ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովից հետո ի՞նչ խնդիր ունի Հայաստանը

Երեկ Վարշավայում մեկնարկեց ՆԱՏՕ-ի՝ աշխարհին բեկումնային որոշումներ խոստացող գագաթաժողովը: Լեհաստանի մայրաքաղաքում է հավաքվել աշխարհի քաղաքական էլիտան՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներից, գագաթաժողովին մասնակցում են նաև Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկնել է Վարշավա, որտեղ մասնակցելու է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հավաքին, Վարշավայում ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ:

Գագաթաժողովը հյուրընկալող Լեհաստանի ԱԳ նախարար Վիթհոլդ Վաշիկովսկին օրերս ուղենիշային հոդված էր հրապարակել ֆրանսիական «Le Monde» թերթում՝ պնդելով, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը պետք է ցույց տա աշխարհին Հյուսիսատլանտյան դաշինքի ուժն ու միասնությունը: Սա, ըստ նրա, վերաբերում է նաև այն երկրներին, որոնք հակված են դրական վերաբերվելու ռուսական սադրանքներին: «Տեղն էլ բավական խորհրդանշական է, քանի որ Լեհաստանն անցել է խորհրդային լծի ողջ ճանապարհն ու ճաշակել դրա ողջ դառնությունը: Միաժամանակ մասնակիցները կկարողանան հաղորդակցվել Լեհ Կաշինսկու ժառանգությանը, ով փրկեց Թբիլիսին ռուսական օդային հարձակումներից 2008թ.»,- նշել էր դիվանագետը:

Նա նաև ընդգծել էր, որ 1999թ. Լեհաստանը հիրավի կարևոր քայլ կատարեց պատմության մեջ և միացավ ամենից արդյունավետ ռազմական ալյանսին, որը ներկայումս գոյություն ունի աշխարհում: Լեհաստանի ԱԳ նախարարն անդրադարձել էր ինչպես՝ դաշինքի անվտանգության քաղաքականությանը, առկա մարտահրավերներին և խնդիրներին, այլ նաև ընդգծել ռուսական սադրանքների մասին: «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններ կկառուցի ուժի և երկխոսության հավասարակշռության հիման վրա»,- արդեն մի քանի ամիս այս մասին է պնդում Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նշելով նաև, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում բաց պահել ՌԴ-ի հետ քաղաքական երկխոսության ուղիները: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն աշխատում է Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Այսինքն՝ առանձնապես բարձր լարվածությամբ ժամանակաշրջանում, ինչպես հիմա է, մենք հավատում ենք երկխոսության հնարավորությանը»,- հավելել է նա: Մոսկվայում ՌԴ-ի զսպման ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի այդպիսի քաղաքականությունն անվանում են ագրեսիվ և Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը խախտող։

ՌԴ-ի հետ հարաբերություններում ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն առաջնորդվում են նույն սկզբունքով՝ երկխոսություն և զսպման գործողություններ՝ ուժի ցուցադրությամբ: Այս մասին գագաթաժողովի մեկնարկին ասաց ԵՄ Հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ բոլորին հիշեցնելով հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից շաբաթներ առաջ ներկայացված ԵՄ գլոբալ նոր ռազմավարությունը, որը ևս Ռուսաստանի հետ հարաբերություններում ենթադրում էր ուժ և երկխոսություն: Թե ինչպես կառարկայանան այս հայտարարությունները՝ դեռ վերջնականապես պարզ չէ: Հայտնի է, որ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնություններից:

«Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում մենք կհիշատակենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Մեր ուղերձում կոչ ենք անում կողմերին կրճատել լարվածությունը, զերծ մնալ բռնություններից և շարունակել փորձել գտնել խաղաղ և բանակցությունների վրա հիմնված որոշում: Մենք աջակցում ենք այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- մինչ գագաթաժողովի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասել է Ստոլտենբերգը:

ՀՀ նախագահի մասնակցությունը գագաթաժողովին թույլ է տալիս ենթադրել, որ գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում ԼՂ հակամարտության հատվածը չի լինի հակահայկական: Վարշավայի գագաթաժողովի ընթացքում Հարավային Կովկասի երկրներից գագաթաժողովից արդյունքներ է ակնկալում վրացական կողմը, որը հույս ունի ՆԱՏՕ-ից անդամակցության ճանապարհային քարտեզ ստանալ:

Irakli Menagarishvili1«168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին հաստատեց Վրաստանի իշխանությունների այս սպասումները: Սակայն նաև նշեց, թե հույս չունի, որ ճանապարհային քարտեզ Վրաստանը կստանա այս գագաթաժողովի ժամանակ:

Մենագարիշվիլիի համոզմամբ՝ Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կբարձրանա ևս մեկ աստիճանով, ինչպես նախորդ բոլոր գագաթաժողովների ժամանակ: «Վրաստանն իրեն բոլորովին անվտանգ կարող է զգալ միայն ՆԱՏՕ-ի կազմում, Վրաստանը վաղուց է պատրաստ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, բայց ռուսական գործոնը թույլ չի տալիս ՆԱՏՕ-ին համարձակորեն դիմել այս քայլին: Կարծում եմ՝ Ռուսաստանի հետագա քաղաքականությունից կախված կլինի, թե որքանով ինտենսիվ այդ գործընթացն առաջ կմղվի: Առայժմ այս հարցը որպես զիջում է դիտարկվում, քանի որ ՆԱՏՕ-ն հույս ունի կարգավորել ՌԴ-ի հետ հարաբերությունները երկխոսության ճանապարհով, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ չի կարող թույլ տալ Վրաստանի ՆԱՏՕ անդամակցություն, ինչն ապացուցում է, որ Վրաստանի ռուսական սպառնալիքը դեռ չեզոքացված չէ»,- ասաց նախկին նախարարը:

Նրա համոզմամբ, ՆԱՏՕ-ի հետ չկնքվելիք համաձայնագիրը կոմպենսացվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Վրաստան կատարած այցի ընթացքում հաստատված անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման մասին հուշագրով: Սա, նրա որակմամբ, էական իրադարձություն է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի դերակատարությունը ՆԱՏՕ-ի համար:

«Սա ցույց տվեց, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, բաց չի թողնում Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու հնարավորությունը, քանի որ հասկանում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհային քարտեզի ուշացումը կարող է անհանգստություններ բարձրացնել Թբիլիսիում, ու փորձում է այդ հարցը լուծել երկկողմ մակարդակում, եթե ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ խուսափում են Ռուսաստանին «նյարդայնացնելուց»»,- ասաց Մենագարիշվիլին: Նրա համոզմամբ, ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովի ընթացքում կընդունվեն փոքր-ինչ ավելի կոշտ որոշումներ, քան նախորդ գագաթաժողովին: «Բայց ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ խուսափում են ուժի ցուցադրությունից, խուսափում են ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումից, ուստի, կարծում եմ, Ռուսաստանը չի զարմանա գագաթաժողովի արդյունքներից»,- ասաց նա: Նրա համոզմամբ՝ զարմանալու դեպքում պետք է դիմի իր խոստացած պատասխան քայլերին, որոնց դեպքում Հայաստանը պետք է զգոն և ուշադիր լինի: «Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները կգնահատեն պահի լրջությունը, ինչպես միշտ են անում»,- ակնարկեց վրացի դիվանագետը:

Syuzan StuardԳերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ ՆԱՏՕ-ն զգույշ է լինելու, հենց այդ պատճառով էլ հայտարարվել է ՌԴ-ի հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, արևմտյան կառույցները ձգտում են հնարավորինս քաղաքական-դիվանագիտական ուղիներով լուծել առաջացած խնդիրները: «Այդ պատճառով փորձում են հեռու մնալ այնպիսի որոշումներից, որոնք կհրահրեն ՌԴ-ին՝ կարծելով, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում պաշտպանական համակարգերի փոփոխությունն՝ ընդլայնումը, համալրումը նոր ուժերով, արդեն իսկ որոշակի ուղերձ կդառնա ՌԴ-ի համար: Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ ՌԴ-ն բազմիցս արտահայտվել է, այս ուղղությամբ որոշումներ կայացնելը կնշանակի՝ գնալ ուղիղ հակամարտության ՌԴ-ի հետ, երբ հայտարարվում է երկխոսության անհրաժեշտության մասին»,- նկատեց Ստյուարտը: Նրա խոսքով, եվրաատլանտյան ինտեգրացիոն ուղղություն վերցրած այս երկու երկրներն ի վերջո ստանալու են անդամակցություն, պարզապես Հյուսիսատլանտյան դաշինքը դա փորձում է հնարավորինս անվնաս իրականացնել, այդ ընթացքում հնարավորինս օգնելով այս երկրներին՝ ապահովել իրենց անվտանգությունն առանձին երկրների հետ համագործակցության միջոցով:

Ինչ վերաբերում է ողջ Հարավային Կովկասին և ԼՂ հակամարտությանը, Ստյուարտն ասաց, որ ՆԱՏՕ-ն ՀՀ-ի հետ հարաբերություններում փորձում է աջակցել պաշտպանական համակարգում բարեփոխումներին՝ ի պատասխան Հայաստանի խաղաղապահ առաքելություններին աջակցությանը, ինչը մշտապես բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի կողմից: «Սակայն Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի տպավորություն կա, որ սա ամենաշատն է, ինչ կարող է լինել ՆԱՏՕ-ՀՀ հարաբերություններում ՀԱՊԿ անդամակցության պատճառով, ուստի կողմերն ավելիի հավակնություններ չեն հայտնում»,- ասաց Ստյուարտը: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության հարցում իր դիրքորոշումը չի փոխելու և անակնկալ հայտարարություններով հանդես գալու: «ՆԱՏՕ-ն աջակցում է խաղաղ ջանքերին, և որպես պաշտպանական կառույց՝ չի կարող միջամտել հակամարտությանը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս