«Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են նույն իրավիճակում». Ալիկ Էրոյանց

Հարցազրույց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ

– Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Վրաստանում, առհասարակ, ի՞նչ տրամադրություններ են Ղարաբաղի հարցի հետ կապված, ու այս հանդիպման վերաբերյալ ի՞նչ մեկնաբանություն կարող եք տալ:

– Տվյալ հանդիպման մանրամասներին տեղյակ չեմ, որպեսզի կարողանամ կոնկրետ մեկնաբանել, բայց տրամադրությունների հետ կապված կարող եմ ասել, որ ինչ-որ չափով դրանք փոխվել են՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ, քանի որ իրենց իշխանությունների վարած քաղաքականությունը, մեծ առումով, անդրադառնում է նաև հասարակական տրամադրությունների վրա: Սահակաշվիլիի իշխանության տարիներին ավելի ընդգծված էին պրոթուրքական տրամադրությունները, դա ազդում էր նաև հասարակական տրամադրության, փորձագիտական շրջանակների վրա: Այժմ ավելի բարելավվել է իրավիճակը: Իսկ քաղաքական կամ պաշտոնական մակարդակում՝ պաշտոնական Թբիլիսին մշտապես հանդես է գալիս հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու մասին հայտարարություններով, նույնիսկ իրենց միջնորդությունն են առաջարկել:

Ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարություններով հանդես են եկել առ այն, որ տվյալ հակամարտությունն անպայմանորեն պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: Իրենք ևս անհանգստացած են, քանի որ Ղարաբաղի անվտանգությունը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից իրենց համար ևս կարևոր խնդիր է, և բնական է, որ իրենք ևս ցանկանում են, որպեսզի այդ հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա:

Կարդացեք նաև

-Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել տրանսպորտային նոր երթուղու շուրջ, ինչի մասին հայտարարել է «Իրանի երկաթուղիների» պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին: Վերջինս նշել է, որ երթուղին ներառելու է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներ և անցնելու է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով: Արդյոք, սա չի՞ ամրապնդի Ադրբեջան-Իրան-Վրաստան հարաբերություններն ու ըստ այդմ՝ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի վրա:

-Ցանկացած նախագիծ, որում ներգրավված է Ադրբեջանը, մեզ համար նպաստավոր չէ: Եվ, այո, կան նաև նախագծեր, որտեղ Ադրբեջանի մասնակցությունը մեզ համար նաև մտահոգիչ պետք է լինի. նույն երկաթուղային հաղորդակցության նախագծերը, նավթա-գազային ուղիները, որոնք անցնում են Ադրբեջանից Վրաստան, այնուհետև՝ Թուրքիա: Այսինքն՝ այն խնդիրը, որ իրենց առջև դրել են Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես կարողանում են իրականացնել՝ էներգետիկ, տնտեսական շրջափակման մեջ են փորձում պահել Հայաստանին: Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան-Վրաստան եռակողմ համագործակցությանը կամ նույն Ադրբեջան- Վրաստան -Թուրքիա եռակողմ համագործակցությանը, բնական է, որ այդ երկրներն առաջնորդվում են իրենց շահերից, և մեր կողմից ուղղակի չի կարող միջամտություն լինել: Այլ հարց է, որ քաղաքական մակարդակում կամ պաշտոնական հայտարարություններում, օրինակ, Վրաստանը, պետք է որոշակի զուսպ քաղաքականություն վարի, քանի որ պետք է հաշվի առնել հայ վրացական հարաբերություննները:

Չեմ կարծում, որ պաշտոնական Թբիլիսին այդ ամենը չի հասկանում, քանի որ նույն Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայությունը Վրաստանում ու դրանց ազդեցությունն այդ երկրի վրա, Վրաստանի համար ևս անհանգստացնող է: Ուղղակի, հաշվի առնելով ներկայիս զարգացումները և տնտեսական էներգետիկ ռեսուրսների անհրաժեշտությունը Վրաստանի համար, և կախվածությունը Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչ-որ չափով ստիպում են Վրաստանին՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ չվնասեն այդ երկրների հետ հարաբերություններին: Թե որքանո՞վ են դրանք անբարենպաստ մեզ համար, բնական է, մենք կարող ենք հասկանալ:

Իսկ պաշտոնական Երևանը պետք է հետևողական լինի. ցանկացած նման զարգացումներին, որտեղ կնշմարվի այդ երկրների համագործակցության ակտիվացում, խորացում, պետք է ուշադիր լինել, և ցանկացած պարագայում, որտեղ նկատենք որոշակի վնասներ մեզ համար, պետք է արձանագրենք ու բացահայտ բարձրաձայնելով կամ ներքին խողովակներով անպայման արձագանքենք:

-Խոսեցիք Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցությունից, Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կափանաձեն հայտարարել է, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել Վրատանում 2017թ. ամռանը: Ըստ ձեզ՝ սա չի՞ նշանակում, որ մեր հարևան Վրաստանը ամեն դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի է կարևորում, քան Հայաստանի հետ հարաբերությունները:

-Մենք պետք է հասկանանք այն իրողությունը, որ տիրում է տարածաշրջանում՝ կոնկրետ կապված այդ երկրների միջև առկա հարաբերությունների համատեքստում: Այսինքն՝ Վրաստանն, այո, համեմատության մեջ է դնում, ինչպես Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց՝ Հայաստանը ԵՏՄ անդամ է ու նրա հետ ռազմավարական գործընկեր լինել լինել չեն կարող, քանի որ իրենք այլ ճանապարհով են գնում: Բնական է, նման հայտաարարությունները մեզ համար հաճելի չեն, այդուհանդերձ, այո, Վրաստանի ղեկավարությունը, մասնավորապես՝ պաշտպանության նախարարը, նման հայտարարություն անելով Թուրքիայում կամ Ադրբեջանում, ցանկացել է նրանց հաճոյանալ ու ցույց տալ, թե որքանով են ամուր իրենց միջև կապերը:

Քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային հարթակներում միշտ պաշտպանում են վրացական շահը, տրամաբանակն է, որ վրացական կողմն էլ պետք է այսպես ասած՝ փոխհատուցի: Սա մեզ համար է ոչ հաճելի: Պարզապես հայկական կողմը պետք է այդ հարցերին արձագանքի, որպեսզի Թբիլիսին հասկանա՝ մենք ուղղակի չլսեցինք և անցավ: Հետևողական պայքար պետք է լինենք, որ իրենք էլ զգոնությունը չկորցնեն: Վրացական կողմն էլ լավ գիտակցում է այն վտանգը, որ կարող է հետագայում ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններից և այդ հանգամանքը պետք է օգտագործենք մեր քաղաքականությունը Վրաստանի հետ վարելու համար:

Հայաստանն ու Վրաստանը, կարծես, նույն իրավիճակում են հայտնվել, քանի որ իրենք ունեն ռազմավարական դաշնակից, որի հետ մենք հարաբերությունների մեջ չենք կամ թշնամական հարաբերությունների մեջ ենք, մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ էլ իրենք հարաբերությունների մեջ չեն: Առնվազն ներքին խոսակցությունների, փակ հանդիպումների, քննարկումների ժամանակ կամ նույնիսկ անհատական զրույցներում իրենք լավ հասկանում են դա, իսկ պաշտպանության նախարարը, բնական է, ռազմական ոլորտի մարդ է, ու պետք է կոշտ դիրքորոշմամբ հանդես գա, ռազմական շահերից ելնելով պետք է խոսի: Բնական է, որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր կամ դաշնակից ենք, իսկ իրենք վատ հարաբերությունների մեջ են, և այս ձևով շատ հաճախ փորձում են ոչ թե մեզ «կպնել», այլ Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը հայտնել:

Եթե ինքը շեշտում է, որ Հայաստանի հետ չեն կարող ռազմավարական գործընկեր լինել, որովհետև ԵՏՄ անդամ է, դա ի՞նչ է նշանակում: Այսինքն՝ Թուրքիայի մոտ այնպիսի դիրքորոշում է արտահայտում, որում Ռուսաստանի հանգամանքն է ավելի շատ շեշտվում:

Տեսանյութեր

Լրահոս