Սովորական դարձած անկումը
Շինարարության ոլորտի անկումն արդեն այնքան սովորական է դարձել, որ այդ մասին արդեն գրեթե չենք էլ խոսում։ Տնտեսության երբեմնի շարժիչ ուժը 2009 թվականից ի վեր սկսեց գահավիժել, և այդ պրոցեսը շարունակվում է նաև այժմ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016 թվականին իրականացված շինարարության ծավալը կազմել է 397.6 մլրդ դրամ, որը 2015 թվականի ցուցանիշից փոքր է 10.8%-ով։
Ինչպես տեսնում եք գծապատկերում, 2009 թվականից ի վեր` շինարարությունը միայն 2 անգամ անկում չի գրանցել` 2012 թվականին այն աճել է 0.2%-ով, և 2015 թվականին` 0.3%-ով։ Իսկ ընթացիկ գներով վերցրած` 2016 թվականի ընթացքում իրականացված շինարարության ծավալից ավելի քիչ ծավալ գրանցվել է միայն 12 տարի առաջ` 2004 թվականին։
Իսկ եթե համեմատում ենք շահագործման հանձնված շենքերի մակերեսը, ապա անկումն ավելի խորն է` մոտ 20%։
Ամենից շատ` 66.9%-ով, նվազել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը։ 2016-ին իրականացվել է 38.4 մլրդ դրամի պետական շինարարություն։ Համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը նվազել է 3.8%-ով։ Շինարարության ընդհանուր ծավալի 46.8%-ը (շուրջ 186 մլրդ դրամ) իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին։ Նախորդ տարվա համեմատ կազմակերպությունների շինարարությունը նվազել է 8.6%-ով։
Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը 2016 թվականի համեմատ նվազել է 11.6%-ով և կազմել շուրջ 100 մլրդ դրամ, որն ընդհանուրի մեկ քառորդն է։ Միակ աղբյուրը, որի հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է, միջազգային վարկերն են։ Վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է 28.3%-ով և կազմել շուրջ 60 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 15%-ը)։
Այդ գումարից 24.5 մլրդ-ը բաժին է ընկնում Ասիական զարգացման բանկին (Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարություն), 21.8 մլրդ դրամը` Համաշխարհային բանկին։ ԱԶԲ-ի և ՀԲ-ի հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են, համապատասխանաբար, 38%-ով և 31.5%-ով։ Այսինքն, եթե վարկային միջոցները չլինեին, շինարարության անկումը 2016 թվականին ավելի խորն էր լինելու։
Նախորդ տարվա` 2015 թվականի թեկուզ թույլ, բայց աճը (0.3%-ի չափով) մի պահ հույս ներշնչեց, որ շինարարությունն ի վերջո դուրս է գալիս անկումային շրջանից։ Սակայն, ինչպես երևում է, այս ոլորտը դեռ ուշքի գալու մտադրություն չունի։