«Ղեկավարի կենսակերպից ուղղակիորեն կախված է բիզնեսի հաջողությունը». Արտյոմ Աղաբեկով
Բլոգեր Սերգեյ Սուխովը զրուցել է «Պատուհանների ֆաբրիկայի» ղեկավար,
Adventum-ի համահիմնադիր Արտյոմ Աղաբեկովի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Ղեկավարի կենսակերպի և ինտուիցիայի մասին
– Արտյոմ, արդյո՞ք այն կարծիքին եք, որ ղեկավարի կենսակերպից ուղղակիորեն կախված է բիզնեսի հաջողությունը:
– Այո, ես այդպես եմ կարծում: Իհարկե, կան բացառություններ: Օրինակ՝ այդ բացառություններից են մի քանի հայրենական մենաշնորհներ: Բայց եթե մենք խոսում ենք ընկերության մասին, որն աշխատում է մրցակցային միջավայրում, ապա առաջնորդի որակներն ու կենսակերպը ցուցիչներ են, որոնք ուղղակիորեն ազդում են բիզնեսի զարգացման վրա: Քո ապրելակերպը ազդում է մտքերիդ, որոշումներիդ, շրջապատիդ վրա: Այդ ամենի հետևանքը համարվում է քո կազմակերպության աշխատանքի արդյունքը:
– Դուք դիտե՞լ եք «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը. այնտեղ միանգամայն հակառակն է պրոպագանդվում՝ թմրանյութեր, ալկոհոլ, սեքս գրասենյակում…
– Ոչ, չեմ դիտել: Դա իմ ֆիլմը չէ: Բայց հարցնեմ՝ ինչպե՞ս է այնտեղ ամեն ինչ ավարտվում: Ենթադրում եմ, որ հերոսը կորցնում է ողջ հարստությունն ու բանտ նստում:
Հիշեք 90-ականների հայրենական ձեռնարկատերերին: Մեզ մոտ ամեն ինչ այնպես էր, ինչպես այդ ֆիլմում: Եվ ո՞վ է այդ գործարարներից մինչ օրս հաջողակ: Միայն նրանք, ովքեր կարողացել են փոխել իրենց ապրելակերպը: Տեղի է ունեցել բնական սերնդափոխություն: Այլ օրինակ բերեմ՝ վերջերս եղել եմ Google, Apple, LinkedIn, Facebook ընկերություններում, ու գիտե՞ք՝ ինչ եմ նկատել. այնտեղ ոչ մի գեր մարդու չես հանդիպի: Ամենայն հավանականությամբ, այդ ընկերություններում աշխատում են միայն այն մարդիկ, որոնք վարում են առողջ կենսակերպ: Դուք չեք կարող ձեզնից պահանջվողը կատարել, եթե զբաղվում եք շարունակական ինքնակործանմամբ:
Ես դա կբնութագրեի հետևյալ կերպ. ցանկացած լաբորատորիայում կան կշեռքներ, որպեսզի դրանք ճիշտ ցույց տան զանգվածը, պարբերաբար տրամաչափարկման են ենթարկվում: Անընդհատ որոշումներ ընդունող մարդը նույնպես տրամաչափարկման կարիք ունի, որպեսզի ճշգրիտ լինի: Տրամաչափարկման մեթոդը հենց ապրելակերպն է, ճի՞շտ է:
Այո, հենց այդպես է: Սխալ սնունդը, այլ մարդկանց հետ սխալ շփումը հանգեցնում են նրան, որ դու սկսում ես սխալվել քո որոշումներում և անում սխալ գործողություններ:
Կա նաև այլ ասպեկտ. Եթե դու ընտրում ես առողջ ապրելակերպ, ապա միանշանակ դա կազդի քո բիզնեսի զարգացման վրա: Քո հագուստը, մեքենան, սնունդը, խմիչքները, հոբբին… քո բիզնեսը՝ այս ամենն ուղղակի այդ վեկտորի տարբեր արտահայտումներն են: Ես ուզում եմ լինել նորարար այդ ամենում: Միշտ ինքս ինձ հարցնում եմ՝ սա օգտակա՞ր է, թե՞ ոչ, ես տալի՞ս եմ, թե՞ վերցնում:
– Ինչպե՞ս սովորել վստահել սեփական ինտուիցիային:
– Ինձ համար բիզնեսը մարզասարք է, որն օգնում է ճանաչել ինքս ինձ: Օրինակ, ես սովորում եմ ընդունել որոշումներ՝ հիմք ընդունելով ինտուիցիաս, այսինքն՝ զգացողության մակարդակում: Նմանատիպ պրակտիկային բնորոշ իրավիճակներից է՝ նոր աշխատակցի մուտքը հին թիմ: Դու գրեթե երբեք չես ունենա անհրաժեշտ ինֆորմացիան՝ այդ պահին ճիշտ ընտրություն կատարելու համար: Բոլորի ռեզյումեներն էլ հրաշալի են, ցույց են տալիս այսբերգի միայն երևացող հատվածը: Բայց եթե դու կարողանում ես լսել ներքին ձայնիդ, կարող ես վստահել նաև զգացողությանդ, իսկ հետո՝ որոշ ժամանակ անց, վերլուծել արդյունքները:
– Ինտուիցիայի հետ աշխատելու ի՞նչ միջոցներ կան:
– Այսպիսի գործիքները շատ են: Ոչ միայն պետք է հետևես զգացողություններիդ, այլ նաև, օրինակ, երազներիդ: Բիզնեսի դեպքում քո ճշգրտության մասին տեղեկանում ես թվերի լեզվով՝ ընկերության գործունեության ցուցիչների տեսքով:
– Իսկ հոգևոր պրակտիկան արդյո՞ք միշտ է երաշխավորում հաջողություն բիզնեսում:
– Լավ հարց է, և դրա պատասխանը կլինի ժխտական: Որպեսզի ստեղծես հաջողակ բիզնես, պետք է ունենաս նախաձեռնողության գեն և առաջնորդի որակներ: Այդ ամենով պետք է ծնվես:
Շատ հաճախ հոգևոր փնտրտուքի մեջ գտնվող մարդիկ մտածում են, որ բիզնեսը գումար է, իսկ իրենք դրանից ավելի բարձր բան են ուզում: Նման գաղափարները ես համարում եմ հոգեբանական փախուստի ձևեր: Իմ կարծիքով՝ պետք է լինի ոչ թե կամ-կամ, այլ՝ և այս, և այն. և՛ բիզնեսը, և՛ հոգևորը:
Հավելեմ, որ ոչ բոլոր մարդիկ են կանխորոշված՝ դառնալու հաջողակ գործարարներ: Այդ ճանապարհը ոչ բոլորի համար է:
Թարգմանությունը՝ 168.am-ի