Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությունն առաջընթա՞ց է, թե՞ հետքայլ. Մարզակական լրագրողների կարծիքները
Արդեն մի քանի օր է, ինչ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ է: Հենրիխի տեղափոխությունը հակասական մեկնաբանություններ ստացավ. մի մասը կարծում էր, որ Մխիթարյանի տեղափոխությունը հետքայլ է, մյուս մասը՝ կարիերայի առաջընթաց և կրկին փայլելու հնարավորություն: Միջազգային մամուլում ևս Մխիթարյանի տեղափոխությունը բավականին երկար քննարկվեց:
168.am-ը զրուցել է հայ մարզական լրագրողների հետ՝ հասկանալու, թե ինչ են մտածում նրանք Մխիթարյանի տեղափոխության մասին:
Էդուարդ Քալանթարյան.- մարզական մեկնաբան (Արմենիա TV, ATV)
«Այս տեղափոխությամբ Մխիթարյանը միանգամից երկու նապաստակ խփեց: Նախ ազատվեց Մոուրինիոյի «գերությունից», հետո հայտնվեց մի թիմում, որին համակրում էր մանկուց: Հասկանալի է, որ այսօրվա դրությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի հավակնոտ ակումբ է, բայց Ժոզեի մոտ խաղային պրակտիկայի խնդիր Հենոն անընդհատ կունենար: Իսկ «Արսենալը» «խաղացող» թիմ է, որտեղ ֆուտբոլիստի կրեատիվ միտքը ողջունում են, այլ ոչ թե համարում խաղային կարգապահության խախտում: Վստահ եմ, որ լոնդոնյան թիմում Մխիթարյանը վերջնականապես կբացի իր խաղային ներուժն ու կանցկացնի իր կարիերայի լավագույն հատվածը: Հուսանք, որ այդ գործընթացը կհամեմվի լուրջ տիտղոսներով»:
Սպարտակ Պետրոսյան.- Բուքմեյքերների Ռեյտինգի խմբագիր
«Կարծում եմ՝ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությունը պետք է դիտարկենք հենց նրա տեսանկյունից: Մոտ 3 ամիս խաղաժամանակ չստացած ֆուտբոլիստը վերջապես «կալանքից» դուրս է գալիս, հնարավորություն է ունենալու խաղալ, այն էլ՝ խաղալ իր ֆուտբոլը, ազատ ստեղծագործել: Դա, բնականաբար, դրական կազդի նաև Հայաստանի հավաքականի խաղի վրա, քանի որ Հենոն լավ մարզավիճակում կգա խաղերին: Այնպես որ, ինձ համար սա քայլ էր առաջ, ոչ թե հետ: Թեկուզ «Յունայթեդի» առաջ դրված է չեմպիոն դառնալու խնդիրը, թեկուզ «Արսենալի» դիրքը մրցաշարային աղյուսակում ամուր չէ: Այնպես չէ, որ Մոուրինիոյի թիմն իր առաջ դրված խնդիրը կարողանալու էր կատարել»:
Միհրան Ալեքսանյան.- Sport times
«Մխիթարյանը ստացավ իր կարիերայի վերջին լավ պայմանագիրը: Նա արդեն 29 տարեկան է, երկրարաժամկետ պայմանագիր է ստորագրել «զինագործների» հետ և ավելի բարձր աշխատավարձ է ստանալու: Խաղային առումով Մխիթարյանը միանշանակ լավ թիմում է հայտնվել: «Արսենալի» հարձակողական ոճի, կարճ փոխանցումներով դիրքային գրոհները, հակագրոհներն ու կոմբինացիոն ֆուտբոլը լիովին համապատասխանում են Հենրիխին: Խնդիրներ կարող են առաջանալ Օզիլի հետ համագործակցելու հարցում:
Երկուսն էլ վառ արտահայտված փլեյմեյքերներ են, որոնք իրենց լավագույն խաղը ցուցադրում են, երբ խաղում են 10 համարի դիրքում: 4-2-3-1 սխեմայի դեպքում՝ նույնիսկ Օբամեյանգի ձեռք բերելու պարագայում, Օզիլ-Մխիթարյան-Լակազետ-Օբամեյանգ քառյակը կարող է արդյունավետ համագործակցել (Հենոն՝ ձախից, Օզիլը՝ կենտրոնում, Լակազետն ու Օբամեյանգը՝ կիսապաշտպանության աջ եզր և կենտրոնական հարձակվողի դիրքերում փոխվելով): Իսկ եթե Վենգերն օգտագործի 3-4-3 սխեման, ապա այս 4-ից մեկը չի հայտնվի մեկնարկային կազմում: Տիտղոսների առումով. «Արսենալը» հասել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ և մասնակցում է Եվրոպա լիգային: Երկու մրցաշարում էլ հաջողության հասնելու շանսերը մեծ են: Հուսով եմ՝ Մխիթարյանը կօգնի «Արսենալին» ընթացիկ մրցաշրջանում տիտղոսներ նվաճել:
Արման Աբելյան.- Vivaro News
«Կարիերան փրկելու համար վատ տարբերակ չէր: Ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ Հենրիխն ինչ-որ տեղ «նեղացած» է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»: Թեև Եվրոպա լիգայում հաղթանակն ամենևին ամենացանկալի բարձունքը չէ «ՄՅՈՒ»-ի համար, սակայն Մխիթարյանը նախորդ տարի, իրոք, փայլեց այդ մրցաշարում: Նա թիմում ուներ լավ համբավ, խաղադաշտից դուրս էլ ընկերություն էր հաստատել թիմի 2 ամենակոլորիտային դեմքերի՝ Պոգբայի և Իբրահիմովիչի հետ: Ճիշտ է, այս մրցաշրջանի մի քանի խաղերում Հենրիխն իրոք իրեն նման չէր, բայց նաև նկատի ունենանք, որ թիմն ընդհանուր բարձր մակարդակով և կայունությամբ աչքի չի ընկնում, և դա շարունակվում է մինչ այսօր: Անկասկած, Մխիթարյանը դրա միակ մեղավորը չէր, բայց ակնհայտ է, որ Մխիթարյանի և Մոուրինիոյի դեպքում, բացի զուտ ֆուտբոլային պատճառներից, եղել է նաև այլ խնդիր:
Միգուցե իր ազդեցությունն է ունեցել ՖԻՖԱ-ի լավագույն մարզչի ընտրության ժամանակ Հենրիխի «ազնիվ» ձայների քվեարկությունը, բայց դա արդեն կարևոր չէ: Կար Իտալիա վերադառնալու տարբերակ: Կասկած չկա, որ, օրինակ, «Ինտերում» Մխիթարյանը կփայլեր: Նա այնտեղ կարող էր զբաղեցնել ենթահարձակվողի դիրքն ու «ընկերանալ» Մաուրո Իկարդիի հետ: Բայց թե՛ «Ինտերը» պատրաստ չէր գնելու նրա տրանսֆերը, թե՛ կար Մխիթարյանի բարձր աշխատավարձը վճարելու խնդիր: Ստեղծված իրավիճակում «Արսենալի» տարբերակն ամենահարմարն էր, անգլիական երևի լավագույն թիմը, որը համապատասխանում է Հենրիխի խաղաոճին: Բայց այստեղ ձգտումները նույնը չեն, ինչ «ՄՅՈՒ»-ում: Եթե այնտեղ միշտ առաջնային է չեմպիոն դառնալը, ապա այստեղ լավագույն քառյակում տեղ գրավելն արդեն իսկ հիանալի արդյունք է:
Եթե Օբամեյանգն էլ միացավ հին ընկերոջը, ապա «Արսենալն» իրոք կարող է լուրջ խնդիր դառնալ մրցակիցների համար, նաև չմոռանանք Օզիլին, ինչո՞ւ ոչ՝ Ժիրուին, ով, կարծում եմ, ինչ-որ տեղ թերագնահատված է: Կմնա ամռանն էլ լուծել թույլ պաշտպանության և կիսապաշտպանության կենտրոնի հարցը: Հենց այդ դիրքերից է մեծապես տուժում «Արսենալը», կորցնում կարևոր միավորներ: Անգլիայում մնալը Մխիթարյանի համար կարևոր էր նաև այնքանով, որ գուցե ցանկանում է Մոուրինիոյին ինչ-որ բան ապացուցել հենց նրա աչքի առջև: Եվս մեկ գործոն. Մխիթարյանը 29 տարեկանում, փաստորեն, առաջին անգամ իր կարիերայում ունեցավ տրանսֆեր, որն առաջխաղացում չէ: Բոլոր նախկին դեպքերում նա «մագլցել» էր դեպի համաշխարհային ֆուտբոլի գագաթ, հասել ամենաբարձր կետերից մեկին, բայց մեկ աստիճան ցած գլորվեց: Հենրիխը ֆուտբոլային առումով մոտենում է «ծեր» տարիքին և պետք է փորձի առավելագույնը քաղել առաջիկա 3-4 տարուց»:
Դավիթ Մարտիրոսյան.- Ֆուտբոլ+
«Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Արսենալ»՝ մանկական երազանքի իրականացում է հենց իր՝ Հենրիխի համար, ուստի խոսել, թե այս տեղափոխությունը նրա կարիերայում հետընթաց էր, կարծում եմ, որ անիմաստ է։ Ցավում եմ միայն այն բանի համար, որ «Յունայթեդում» նրա ժամանակահատվածը կարճ տևեց։ Չնայած այն մտքին եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում էլ նա հասցրեց մտնել այդ ակումբի պատմության մեջ։ «Արսենալը» նրա համար նոր մարտահրավեր է, և ես հուսով եմ, որ նոր ակումբում նա կկարողանա դրսևորել իրեն այնպես, ինչպես սովոր ենք տեսնել նրան»։
Հարություն Մինասյան.- մարզական մեկնաբան (Հ2)
«Եթե հարցը կարծիքի վրա է հիմնված, ապա չեմ կիսում (որ կարիերայի հետընթաց էր.- Ս.Ա.): Նախ՝ Հենրիխը չի տեղափոխվել անգլիական ցածր մակարդակի թիմ, այլ բավականին լուրջ պատմություն ունեցող թիմ է տեղափոխվել. հետևաբար՝ հետքայլ չի կարելի համարել: Տեսակով Հենրիխը մարտնչող է և հիմա կռիվ ունի, վրեժ: Հրանտ Մաթևոսյանից մեջբերում անեմ. «լավը չես, խեղճ ես, մեջդ վրեժ չկա»: Իսկ Մխիթարյանը խեղճ չէ, ինչպիսի դրության մեջ որ հայտնվել էր: «Արսենալն» այն թիմն է, որտեղ կարող է ապացուցել:
Ինձ ճիշտ հասկացեք, ոչ թե վրեժ՝ նախկին թիմի կամ մարզչի, այլ վրեժ՝ ապացուցելու, որ իրենն է Անգլիայի պրեմիեր լիգան, որ չհիշեն Հենրիխին 1,5 տարվա «Կարմիր սատանա», որը կիսատություն է, կարծում եմ: Իսկ Հենրիխը կիսատություն չի սիրում: Ի՞նչ եք կարծում, չէր կարող Հենրիխը, ինչպես շատերն էին ցանկանում, տեղափոխվել Իտալիա՝ հանդես գալու «Յուվենթուսի» կազմում: Իհա՛րկե կարող էր, բայց անավարտ է Անգլիայում իր գործը: Ես հիմա մեծ վստահությամբ եմ դա ասում: Հենրիխը նոր պատմության էջ է բացել, որի մասին 100 տարի հետո էլ խոսելու են: Հետևաբար՝ հետքայլ նման պատմության առաջին էջին գրել չեմ կարող: Հաջողություն եմ մաղթում Հենրիխին՝ նոր՝ հյուսիսլոնդոնյան ճանապարհորդությունում, բայց նաև՝ հին ու հարազատ Պրեմիեր լիգայում»:
Սիրարփի Աղաբաբյան