«Չի կարելի այսպիսի լացակումած պետական օրհներգ հանդուրժել, էլ չեմ ասում, որ այդ օրհներգի մեջ մի քանի անգամ հնչում է «մահ» բառը». ՀԿՄ նախագահ Արամ Սաթյան
Մեր երկրի պետական խորհրդանիշերից մեկը համարվող՝ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի շուրջ տարաձայնություններ շատ են հնչել: Ի սկզբանե 1944թ., արդեն համաշխարհային ճանաչում ունեցող Արամ Խաչատրյանի հեղինակած (հայկական ԽՍՀ պետական հիմնը)՝ երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը (բանաստեղծական տեքստը` Սարմենի, ռուսերեն թարգմանությունը` Ա.Տեր-Հակոբյանի) Հայաստանի Երրորդ Հանրապետության տարիներին ՀՀՇ-ական վերնախավի գլխավորությամբ` փոխարինելով «Մեր հայրենիքով», մեծ հակասությունների առիթ տվեց: Իրականում ձոն հիշեցնող այդ բանաստեղծությունը, որ խորհրդանշում էր իտալական ժողովրդական ազատագրական պայքարը և որևէ ուղղակի առնչություն չուներ հայ ժողովրդի հետ, հարցերի մի ամբողջ շարք ի դերև հանեց՝ ո՞ր իրավունքով վերցվեց և աղավաղվեց Նալբանդյանի բանաստեղծության հիմնական բովանդակությունը, երբ առաջին` «թշվառ, անտեր» տողը փոխարինվեց «ազատ, անկախով», որի հետևանքով տեքստում ստացվեց աբսուրդ. եթե հայրենիքն արդեն ազատ է ու անկախ, ի՞նչ իմաստ ունի հանուն ազատության զոհվելու կոչը:
Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ՝ ընդունվում է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը՝ տեքստի չնչին փոփոխություններով: ՀՀ օրհներգի երաժշտության հեղինակ է դառնում Բարսեղ Կանաչյանը, թեև օրհներգի երաժշտության հետ անհամաձայնություններ ու ընդվզումներ նույնպես լինում են:
Հայաստանի Հանրաապետության Օրհներգի մասին օրենքի առաջին հոդվածով Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները և օգտագործման կարգը սահմանում է՝ այն պարտադիր կատարել պաշտոնական միջոցառումներին ու հանդիսավոր արարողությունների ժամանակ: Պետական օրհներգը պարտադիր հնչում է նախագահի երդմնակալության ժամանակ և բոլոր հայկական դպրոցներում երկուշաբթի օրերին: Նրան օրական երկու անգամ եթեր են հատկացնում հայկական ռադիո և հեռուստաընկերությունները: Օրենքը պահանջում է իր հանդեպ խորին հարգանք, և յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է՝ այն լսելիս կանգնել ու մերկացնել գլուխը: Նրա բառերը կոչ են անում Հայաստանի զավակներին՝ վերադառնալ անկախ հայրենիք, և երանելի են կոչում նրանց, ովքեր պատրաստ են զոհվել հանուն սեփական ազգի ազատության. այս տողը հատկապես արդիական էր Հայաստանի Հանրապետության կայացման տարիներին՝ Առաջինի և Երրորդի: Խորհրդային ժամանակահատվածում, որը տևել է, ոչ ավել, ոչ պակաս, 71 տարի, Հայաստանի օրհներգն այլ էր՝ խաչատրյանական: Եվ ահա, տարիներ անց՝ Երրորդ Հանրապետության օրհներգի հետ չմարած անհամաձայնություն կրող շատ քաղաքացիներ Ա.Խաչատրյանի հեղինակած երաժշտությունը վերականգնելու հիմնավոր ու համոզիչ առաջարկությամբ բաց նամակ են հղում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով վերանայել օրհներգի փոփոխության հարցը:
Բաց նամակի տակ հայտնվում են այնպիսի անվանի արվեստագետների ու մտավորականների անուններ, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Գոհար Գասպարյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սոս Սարգսյանի, ՀՀ ԱԱ ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանի, Վլադիմիր Բարխուդարյանի, Սեն Արևշատյանի, Սիլվա Կապուտիկյանի և էլի շատ ու շատ ուրիշների, որին հետևում է ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի 2006թ. մայիսի 4-ի N 299-Ա որոշումը՝ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով և հայտարարել մրցույթ:
Ամիսներ տևած թեժ քննարկումներից հետո, 2006թ. հոկտեմբերի 21-ին, հեղինակավոր հանձնաժողովը 10 փակ (գաղտնի) քվեարկությամբ պատմական որոշում է կայացնում ` մրցույթի 2-րդ փուլ անցած օրհներգի հինգ տարբերակներից՝ 15 կողմ ձայներով, գրեթե միաձայն՝ 11 ՀՀ օրհներգի մրցույթում հաղթող ճանաչել Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ 12, և առաջարկվում է ՀՀ կառավարությանը` հայտարարել նոր մրցույթ` Խաչատրյանի երաժշտության տեքստի համար: Հանձնաժողովի անդրանիկ նիստում խաչատրյանական երաժշտության վերականգնումը մերժող Ռազմիկ Դավոյանը հեղինակեց հիմնի պահանջներին ու երաժշտությանը համապատասխան բանաստեղծություն, որը, սակայն, հանձնաժողովը քննության չառավ: Պաշտոնական վարկածով՝ անցել էին մրցույթի սահմանված ժամկետները:
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն ի պաշտոնե նաև մրցութային 22 հոգանոց հանձնաժողովի նախագահն էր, այդ օրերին հայտարարել էր, որ ստացված 85 հայտերից եռօրյա քննարկումների արդյունքում հանձնաժողովը բաց քվեարկությամբ ընտրել է երկրորդ փուլ անցած ստեղծագործությունները: Առաջին փուլում ամենաշատ ձայները հավաքել էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա Տիգրան Մանսուրյանի գրած օրհներգը՝ «Հայտնի խոսք, նոր երաժշտություն» անվանակարգում, որտեղ այն միակ հայտն էր եղել: Այնուհետև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Երվանդ Երզնկյան, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ նոր խոսքերով, և Ռոբերտ Ամիրխանյանի «Մեր Հայրենիքը» կոչվող նոր օրհներգը:
Այնուամենայնիվ, ստացվեց այնպես, որ Ազգային ժողովում, որոշ քաղաքական ուժերի գերակա մասնակցությամբ և անմիջական ջանքերի շնորհիվ՝ «Մեր հայրենիքը» գերադասվեց մրցույթի երկրորդ փուլ անցած օրհներգի բոլոր տարբերակներից:
Պարզվում է, այսօր ևս՝ շատ տարիներ անց, մասնագիտական նեղ շրջանակներում և դրանից դուրս դեռ խոսվում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը փոխելու կարիք ունի, որ այն առաջվա պես չի համապատասխանում մեր երկրի ու պատմության նկարագրին՝ իբրև պետական սիմվոլ, իբրև մեր ազգային ձգտումների ամբողջական նկարագիր:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում փաստեց նաև Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր, երգահան Արամ Սաթյանը. «Ես վաղուց եմ հրապարակային ելույթով կոչ արել՝ ժամանակն է մտածելու վերանայել մեր երկրի պետական խորհրդանիշերը: Այս կոչն անարձագանք մնաց, բայց ես խորապես համոզված եմ, որ պետք է մի մեծ ալիք սկսվի: Եթե որոշել են փոփոխության ենթարկել մեր երկրի գերբը, ապա փոփոխության կարիք ունի նաև հիմնը, և արդեն՝ շատ վաղուց: Հասկանո՞ւմ եք, չի կարելի այսպիսի լացակումած պետական օրհներգ հանդուրժել, էլ չեմ ասում, որ այդ գերբի մեջ մի քանի անգամ հնչում է «մահ» բառը: Մենք անհրաժեշտություն ունենք բոլորովին նոր օրհներգի: Մենք ունենք պատմություն, մենք ունենք երաժշտություն, որը կարող է դառնալ հիանալի հիմն՝ կարող ենք վերցնել շատ ճանաչված երաժշտություն և գրել նոր բառեր, որոնք կհամապատասխանեն իրականությանը: Ինչո՞ւ չէ, կարող ենք վերականգնել Արամ Խաչատրյանի հեղինակած հիմնի երաժշտությունը, դա իսկապես համապատասխան հիմն էր մեզ համար:
Տարիներ առաջ այս հարցը լրջորեն՝ պետական մակարդակով, բարձրացվեց, անցավ մի քանի լուրջ փուլեր, բայց, ի վերջո, լռեցին, որովհետև երևի գտան, որ մենք արժանի ենք մեր այսօրվա հիմնին: Ես կարծում եմ, որ այս առնչությամբ պետք է ստեղծվի նոր պրոֆեսիոնալ հանձնաժողով, որը կառաջարկի պայմանները, ու համապատասխան մարդիկ կսկսեն լրջորեն աշխատել այս ուղղությամբ: Ի վերջո, կարելի է առաջարկել օրհներգի մի քանի տարբերակներ և սահմանել քվեարկություն:
Տոկոսային հարաբերակցությունը հստակ ցույց կտա, թե ո՞ր հիմնն է առավել ընդունելության արժանանում հասարակության մեջ: Ի դեպ, այստեղ ուզում եմ հիշել ևս մի շատ ազդեցիկ երգի մասին՝ 1812 թ. գրված «Հայաստան» երգը, որը Կոմիտասը վերածել է նաև լիրիկական տարբերակի: Ես փորձնական տարբերակով այդ երգը երգչախմբի համար ձայնագրեցի, մի անգամ հնչեց Սփյուռքում, դահլիճում ներկա ողջ ժողովուրդը մի մարդու պես ոտքի կանգնեց: Տեսե՛ք, սա խոսում է այն մասին, որ, օրինակ, այս կատարումը լուրջ նախադրյալ ունի՝ դառնալու հիմն»:
Պարզ է մի բան՝ տարիներ առաջ բարձրացված Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի փոփոխության հարցը, ոչ այնքան հստակ պատճառաբանումներով, շարունակում է մնալ՝ որպես օդում կախված անորոշ խնդիր, և մինչ պետական, պատկան մարմիններն ու ոլորտի հեղինակավոր մասնագետներն այս ուղղությամբ տարվող նոր աշխատանքների մեկնարկ չեն ազդարարել, մեզ մնում է օրենքի տարրին համապատասխան, այն է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանված կարգով՝ հիշել ու չմոռանալ, որ Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:
Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգի՝ օրենքով հաստատված տարբերակը
Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը՝ էստրադային երգիչների կատարմամբ
https://www.youtube.com/watch?v=2bNX9Y-72jA