«Ինձ մոտ տպավորություն է, որ այդ քաղաքական գործիչը կամ այդ քաղաքական սեկտորը մեծ դիսկոմֆորտ են ապրում»
«Ես էլ ՀՀԿ-ականների տեղը շատ երկար կմտածեի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության ձգձգման մասին՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նա ՀՀԿ-ականներին խորհուրդ տվեց երկար մտածել՝ ՀՅԴ-ի հետ դաշինքի մեջ մտնելուց առաջ, բայց հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն իր խորհրդին չի հետևի. «ՀՅԴ-ն բազմամյա կուսակցություն է, պատմություն շատ է տեսել, ու դա ցույց է տվել մի բան, որ նախ՝ ՀՅԴ-ի հետ դաշնակցել են այնպիսի ուժեր, որոնք կործանարար դերակատարություն են ունեցել մարդկության պատմության մեջ, իրենք էլ հետո կործանվել են։ Նրանց առաջին դաշինքը եղել է երիտթուրքերի հետ, ՀՅԴ-ի մեկ այլ դաշնակից էլ եղել է նացիստական Գերմանիան։ Հիմա գուցե ՀՀԿ-ից ազատվելու ճանապարհը սա՞ է։ Եթե ուզում են սաղ մնալ, թող այդ դաշինքի մեջ չմտնեն, բայց ես կուզեմ՝ իմ խորհրդից չօգտվեն, ու մտնեն այդ դաշինքի մեջ»։
«168 Ժամի» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադառնալով Լ. Զուրաբյանի այս խորհրդին՝ ասաց. «Երբ հրաշալի քառյակի շրջանակներում ՀԱԿ-ը համագործակցում էր ՀՅԴ-ի հետ, և ՀԱԿ-ի նախագահն իր քաղաքական գործունեությունը սկսելուց հարկ համարեց գնալ ՀՅԴ-ի գրասենյակ և սկսել բանակցությունները համագործակցության վերաբերյալ, այդ ժամանակ իրենք չէի՞ն հիշում ՀՅԴ-ի՝ իրենց բերած այդ կործանարար հատկության մասին։ Սա ուղղակի ոչ այնքան իրողության հետ առնչություն ունի, որքան փորձ է հանրության մոտ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական ալյանսը վարկաբեկել, ընդ որում՝ վարկաբեկել ՀՅԴ-ի դերակատարմամբ։ Ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող տալ»։
Նշենք, որ քառյակի շրջանակներում ՀՅԴ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության վերաբերյալ Լ. Զուրաբյանն ասել էր. «Քառյակը երբեք չի եղել դաշինք, մենք ՀՅԴ-ի հետ չենք դաշնակցել, դա եղել է խորհրդարանական համագործակցություն որոշ հարցերի շուրջ»։
Սակայն, ըստ Խ. Հարությունյանի՝ հրապարակավ համագործակցությունը, անշուշտ, նշանակում է՝ պատրաստակամություն՝ ստանձնել պատասխանատվություն ընդդիմադիր դաշտում։
«Եթե այդ քառյակը կենսունակ լիներ, հիմա կտեսնեինք այդ համագործակցության այլ ինստիտուցիոնալ դրսևորումները։ Ի՞նչ տարբերություն, համագործակցությունից դաշինք ընդամենը մեկ քայլ է։ Այսինքն՝ պետք է անկեղծ լինել»։
Խ. Հարությունյանի գնահատմամբ՝ ընդդիմության այդ հատվածը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունքում հայտնվել է ջղաձգումների մեջ. «Այլապես նացիստական Գերմանիա, երիտթուրքեր այս պահին չէին հիշի։ Երիտթուրքերի համագործակցած կազմակերպության հետ չի կարելի նույնիսկ համագործակցել, ընդհանրապես չի կարելի, նման կառույցները պետք է լինեն օրենքից դուրս… Բայց դա այդպես չէ, պատմական փաստերը հանրության մոտ աղավաղելը, բացասական էմոցիաներ ստեղծելը ոչ մի հեռանկար չի ունենում։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ քաղաքական գործիչը կամ այդ քաղաքական սեկտորը մեծ դիսկոմֆորտ են ապրում։
Հանրային կյանքի համար անհամեմատ ավելի օգտակար կլիներ, եթե ընդդիմադիր հատվածը, քաղաքական ուժերը վերաիմաստավորեին իրենց դերակատարումն ու իրենց դիրքերը։ Եթե խորհուրդների մասին է խոսքը գնում, ես էլ խորհուրդ կտամ պարոն Զուրաբյանին՝ հետամուտ լինել իմ հորդորին»։