«Մարդիկ հաճախ անթեղում են իրենց ներսի հոգևոր կրակը, կամ հանձնվում կենցաղային հոգսերին՝ մոռանալով աստվածային ճշմարիտ ուղին»
Այսօր կարելի է շատ աղերսներ բացահայտել քրիստոնեության և ամենատարբեր արվեստների միջև: «Շողակն Արարատյան» ամսաթերթի թղթակիցը զրուցել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի հետ՝ փորձելով հասկանալ ճարտարապետության և քրիստոնեության նմանությունները, հայկական ճարտարապետության նրբությունները:
– Կարող է վերամբարձ հնչել, բայց ճարտարապետությունը՝ որպես ստեղծագործություն, ամենամոտն է Աստծո ստեղծագործությանը, և ինչ-որ իմաստով ճարտարապետն Աստծո «գործընկերն» է: Ճարտարապետությունը մեթոդ է, մտածողություն, որը կարող է դառնալ զանազան մասնագիտությունների դռներ բացելու բանալի: Աշխարհի ճարտարապետական ընկալումը, համակարգային, տարածական մտածողությունը բոլոր ասպարեզներում գործունեություն ծավալելու մեծ հնարավորություններ է բացում:
Այս իմաստով ճարտարապետը որպես արվեստագետ ոչ թե նոր բան է ստեղծում, այլ ընդամենը շնորհ ունի տեսնելու այն, ինչ Աստծուց է ու արդեն իսկ գոյություն ունի: Հետևաբար, պետք է առավելագույնս ձգտել Աստծո ստեղծագործության վերարտադրմանը: Իհարկե, այս ամենը վերաբերում է արվեստի բոլոր ճյուղերին:
-Ներկայումս եկեղեցական ճարտարապետությունը ընդգծված փոփոխություններ է կրել: Որքանո՞վ են դրանք արդարացված:
-Դա շատ կարևոր հարց է, քանի որ իրականում պետք է պահպանվեին միջնադարից մեզ հասած ավանդույթները: Խոսքը ոչ թե ձևերը կրկնելու, այլ միջնադարյան մտածողության մեջ գոյություն ունեցող համակարգային մոտեցման պահպանման և վերաձևակերպման մասին է: Ինչպես մեր մայրենի լեզուն է այսօր էականորեն տարբերվում հինգ հարյուր տարի առաջ գոյություն ունեցող և օգտագործվող լեզվից, այնպես էլ ճարտարապետական լեզուն պիտի փոփոխության ենթարկվեր՝ միևնույն ժամանակ պահպանելով միջնադարյան ժառանգության առանձնահատուկ գծերը: Այսինքն՝ ճարտարապետական ձևերին միահյուսված հոգևոր միջավայրին որևէ մեկը չէր կարող մոտենալ՝ չունենալով խորը հավատք: Իսկ այսօր հաշվի են առնվում միայն մասնագիտական որակները:
-Ի՞նչ եք զգում ու մտածում ամեն անգամ որևէ գործ ստեղծելիս:
-Դա շատ գեղեցիկ ապրում է, վայելում է, և սովորաբար հենց այդ «վայելում» չափանիշի մեջ է մեր գործի էությունը: Ես իմ աշակերտներին հաճախ ասում եմ, որ արարող մարդն իր վարձը ստանում է անմիջապես ստեղծագործելիս, որովհետև այդ հաճույքը, երջանկությունը և ինչ-որ տեղ նաև երանությունը ներկա են բուն ստեղծագործական ընթացքի մեջ: Օրինակ՝ ես կարող եմ մեծ սիրով տարբեր նյութերից խաչեր պատրաստել, որովհետև խաչի խորհուրդն այնքան խորն է և այնքան հետաքրքիր, որ մի կյանք կարելի է անընդհատ ստեղծել ու չհագենալ:
-Քրիստոնեությունը այսօր որքանո՞վ տեղ ունի մեր կյանքում:
-Մի բան միայն կարող եմ հաստատ ասել՝ պետք է լինի ձգտում, ցանկություն՝ գնալու Տիրոջ ցույց տված ճանապարհով: Ես կուզեի, որ իրականում այդ ձգտումն ավելի շատ լիներ, որովհետև, ցավոք, աշխարհը գնում է հակառակ ճանապարհով: Աստվածային սերը պետք է վերապրվի իր ամբողջ խորության մեջ:
-Ի՞նչ մտահոգություններ ունեք մարդկության ապագայի հետ կապված:
– Եթե հիշենք Ադամին ու Եվային, նրանց արտաքսումը դրախտից, ինչը նշանակում է արտաքսում կատարյալից, ուրեմն մարդու ճանապարհը պիտի լինի վերադարձի ճանապարհ, վերադարձի որոնում: Այդ շարունակական ճանապարհը չի կարող լինել հարթ, առանց խոչընդոտի: Մարդիկ հաճախ անթեղում են իրենց ներսի հոգևոր կրակը, կամ հանձնվում կենցաղային հոգսերին՝ մոռանալով աստվածային ճշմարիտ ուղին: Ես համոզվել եմ, որ մեզ պետք է աստվածային վերապրում, երկնքի երկրայնացում, այսինքն՝ հնարավորություն երկրի վրա հայտնվելու երկնքում, ինչը կարող է իրագործվել միայն ճշմարիտ հավատքի օգնությամբ:
-Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:
-Նրանք որոնման ճանապարհ են ընտրել, որ ավելի հստակեցնեն իրենց կյանքը՝ հասկանալով, թե ինչ են փնտրում այս աշխարհում: Իսկ այդ ճանապարհը հանգեցնելու է «բարի հանգրվանի», «ճիշտ նավահանգստի», ինչպես ասում էր սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Ուրեմն թող այդ բարի նպատակը, այդ նավահանգիստը հասանելի լինի այն մարդկանց, որոնք որոնում են Աստծուն և չեն բավարվում այս նյութական աշխարհով:
Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ