Բաժիններ՝

Դատարկ գյուղը հարված է զինվորի թիկունքին…

hayzinvor.am. Հայրենիքիս երեք տարբեր վայրերում՝ մեր Ազգային բանակում, միաժամանակ ծառայել են իմ երեք որդիները… Ու սա ամենամեծ հպարտությունս է:

Զինվորը, սահմանապահը պիտի իմանա, որ իր թիկունքում կյանք կա: Դատարկ գյուղը հարված է զինվորի թիկունքին:

Ուզում եմ, որ զինվորներս իմանան, որ հայրենիքը չպետք է սիրել կամ չսիրել նրա համար, որ վատն է կամ լավը, հայրենիքը պետք է սիրել նրա համար, որ ՄԻԱԿՆ է:

Երանի՜ ինձ, որ այս լեռնաշխարհ դրախտավայրում է տունս:

Սամվել Բեգլարյանը ՀՀ գրողների, ժուռնալիստների և թատերական միությունների անդամ է, ՀՀ գրողների միության Տավուշի բաժանմունքի նախագահը: Եղել է Նոյեմբերյանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիրը, մասնակցել Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Կիրանց, հայրենի Բաղանիս գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին: Արժանացել է մի շարք գերատեսչական մեդալների և պատվոգրերի: Նրա արձակ ստեղծագործություններից շատերը գրվել են պատերազմի տարիներին: Բանակին, զինվորին և հայրենիքին նվիրված բանաստեղծությունների շարքը 2015թ. արժանացել է ՀՀ ԳՄ և ՊՆ համատեղ մրցանակին:

Սամվել Բեգլարյանի հետ առաջին հանդիպումս կայացավ նրա ֆեյսբուքյան էջում: Եվ այստեղ կարդացած առաջին իսկ գրառումից այս գողտրիկ անկյունն ինձ ակամա ներքաշեց իր տիրոջ գունեղ ու հարուստ աշխարհը՝ մտորումների, անանձնական մտահոգությունների, իրեն շրջապատող ամեն ինչի և բոլորի հանդեպ մարդկային մեծ սիրո ու նվիրումի: Հետագա հանդիպումներս նույնպես պետք է վիրտուալ տիրույթում լինեին, քանի որ ապրում և ստեղծագործում է մեր երկրի հյուսիսային սահմանին՝ Նոյեմբերյան քաղաքում, ինչպես ինքն է ասում՝ սահմանապահ է: (Հայրական տունը գտնվում է Բաղանիս գյուղում): Ինչպես իրեն ծանոթ շատ վիրտուալ ու իրական ընկերների համար, նրա ֆեյսբուքյան էջը ինձ համար էլ դարձավ սահմանի, մեր զինվորների ապահով լուսաբացի մասին տեղեկատվության աղբյուր, ինչպես ասում են՝ առաջին ձեռքից: Ինքն իր և բոլորի հետ զրույցի այս հարթակում սկսեցի հետևել նաև հեղինակի՝ մեր ազգի անցյալը, ներկան ու ապագան իրար կապող, համադրող, հետևություններ անող փիլիսոփայական խոհերին, անքնության մեջ՝ բնության, հայրենիքի ջերմ սիրո ու սահմանին կանգնած զինվորի մասին մտորումներին…

Երբ մտովի նրան ուղղելիք հարցերս էի ձևակերպում, հայտնաբերեցի, որ դրանցից շատերի պատասխաններն արդեն իսկ ստանում եմ նրա ֆեյսբուքյան էջից: Սա յուրօրինակ բաց օրագիր է, որի մեջ հեղինակը առինքնող հուզականությամբ պատմում է իր օրերի մասին, որ նաև մեր օրերն են: Իմ հարցին, թե՝ որպես սահմանապահ բնակիչ (ինքը մերժում է «սահմանամերձ գոտու բնակիչ» արտահայտությունը), ինչպիսի՞ մտահոգություններ, հոգսեր ունի, պատասխանն ստանում եմ ֆեյսբուքյան հետևյալ գրառումից.

«Սահմանում հանգիստ է…

Իմ պատուհանից մինչև թուրքերի սահմանն ընդամենը մի քանի կիլոմետր է… Եթե կրակոցներ են լինում, կարծես լսվում են կողքի սենյակից: Որ ժամին էլ լինի, զանգահարում եմ զորամաս կամ ուղեկալները՝ իմանալու` հո զոհեր չկա՞ն: Թուրքերն ակտիվացել են ապրիլյան այս օրերին. միայն թե զոհեր չունենանք. սիրտս կտոր-կտոր է լինում, երբ իմանում եմ մեր հերթական կորստի մասին, ախր ազգի համար ամենաթանկն են էդ տղաները… Նրանք պիտի ամուսնանան ու ապահովեն մեր գոյատևումը, ոչ միայն իրենք են ցավալիորեն հեռանում, այլև ազգն է զրկվում իսկական շարունակականությունից: Շաբաթ օրը հուշարձանի բացում է սահմանապահ ՈՍԿԵՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ: Հրավիրված եմ և անպայման գնալու եմ… Այսպիսի միջոցառումները պետք են, խիստ անհրաժեշտ, սահմանամերձ շեները պիտի ապրեն, շնչեն, թխեն իրենց հացը, ճոճեն օրորոցները… Զինվորը, սահմանապահը պիտի իմանա, որ իր թիկունքում կյանք կա, որ ինքը իր ազգակիցների կյանքն է փրկում: Դատարկ գյուղը հարված է զինվորի թիկունքին…

Դուրս գամ, տեսնեմ ու լսեմ՝ հանգիստ ու խաղա՞ղ են արդյոք անուշ տղերքս, զինվոր տղերքս…»:

Հարաբերական զինադադարի կնքումից տարիներ անց Սամվել Բեգլարյանն իրեն դեռ առաջին գիծը պահող ռազմիկ է զգում, գիտի հակառակորդի բնույթը, թույլ կողմերը և իր ամենօրյա պարտքն է համարում հետևել սահմանից այն կողմ կատարվող տեղաշարժերին:

«Ադրբեջանական բանակը նման է ֆուտբոլի վատ հավաքականի: Երբ անկանոն, թափթփված խաղ են խաղում, ավելի դժվար է լինում դրա դեմ խաղալը. չես իմանում՝ ի՞նչ ռազմավարությամբ, ինչ սկզբունքով են վարում խաղը: Չէր կարելի գուշակել, օրինակ, հիմա՞ կհարձակվեն, մառախուղի՞ն, թե՞ արևագալին: Ազերիների բանակի, զինվորների ամենաթույլ տեղն այն է, որ մարտական ոգի չունեն…առաջին իսկ զոհից խուճապի են մատնվում, վիրավոր ընկերներին թողնում են և փախչում…Իսկ եթե հաջողություն են ունենում, ապա դաժան են, անխիղճ ու անխնա, ծաղրում ու նվաստացնում են վիրավորներին ու գերիներին: ԶԻՆՎՈՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ԱՆԻ: Նա պիտի կռվի:

Իսկ այ մեր մարտիկները քաջ են, խիզախում են թե՛ առանձին-առանձին և թե՛ ընդհանուր շարքում, կռվում են մինչև վերջ, նահանջել չեն սիրում և մարտական ընկերոջն էլ չեն լքում` ողջ, թե մեռած…»:

Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են սահմանապահ բանակն ու բնակչությունը:

«…Սահմանի բնակչությունը մեր զինվոր տղաներին իրենց զավակների պես է ընդունում: Զորքերում փեսացուներ էլ ունենք: Հա՜, հավանում են տեղացի աղջիկներին, զորացրվելուց հետո հարսանիքներ ենք անում»:

Կարդում եմ մեր սահմանապահ զինվորների մասին Սամվել Բեգլարյանի գրառումները… հեռվից ամեն օր հայացքով գուրգուրում է, փորձում մտովի ամեն առավոտ հաշվել, հարցնում որպիսությունը, զրուցում նրանց հետ…

«…Հայրենասիրությունը ամենաճիշտը, ամենալավը սահմանվում է սահմանին: Դուք, տղանե՛ր, ձեր արդար տեղում եք: Դրանից ավելի մեծ հպարտություն լինել չի կարող: Ես չեմ սիրում, երբ ասում են՝ ծառայում ենք հայրենիքին: Սա ոչ թե ծառայություն է, այլ այդ երկու տարվա ընթացքում դուք ձեր երկրի ԱՐԺԱՆԱՎՈՐ զավակն եք դառնում: Չի կարելի միայն պահանջել, ինչը մեր օրերում տարածված երևույթ է: Մարդը, եթե նույնիսկ չկա անհրաժեշտություն, պետք է ձգտի, որ յուրաքանչյուր օր իր կարեցածի չափով օգտակար լինի Հայրենիքին: Ուզում եմ, որ զինվորներս իմանան, որ հայրենիքը չպետք է սիրել կամ չսիրել նրա համար, որ վատն է կամ լավը, հայրենիքը պետք է սիրել նրա համար, որ ՄԻԱԿՆ է: Այդ մեկն է ու եզակին: Ու դուք, տղե՛րք ջան, հենց այդ ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆՆ եք պաշտպանում: Պետություն, ընտանիք, մայրություն, սեր, մեր անցավորների գերեզմանները… այս բոլոր սրբությունները պաշտպանելուց ավելի վեր բա՞ն: Դուք այս բոլորը պաշտպանելու առաջին գծում եք: Հրաշալի՜ գործ է»:

Այս գրառումների յուրաքանչյուր տողը թաթախված է հայրենի եզերքի հանդեպ մեծ սիրով…

«Երկիր դրախտավայր…

Երեկ գրեթե ամբողջ հանրապետությունում ձյուն էր տեղում, որոշ վայրերում նույնիսկ ճանապարհներն անանցանելի էին դարձել…

Իսկ իմ աչքը ջուր կտրեց առաջին ձյունը տեսնելու սպասումից, տաք, գոլ աշնան օր էր, Արևն էլ շողշողում ու պլպլում էր մինչև մայրամուտ…

Դրսից նոր եկա. հորիզոնը վարդաշուրթվել ու սպասում է Արեգակի պաչին (պաչիկ կա, որ հազար համբույր արժի), և հաստատ այսօր էլ թիթեռներ ենք տեսնելու աշնան ծաղիկների թերթերին, բզեզները լարախաղաց են դառնալու խոտերին, իսկ մորեխներն էլ սիզախոտ ցատկապարանն են թևիկներին առնելու…

Ծառերը դեռևս սաղարթապատ ու տերևակալ են, արդեն զարթնած ծտերի կտուցին զվարթ ճռվողյուն է… քայլում էի անտառամեջ ու մտածում. «Երանի ինձ, որ այս լեռնաշխարհ դրախտավայրում է տունս, երանի ինձ, որ գրեթե տարին կլոր Արև, լազուր երկինք, չքնաղ արևածագեր, ոսկեեզրիկ հորիզոններ եմ տեսնում, ու միշտ ունկերիս մեջ է իմ խուճուճասաղարթ ծմակների հավերժական սոսափը…

…Մտածեցի, խորհեցի ու հասկացա, որ միայն ես չեմ եդեմում… դրախտը քո անուշ ՀԱՅՐԵՆԻՔԻ այն տեղն է, ուր քո տուն-օջախն է, ուր տունդ ցնցվում է զավակներիդ, թոռներիդ ինը բալանոց ծիծաղից, ուր տանդ նոր նորոգած պատերը թոռներիդ համար իսկական գրատախտակ են ու նկարելու պաստառ, ուր վերջապես հասկանում ես, որ քո տան փոքրիկների համար ամենալավ խաղալիքը ջարդուփշուր արված ճապոնական «սերվիզն» է: Դրախտն այն տեղն է վերջապես, ուր հողն անգամ խոսում է քեզ հետ. քո նախնիների ու անցյալի ձայնով… Հայրենիքն է երկիր դրախտավայրը…»:

Այս ջերմ ու սրտառուչ տողերի հեղինակը չէր կարող նաև գործով ապացուցած չլինել հայրենիքի ու իր ժողովրդի հանդեպ անկեղծ ու մեծ ՍԵՐԸ: Այս մասին է վկայում նաև նրա հետևյալ գրառումը.

«…1991 թվականին, «Կոլցո» հայտնի օպերացիայի ժամանակ, զոհվեցին մեր 14 ոստիկաններն ու ազատամարտիկները, իսկ 41 հոգու գերեվարեցին և բանտարկեցին Ադրբեջանում…Նրանց ազատելու համար ես մի խումբ մարդկանց հետ մեկնեցի Մոսկվա, այնտեղ հացադուլ հայտարարեցի և կարողացա հեռախոսազրույց ունենալ Ղազախի բանտում գտնվող երկու ազատամարտիկների (Սամվել Մամյան, Հարություն Ղազինյան) հետ: Սրան այսօր հավատալը դժվար է, բայց փաստ է: Մոսկվայից վերադառնալուց հետո, երբ դարձյալ ուշանում էր գերիների ազատագրումը, թուրքերի պահանջով ես կամավոր պատանդ հանձնվեցի իրենց, միայն թե ազատեն մեր տղաներին…Եկող տարի լրանում է այդ դեպքերի 25-ամյակը…»:

…Դրախտավայրի տարբեր ծագերում երեք որդիները միաժամանակ պաշտպանել են հայրենիքը. «Ու սա ամենամեծ հպարտությունս է»,-ասում է Սամվել Բեգլարյանը:

«…Խոսքով ընկա, ու ԱՐԵՎՍ ԷԼ ԵԿԱՎ… գիտե՞ք ի՜նչ հրաշալի, անկրկնելի զգացողություն է, երբ նույնիսկ ամբողջ գիշեր անձրևի տհաճ թշթշոցն ես լսում, բայց ո՛չ երբեք կրակահերթեր, երբ անցնում է անքուն գիշերդ, ու երջանկաբար տեսնում ես, որ սահմանից ոչ ոքի չբերեցին տանդ մոտիկ գտնվող հիվանդանոց…երբ առավոտյան՝ ԱՐԵՎԱԳԱԼԻՆ նայում ես շառագունած, պեծպեծին տվող հորիզոնին, տեսնում ես, որ խաղաղ է Հայրենիքդ, Հող հայրենիքդ, հարազատ եզերքիդ և քո ու բոլոր օջախների սիրուն արշալույսը և ասում ես բոլորին:

-ԲԱՐԻ ԼՈՒՅՍ…ԲԱՐԻ ԼՈՒՅՍ…ԲԱԱԱԱԱՐԻ ԼՈՒՈՒՈՒՅՍ…»:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Սամվել Բեգլարյանի «Արջաորսի այբուբենը» (25 տարի…ակնարկներ, ռեպորտաժներ, խոհագրություն և հրապարակախոսություն) արժանացել է ՀԳՄ Մ.Նալբանդյանի անվան մրցանակի՝ որպես տարվա լավագույն հրապարակախոսական երկ, ինչի առիթով շնորհավորում ենք հեղինակին:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս