Եթե «խաղաղության» ենք գնում, ինչո՞ւ գերիների հարցն այդ հարթակներում չի բարձրացվում. Լարիսա Ալավերդյան

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նախօրեին հայտարարություն է տարածել՝ մասնավորապես ահազանգելով․ «Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։

Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել: Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել:…

Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել։ Մենք հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։ Հուսով ենք՝ այն կհասնի հասցեատիրոջը»։

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ցավով արձագանքեց այս հաղորդագրությանը: 168am-ի հետ զրույցում նա այս իրողությունը հակադրեց ՀՀ իշխանությունների՝ խաղաղության մասին կեղծ թեզերին՝ հարցադրումով․

Կարդացեք նաև

«Եթե մենք խաղաղության ենք գնում, եթե մեր նախարարները տարբեր տեղեր հանդիպում են «հարևան» դարձած պետության հետ, ի՞նչն է խնդիրը, որ այս հարցադրումներն այդ հարթակներում չեն բարձրացնում։

Այդ բոլոր օղակները, որոնք որ գոյություն ունեն, այդ խողովակները չեն օգտագործվում իշխանությունների կողմից։ Ես, օրինակ, եթե համեմատում եմ 1990-ական, անգամ 2000-ական թվականների հետ, երբ բացառապես հասարակական կազմակերպություններն ունեին հնարավորություն միմյանց հետ շփվելու մարդասիրական իրավունքի ձևաչափում, իրապես գրանցվել են բավականին շատ հաջողություններ։

Իսկ այսօր հայտարարվում է, որ կան փոխադարձ շփումներ՝ իշխանությունների, հ/կ-ների մակարդակով, բայց կարծես չունեն անելու, ինչը որ տեսնում ենք, խիստ ձևական է»։

Ըստ նրա՝ այս պայմաններում ընդդիմությունն առավել պետք է ջանք թափի այս հարցը տարբեր ձևաչափերով ու գործող տարբեր հարթակներով առաջ մղելու համար։

«Այս համատեքստում, կարծում եմ, իշխանությունները միայն խանգարող հանգամանք են։

Ես կարծում եմ` հասարակությունը, ընդդիմությունը ավելի ակտիվ պետք է լինի, ու պետք չի խանգարող հանգամանք դիտարկել նախընտրական վաղ մեկնարկած արշավը․ հակառակը` այդպիսի գործողությունները միայն ու միայն կզարդարեն ցանկացած ընդդիմության»։

Տեսանյութեր

Լրահոս