Գյուղտեխնիկայի միջոցով մատուցված ծառայությունների գները որոշակիորեն նվազել են
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում Ճամբարակ քաղաքին տրամադրվել են 5 միավոր գյուղտեխնիկա եւ 5 տարբեր գործողություն իրականացնող գյուղգործիքներ, որոնց շնորհիվ այս տարի ճամբարակցիները հնարավորություն ունեցան խոտ հունձը կատարել ավելի արդյունավետորեն եւ մատչելի գներով: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Ճամբարակ քաղաքի նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվին տրամադրված տրակտորները եւ գյուղգործիքները նպաստավոր են նրանով, որ անցած տարվա համեմատ գյուղտեխնիկայի մատուցած ծառայությունների գները որոշակի նվազել են:
«Անցած տարի 1 հակ խոտը կապվում էր 140-150 դրամով, իսկ այս տարի կոոպերատիվի կողմից սահմանվել է 100 դրամ, ինչը մեծ օգուտ է գյուղացիական տնտեսություններին: Եթե մենք կարողանանք հաջորդ տարի ձեռք բերել նաեւ հնձելու եւ հավաքելու համար բավարար տեխնիկա, կկարողանանք նաեւ այդ ուղղությամբ թելադրել մատչելի գներ: Եվ այս դեպքում ճամբարակցին մեկ հեկտարի հաշվով կշահի 3-4 հազար դրամ: Ինչ խոսք, ձեռք բերված տեխնիկան նկատելիորեն կարող է նպաստել անասնագլխաքանակի աճին»,- նշեց Յուրա Ավալյանը:
Բերքահավաքի մատչելի գների առնչությամբ իրենց գոհունակությունն են հայտնում նաեւ ճամբարակցիները. «Ունեցել եմ 500-ից ավել հակ խոտ, մարդիկ կապել են, 100 դրամով հաշվարկել, ու ես նախորդ տարվա համեմատ պակաս եմ վճարել 25 հազար դրամ, ինչը իմ տնտեսության համար մեծ օգուտ է: Այս սարքավորումները շատ անհրաժեշտ էին Ճամբարակին, որ մի 10-ն էլ լինի՝ ավելի լավ կլինի: Կխնդրեինք ՀՀ կառավարությանը, Ճամբարակում լուծել նաեւ հացահատիկահավաք կոմբայնի խնդիրը: Եթե մենք հույս ունենանք, որ բերքը նորմալ կհնձենք, ապա անպայման կցանենք մեր արտերը»,- հավաստիացրեց ճամբարակցի Արտուշ Թորոսյանը:
Ըստ քաղաքապետի՝ խոտի բերքահավաքը ճամբարակում ավարտվել է մոտ 80 տոկոսով, եւ կուտակված անասնակերը միանգամայն բավարար կլինի անասունների մսուրային շրջանի համար: Նույն աղբյուրի համաձայն՝ Ճամբարակ քաղաքի տնտեսություններում այժմ պահվում է մոտ 4 000 խոշոր, 3 000 մանր եղջերավոր անասուն:
Խոսրով Խլղաթյան