Իրանը բողոքի նոտա է հղել Սաուդյան Արաբիային

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը բողոքի նոտա է հղել Սաուդյան Արաբիան` կապված նրա հետ, որ վերջինիս կործանիչները թույլ չեն տվել, որ հումանիտար բեռ փոխադրող իրանական հերթական ինքնաթիռը մուտք գործի Եմենի օդային տիրույթ:

Իրանում Սաուդյան Արաբիայի հարցերով ժամանակավոր հավատարմակատարը կանչվել է Իրանի ԱԳՆ, ուր նրան տրվել է բողոքի նոտա` կապված թագավորական ռազմաօդային ուժերի գործողությունների հետ:

Ընդգծվել է, որ Կարմիր մահիկի իրանական մասնաճյուղի բեռնատար օդանավը պետք է Եմենի տարածք հասցներ սննդամթերք, բուժսարքավորում ու դեղորայք, սակայն սաուդյան կողմի գործողությունները խափանել են դա:

Իրանի փոխարտգործնախարար Հոսեիմ Ամիր Աբդոլահիանը հայտարարել է. «Սաուդյան կործանիչներն իրանական բեռնատար օդանավին խանգարել են մուտք գործել Եմենի օդային տիրույթ` այդ երկիր դեղորայք ու սարքավորումներ հասցնելու համար, ինչն անհրաժեշտ է վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Եվ դա տեղի է ունեցել չնայած նրան, որ Իրանը նախնականորեն Սաուդյան Արաբիայից ստացել է պահանջվող թույլտվությունները»: Աբդոլահիանը հավելել է, որ Իրանը պատրաստ է վիրավոր եմենցիներին բուժօգնությամբ ապահովել ինչպես տեղում, այնպես էլ` Իրանում:

Տեսանյութեր

Լրահոս