Գիտնականներն ապացուցել են, որ ապատիան կրճատում է կյանքի տևողությունը
Ծերանոցներում տարեց մարդկանց եւ հաշմանդամների կյանքի դիտարկումները ցույց են տալիս, որ ապատիան եւ մոտիվացիայի բացակայությունը զգալիորեն կրճատում են մարդու կյանքը եւ մեծացնում նրա վաղաժամ մահվան հնարավորությունները: Այդ մասին ասված է Journal of the American Geriatrics Society հանդեսում հրապարակված հոդվածում։
«Այն, որ ծերանոցների կենվորների մոտ կարող է զարգանալ ապատիա, պետք է անպայման հաշվի առնել նրանց խնամելիս: Ե՛վ ծերանոցների կենվորներն իրենք, ե՛ւ նրանց ազգականները, ե՛ւ նման հաստատությունների անձնակազմը պետք է իրենց առջեւ հստակ խնդիր դնեն՝ բարելավել տարեցների կյանքը եւ ձեռնարկել այլ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այդ բացասական երեւույթը»,-հայտարարել է Նեյմեգանի համալսարանի (Նիդեռլանդներ) աշխատակցուհի Յոհաննա Նեյսթենը:
Վերջին տարիներին գիտնականները գտել են այն բանի բազմաթիվ վկայություններ, որ շարունակական դեպրեսիան ոչ միայն ազդում է մարդու հոգեբանության ու վարքագծի, այլեւ նրա առողջության վրա, եւ ուղղակի իմաստով կրճատում է նրա կյանքի տեւողությունը: Օրինակ, չորս տարի առաջ նիդեռլանդացի կենսաբանները հայտնաբերել են, որ դեպրեսիայի էպիզոդները նկատելիորեն կրճատել են այսպես կոչված տելոմերների՝ ԴՆԹ-ն վնասվածքներից պաշտպանող քրոմոսոմների վերջույթների երկարությունը, ինչի հետեւանքով բջիջներն սկսում են ավելի արագ ծերանալ:
Նեյսթենը եւ նրա գործընկերները հայտնաբերել են այն բանի առաջին վկայությունները, որ համանման ձեւով մարդու վրա ազդում է նաեւ ապատիան՝ կյանքում նպատակի բացակայությունը եւ անտարբերությունը տեղի ունեցող ամեն բանի նկատմամբ: Նրանք այս եզրակացությանն են եկել՝ մի քանի տարվա ընթացքում Նիդեռլանդներում դիտարկելով ծերանոցների մոտավորապես 700 կենվորների կյանքը:
Ինչպես նշում են գիտնականները, հոգեբանները եւ նեյրոֆիզիոլոգները բավականին վաղուց են ուսումնասիրում այն, թե ինչպես է ապատիան փոխում ուղեղի աշխատանքը եւ մարդու հոգեբանությունը, սակայն մինչ այժմ ոչ ոք չի փորձել պարզել, թե կյանքի նկատմամբ անտարբերությունը ինչպես կարող է ազդել դրա տեւողության վրա:
Նեյսթենի եւ նրա գործընկերների դիտարկումները ցույց են տվել, որ ծերանոցների այն կենվորները, որոնց մոտ ապատիայի առավել բարձր մակարդակ է նկատվել, միջին հաշվով անհամեմատ ավելի հաճախ են մահացել, քան դրանց այն բնակիչները, որոնց մոտ պահպանվել է կյանքի ձգտումն ու լավատեսությունը:
Միջին հաշվով, մեռնելու նրանց շանսերը մոտավորապես 64 տոկոսով ավելի բարձր են եղել, քան մնացած տարեց նիդեռլանդացիներինը, ինչը առանձնապես բնութագրական է եղել այն մարդկանց համար, որոնք պահպանել են մտքի պարզությունն ու չեն դարձել ծերունական դեմենցիայի զոհեր: Նման դեպքում մեռնելու հավանականությունը բարձր է եղել գրեթե 2,2 անգամ:
Հետաքրքիր է, որ, չնայած ծերանոցներում կանանց գերակշռությանը, ամենից շատ ապատիայի ենթակա են եղել տղամարդիկ, որոնց մահվան ռիսկը նկատելիորեն ավելի բարձր է եղել, քան թույլ սեռի ներկայացուցիչներինը: Այդուամենայնիվ, այդ ամենի գլխավոր խնդիրն այն է եղել, որ ապատիայից տառապել է բոլոր ծերանոցների այն բնակիչների մոտավորապես կեսը, որոնք ուսումնասիրվել են գիտնականների կողմից:
Դա նշանակում է, որ ապատիան գլխավոր գործոններից մեկն է դրանց կենվորների համար, որի դեմ, ինչպես ընդգծում են գիտնականները, պետք է համատեղ պայքարեն ե՛ւ ազգականները, ե՛ւ տարեցներն իրենք, ե՛ւ այդօրինակ հաստատությունների աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: