Բաժիններ՝

«Իրանը լարվածության չի ձգտում տարածաշրջանում, բայց չի հրաժարվի նավթի արտահանումից». Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը չի սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում, բայց իրեն նավթ արտահանելու իրավունք է վերապահում: Այդ մասին ասված է Ռոուհանիի հայտարարության մեջ, որը հուլիսի 31-ին զետեղվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

«Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել լարվածություն առաջացնել տարածաշրջանում եւ չի ցանկանում խնդիրներ ստեղծել միջազգային ջրատարածքներում (որոնցով իրականացվում են ածխաջածինների փոխադրումները), սակայն չի հրաժարվի նավթ արտահանելու իր իրավունքից»,- ասել է Ռոուհանին:

Ավելի վաղ Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով: Հուլիսի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումն առանց նախապայմանների: Նա հավելել է, որ դա պետք Է ցանկանա նաեւ Իրանը, բայց նա հազիվ թե պատրաստ է այդ հանդիպմանը:

«Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաեւ պետք է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն է»,- գրել է Աբութալեբին Twitter-ում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս