ասիա, թուրքալեզու երկրներ գնալու համար։

«Թուրքիայի համար ավելի շատ ձեռնտու է, որ այդ երկաթգիծն անցնի Հայաստանի տարածքով»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս