Վրաստանում նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը որոշել են առանց նախագահի մասնակցության

Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին կանցկացվի տասնմեկերորդ գումարման առաջին նիստը: Նա նաև հայտնել է պատգամավորների առաջիկա շաբաթվա օրակարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

«Քանի որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի նշանակում խորհրդարանի նիստը, որտեղ կճանաչվեն նրա լիազորությունները, Սահմանադրության համաձայն՝ առաջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց։ Մենք հետևում ենք Սահմանադրության պահանջներին և առաջին նիստը կանցկացնենք նոյեմբերի 25-ին», – ճեպազրույցում ասել է նա։

Նա հայտնել է, որ այս նիստում կստեղծվեն խորհրդարանական հանձնաժողովներ և կընտրվեն դրանց նախագահները։ Կկայանա նաև խորհրդարանի նախագահի ընտրությունը, որի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրել է Պապուաշվիլիի թեկնածությունը։

«Առաջիկա խորհրդարանական շաբաթվա ընթացքում կհաստատվի վարչապետի պաշտոնի համար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, որը կներկայացնի կառավարության նոր կազմը: Այնպես որ, շաբաթվա վերջում մենք կունենանք հաստատված կառավարություն», – ասել է Պապուաշվիլին։

150-տեղանոց խորհրդարան անցած ընդդիմադիր չորս կուսակցությունների 61 պատգամավորները հրաժարվում են մանդատներից՝ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները համարելով իշխող կուսակցության կողմից կեղծված, և պահանջում են նոր ընտրություններ նշանակել։

Ընդդիմադիրները հայտարարել են նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ակցիայի մասին և սպառնել են խափանել բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը։

Տեսանյութեր

Լրահոս