
Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 14 մարդ է զոհվել

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում բողոքի ակցիա է անցկացվել սոցիալական ցանցերի արգելման մասին կառավարության որոշման դեմ։ Ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Nepal News լրատվական հարթակը։
Կատմանդուի հիվանդանոցներ են տեղափոխվել տասնյակ վիրավորներ:
BBC-ն իր հերթին հաղորդում է, որ Կատմանդուի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Z սերնդի հեղափոխություն» խորագրով բողոքի ցույց, որին մասնակցել են հազարավոր ցուցարարներ: Նրանք դեմ են հանդես եկել կառավարության կողմից անցյալ շաբաթ հայտարարված որոշման դեմ, որով երկրում սահմանափակվում է սոցիալական ցանցերի և մեսենջերների, այդ թվում՝ Facebook-ի, Instagram-ի, X-ի, WhatsApp-ի, YouTube-ի աշխատանքը: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել վերջ դնել կոռուպցիային։
Ցուցարարները ճեղքել են արգելափակոցները և փորձել են մտնել խորհրդարանի շենք: Ոստիկանությունը ուժի է դիմել, այդ թվում՝ գործի դրել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ։
Իշխանությունները պարետային ժամ են սահմանել խորհրդարանի շրջակայքում և մայրաքաղաքի այլ կարևոր վայրերում: Կատմանդուից բացի, սոցցանցերի արգելքի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Նեպալի մի քանի խոշոր քաղաքներում:
Այս որոշումը կայացվել է Գերագույն դատարանի հրահանգին համապատասխան, որը կառավարությանը կարգադրել է ապահովել բոլոր առցանց հարթակների ու սոցիալական ցանցերի պաշտոնական գրանցումը, որպեսզի ապահովվի անցանկալի բովանդակության մոնիթորինգի հնարավորությունը: Հարթակների հասանելիությունն արգելափակվել է այն բանից հետո, երբ դրանցից ոչ մեկը գրանցման հայտ չի ներկայացրել: