«Չի կարելի հլու-հնազանդ ենթարկվել մի երկրի, որը զենք է վաճառում քո թշնամուն»

Հարցազրույց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ

– Ինչ կարելի է սպասել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից, որը նախատեսվում է այս ամսվա վերջին։

– Առաջին հերթին՝ պետք է սպասել շփման գծում իրադրության սրացում։ Դա Իլհամ Ալիևի բարի ավադույթն է՝ ղարաբաղաադրբեջանական հակամարտության հետ կապված ցանկացած հանդիպման կամ գագաթաժողովների նախորդող ժամանակահատվածում հրետակոծել ՀՀ-ի և ԼՂ-ի գյուղերը, բաց թողնել անօդաչու սարքեր, փորձել հունից հանել բանակցող կողմերին ու միջնորդներին։ Որևէ բեկումնային արդյունքի հնարավորության սպասում ես չունեմ։ Առավելագույնը՝ որոշ ժամանակ ևս պահպանել հարաբերական կայունությունը։ Ի դեպ, դա ինքնին այնքան էլ քիչ չէ։ Ցանկալի էր հուսալ, որ Ռուսաստանն ու բանակցությունների մյուս մասնակիցները վերջապես կկարողանան ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի Ալիևի ռեժիմը՝ ա) դադարեցնի սահմանին սադրանքները, բ) նվազեցնի անպարկեշտ հակահայկական քարոզչությունը։ Առանց դրա բանակցությունները վեր են ածվում ծիսական ֆոտոսեսիաների լրատվամիջոցների թղթակիցների համար, իբրև թե՝ «տեսեք, Սարգսյանն ու Ալիևը իրար կողքի են նստած», չըխկ-չըրխկ։ Այդ ատրակցիոնն արդեն հոգնեցրել է։

– ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Սանկտ Պետերբուրգում նախապատրաստվում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, գագաթաժողով, սակայն հետագայում փոփոխեց հաղորդագրությունը՝ հանելով այդ տողերը։ Ի՞նչ է նշանակում դա։

– Դա նշանակում է, որ արցախցիներին և ՀՀ-ին փորձում են «ճկել» (կամ դրդել) հանձնելու, այսպես կոչված, «անվտանգության գոտին», և, որպեսզի ԼՂՀ-ն հրաժարվի լիարժեք բանակցություններին մասնակցելուց։ Հայկական կողմը դեռևս դիրքերն ամուր է պահում և այդ երկու առաջարկներն ուղարկում է այնտեղ, որտեղ դրանց տեղն է՝ աղբարկղ։ Կոչ եմ անում հայկական երկու պետություններին՝ մինչև վերջ դիմակայել և անշեղորեն հետևել հենց այդ մոտեցմանը։ ԼՂՀ-ի սահմանադրական տարածքի հանձնումը նշանակում է պատմության ավարտ՝ ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ-ի համար։ Այդ դեպքում հարկ կլինի նոր Հայաստան կառուցել ինչ-որ տեղ՝ Ուրուգվայում, քանի որ Արցախի և Ադրբեջանի սահմանին, ամրությունների վերացման հետ միասին, կանհետանա նաև ողջ ՀՀ-ի պաշտպանական վահանը։ Եթե անգամ Ալիևը չցանկանա նոր տարածքներ գրավել, դա նրան կստիպի Էրդողանը։

– Ըստ Ձեզ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ՀՀ-ն ինչո՞ւ դեմ քվեարկեց Հարավային Օսիայի և Աբխազիայի փախստականների վերադարձի բանաձևին։ Դրանով կասկածի տակ է դրվում որոշումներ ընդունելու ՀՀ-ի սուվերենությունը։ Որքանո՞վ էր այդ քվեարկությունը թելադրված Մոսկվայի ճնշմամբ և ինչպե՞ս է այն կապված Արցախի հետ։

– Աշխարհաքաղաքական իմ ճաշակի համաձայն՝ ՀՀ-ի «դեմ» քվեարկությունը մեծ պատմական սխալ է։ Առաջին հերթին՝ չի կարելի հլու-հնազանդ ենթարկվել մի երկրի, որը զենք է վաճառում քո թշնամուն։ Երկրորդը՝ ինչպես էլ հայերն ու վրացիները մեկնաբանեն երկկողմանի համաձայնագրերը, նոր օսմանյան արշավանքը նրանք ստիպված կլինեն դիմավորել գրկախառնված և միասնական խրամատում։ Կռվեցնել ՀՀ-ին ու Վրաստանին կարող են միայն՝ հայերի ու վրացիների, ինչպես նաև՝ պատմական ՌԴ-ի թշնամիները, քանի որ ՌԴ-ի, Վրաստանի և ՀՀ-ի քրիստոնեական իրավահավասար համագործակցությունը՝ իր փոխլրացմամբ, իր գաղափարախոսությամբ, շատ ավելի անհրաժեշտ և տրամաբանական է, քան բոլոր «ՀԱՊԿ»-ներն ու եվրասիական նախագծերն իրար հետ վերցրած։

Պետք է ոչ թե Ասիան քարշ տալ Եվրոպա, այլ պաշտպանել իրական եվրոպական, քրիստոնեական, համամարդկային մշակութային արժեքները և Եվրասիայում կյանքի եվրոպական ձևը։ Սակայն վախենում եմ, որ ռուսական քաղաքական գործիչները դա շատ ուշ կհասկանան, երբ Արարատյան դաշտավայրն ու Բորժոմին կվերածվեն չայնա-թաունների, իսկ ԴԱԻՇ-ը նոր օսմանցիների հետ կփակի Թբիլիսիում և Երևանում վերջին եվրոպական սրճարանները։ Ես դիտավորյալ եմ գերչափազանցված ու ցավոտ ներկայացնում, որպեսզի հասկանալի լինի. եթե Եվրասիայի քրիստոնյաները շատ գզվռտվեն և իրար թքոտեն, հիշեն, թե 2 դար առաջ ով է ում հետույքին շամփուրով հարվածել, ոչ մի լավ բան չի լինի։

Եվ մեկ շատ կարևոր հանգամանք. չի կարելի ղարաբաղաադրբեջանական հակամարտությունը համեմատել այն հակամարտությունների հետ, որոնք տեղի ունեցան Վրաստանում իր տարածաշրջանների հետ, թեկուզ և նրա համար, որ վրացական պաշտոնական ներկայացուցիչներն ընդունել են իրենց մեղքը կատարվածում։ Կամ թեկուզ և նրա համար, որ Ցխինվալիի տարածաշրջանի սահմանին կա բաց դռնակ՝ ժանգոտած ցանցով, ինչպես սովետական հավաքարարի ամառանոցում, իսկ օսերը մեկնում են Թբիլիսի սովորելու, բուժվելու, մթերքներ գնելու և վաճառելու համար։ Արցախցիները կարո՞ղ են շտապօգնության մեքենա կանչել Ադրբեջանից։

Իսկ ահա չճանաչված Հարավային Օսիայի սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են ցանկացած պահի օգնության համար դիմել Վրաստանի իշխանություններին։ Փախստականները պետք է վերադառնան իրենց տներ և՛ Ցխինվալի, և՛ Աբխազիայի Գալիի շրջան։

Այս խաղաղությունն ու հաշտությունն անհրաժեշտ են մեզ բոլորիս։ Իսկ թե ինչպես Վրաստանը հարաբերություններ կկառուցի այդ ժողովուրդների հետ, դա նրանց խնդիրն է, որով զբաղվում է հատուկ նախարարություն։ Նրանք, ովքեր նմանություն են տեսնում ղարաբաղաադրբեջանական հակամարտության և Վրաստանի հակամարտությունների միջև, աշխատում են հայերի, վրացիների և բոլոր նրանց շահերի դեմ, որոնց համար թանկ է տարածաշրջանում խաղաղությունը։

– Առաջիկայում ՀՀ ԱԺ-ն կվավերացնի ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համաձայնագիրը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է այն ենթադրում, և ինչո՞ւ է ՌԴ-ից ՀՀ զենքի մատակարարումը պայմանավորվում այդ ՀՕՊ-ին միանալու հանգամանքով։

– Ենթադրում եմ, որ այդ ՀՕՊ-ն առաջին հերթին՝ բարդ տեխնիկական համակարգ է, որի համար պահանջվում է հանգույցների, ստորաբաժանումների որոշակի ինտեգրացիա և շատ սերտ միջպետական համագործակցություն։ Ես դրա մեծ մասնագետը չեմ, այստեղ անհրաժեշտ է լուրջ ռազմական վերլուծաբան։ Կարևորն արդյունքն է, իսկ արդյունքը խաղաղ երկինքն է ՀՀ-ի, ԼՂ-ի և տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Խաղաղությունը գլխավոր արժեքն է, գլխավոր չափանիշը բոլոր ջանքերի, նախագծերի և համակարգերի համար։

– Բաքուն դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել այդ համաձայնագրին։ Ինչո՞ւ։

– Հնարավոր է՝ հաշվարկում են հետևանքները։ Հնարավոր է՝ Բաքվից ինչ-որ բանակցություններ են վարվում։ Մենք կարող ենք միայն կռահել։ Ռազմական գործերը մութ բաներ են։ Ես չէի ցանկանա դավադրությունների տեսություն կառուցել։

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Իրանի դիրքորոշումը, որը դեմ է արտահայտվել միասնական ՀՕՊ-ին։

– Իրանը լուրջ մեծ պետություն է՝ մեծ քանակի հետաքրքրություններով ու թշնամիներով։ Այդ պատճառով Թեհրանը շատ խանդոտ է արձագանքում, եթե ինչ-որ բան փորձում են տեղադրել պարսկական սահմանի մոտ։ Հատկապես, եթե այդ «ինչ-որ բանը» կրակում է, պայթում և պահանջում է ռազմական կոնտինգենտի առկայություն, այդ թվում և՝ ռուսական։ Իրանում ՌԴ-ն այսօր ընկալվում է՝ որպես հակասական, դժվար կանխատեսելի դաշնակից։ Դրա համար իրանցիները, ինձ թվում է, կամակորություն են անում` կանխարգելելու նպատակով։ Եվ նրանց կարելի է հասկանալ։

Տեսանյութեր

Լրահոս