Բաժիններ՝

5 պատճառ հեռախոսը տանը թողնելու համար

Հեռախոսները դարձել են անհրաժեշտություն, և սխալ կլինի դրանցից ամբողջովին հրաժարվելու խորհուրդ տալ: Սակայն կան դեպքեր, երբ հեռախոսը ձեզ հետ վերցնելը պարտադիր չէ: Դրա համար կա առնվազն 5 պատճառ:

Դժվար է չընդունելը, որ սմարթֆոնները շատ են հեշտացրել մեր կյանքը: Մեզ արթնացնում է զարթուցիչը, որը երգում է մեր սիրելի երգը, մենք նայում ենք եղանակի տեսությունը, կարդում ենք նորությունները, խոսում ենք ընկերների հետ, հարցեր ենք տալիս Siri-ին, ստուգում ենք անհրաժեշտ հասցեն Google Maps-ում և հետո միայն վեր ենք կենում անկողնուց: Եվ այս ամենը մեկ փոքրիկ սարքի մեջ: Ավելորդ է խոսել հավելվածների մասին, որոնք, թվում է, կարող են լուծել մեր բոլոր խնդիրները:

Հեռախոսները ունեն մի շարք տարբերակներ մարդկանց կապելու համար և «Ես չկարողացա կապվել նրա հետ» արդաացումը ծիծաղելի է 21-րդ դարում:

Սմարթֆոնը ոչ միայն սարք է, այլև աքսեսուար, առանց որի, թվում է, թե մենք չենք կարող դուրս գալ տանից:

Սակայն երբեմն-երբեմն պետք է դիտմամբ մոռանալ հեռախոսը տանը: Առանց կապի միջոցի մարդիկ երբեմն իրենց ավելի ազատ են զգում: Նրանք կարողանում են ամբողջությամբ վայելել այն ամենը, ինչ կատարվում է իրենց շուրջը:

Առաջարկում ենք ծանոթանալ 5 պատճառի, ըստ որոնց՝ երբեմն շատ օգտակար է դիտավորյալ մոռանալ հեռախոսը տանը:

1. Դուք ավելի քիչ կշեղվեք

Դուք ավելի կենտրոնացած կաշխատեք, եթե 2 րոպեն մեկ չստուգեք հեռախոսի էկրանին երևացող ծանուցումները:

Եթե մի փոքր ավելի քիչ հետևեք սոցիալական ցանցերում Ձեր ընկերների կյանքին, ավելի շատ ժամանակ կունենաք Ձեր կյանքով զբաղվելու համար:

Դուք դուրս կգաք անընդհատ շտապող ու ոչինչ չհասցնող մարդու կերպարից, եթե անընդհատ կախված չլինեք հեռախոսից: Այնպես, որ եթե ուզում եք ավելի շատ մասնագիտական հաջողություններ ունենալ, ապա երբեմն-երբեմն մի վերցրեք ձեր հեռախոսը աշխատանքի գնալիս:

2. Դուք կկարողանաք հանգստանալ

Իհարկե շատ հաճելի է, երբ ականջներում լսվում է սիրելի երաժշտությունը: Սակայն երբեմն լիարժեք հանգստանալու համար պետք է դեն նետել ականջակալները և վայելել բնության ձայնը: Վերցրեք Ձեզ հետ ոչ էլէկտրոնային գիրք, գնացեք այգի և լիարժեք հանգստացեք:

3. Դուք հաճույք կստանաք մարդկանց հետ շփումից

Հեռախոսների, սոցիալական ցանցերի և մեսինջերների առկայությամբ մարդիկ, կարծես, մոռացել են, թե ինչ է նշանակում կենդանի շփում:

Մենք կարդում ենք հազարավոր նորություններ, որոնք շտապում ենք քննարկել օնլայն ընկերների հետ: Սակայն այդ նույն նորությունները բարձրաձայն քննարկելը ոչ միշտ է ստացվում:

Երկար ժամանակ օնլայն շփումներից հետո, մարդկանց հետ կենդանի շփումը լիցքաթափվելու միջոց կարող է դառնալ Ձեզ համար:

4. Դուք կկենտրոնանաք իրական կյանքի վրա

Որոշ բաներ չի կարելի հասկանալ կամ զգալ, եթե Ձեր մտքերը ինչ-որ անհասկանալի տեղում են: Նախաճաշը ավելի համեղ չի դառնա, եթե դրա նկարը հավաքի հարյուրավոր հավանումներ Instagram-ում:

Սմարթֆոնային կախվածությունները խանգարում են մեզ կենտրոնանալ իրական կյանքի վրա և զգալ կյանքի իրական հաճույքները:

Հեռախոսը երբեմն տանը թողնելով կարող եք զգալ ավելի շատ էմոցիաներ, ինչի շնորհիվ կսկսեք ապրել Ձեր, այլ ոչ օնլայն ընկերների համար:

5. Դուք կպահեք ձեր կյանքի գաղտնիությունը

Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչու եք դուք Ձեր շնիկին տարել բժշկի մոտ, և Դուք էլ պարտավոր չեք ամեն անգամ նշել, թե ուր եք գնում տանից դուրս գալիս:

Նորմալ է, որ Դուք տեղեկացնում եք Ձեր մտերիմներին և ընկերներին ձեր գտնվելու վայրի կամ Ձեր կյանքի մասին: Բայց Դուք պետք է հասկանաք նաև, որ սոցիալական ցանցերը բաց հարթակ են հազարավոր մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում լցնել իրենց նորությունների պատը անիմաստ տեղեկատվությամբ:

Պետք է ունենալ կյանքի գաղտնի հատված, որի մասին գիտեք միայն Դուք և Ձեր մտերիմները:

Տեխնոլոգիական զարգացումները շատ օգտակար են բոլորիս համար, սակայն պետք է միշտ պահել հավասարակշռությունը և հասկանալ, որ իրական կյանքն ավելի կարևոր է, քան վիրտուալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս