Բաժիններ՝

Մարդու իրավունքների խախտումները վերջին դերը չեն խաղացել ներկայիս ճգնաժամերի առաջացման կամ խորացման հարցերում. HRW-ի տարեկան զեկույցը

Human Rights Watch (HRW) միջազգային իրավաապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը (World report 2015): 656 էջանոց զեկույցն առնչվում է նախորդ տարի աշխարհի ավելի քան 90 երկրում մարդու իրավունքների շուրջ տեղի ունեցած դեպքերին:

Դրանում նշված է, որ կառավարությունները մեծ սխալ են գործում, երբ պետության անվտանգության լուրջ սպառնալիքներին արձագանքելիս անտեսում են մարդու իրավունքները: Ընդգծվել է, որ մարդու իրավունքների խախտումները վերջին դերը չեն խաղացել ներկայիս բազմաթիվ ճգնաժամների առաջացման կամ խորացման հարցերում:

Որպես այդ հակամարտությունների լուծման բանալի է դիտարկվում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանվածությունը: Մարդու իրավունքների հարցում գլոբալ մարտահրավերներից մեկը դարձել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերելքը:

Ընդգծվում է, որ «Իսլամական պետությունը» չի առաջացել հենց այնպես, և որ նրա առաջացման ու վերելքի հարցերում կարևոր են դեր են խաղացել հետևյալ գործոնները. անվտանգության վակուումը, որն առաջացել է Իրաք ամերիկյան ներխուժման հետևանքով, դավանաբանական կողմնակալություն, Իրաքի ու Սիրիայի կառավարությունների կողմից կամայականություններ, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերություն:

Սիրիայի մասով նշված է, որ կառավարական ուժերը նպատակամղված ձևով ու անխղճաբար հարվածներ են հասցնում ընդդիմության վերահսկած տարածքների քաղաքացիական բնակչությանը: Ընտրություն չի կատարվում զենքի հարցում, ինչը հատկապես վերաբերվում է «տակառային ռումբերին», որոնք անտանելի են դարձրել խաղաղ բնակիչների կյանքը:

Զեկույցում մտահոգություն է հայտնվում նաև Նիգերիայում ստեղծված իրավիճակի համար, ուր «Բոկո Հարամ» իսլամական խմբավորման զինյալները կառավարական զորքերի հետ մեկտեղ տեռորի են ենթարկում քաղաքացիական բնակչությանը, պայթեցնում են շուկաներ, մզկիթներ ու դպրոցներ, առևանգում են հարյուրավոր աղջիկների ու երիտասարդ կանանց: Նիգերիական բանակի պատասխանը հաճախ ուղեկցվում է կամայականություններով:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ին, որի Սենատի՝ հետախուզական հարցերով հանձնաժողովը նախորդ տարի հրապարակել է ԿՀՎ-ի կտտանքների մասին իր սկանդալային զեկույցը: Սպիտակ տուն գալուց հետո կտտանքներն արգելած Բարաք Օբաման, սակայն, հրաժարվեց կտտանքներն արտոնածների հանդեպ հետաքննություն անցկացնելուց՝ էլ չխոսած դատական հետապնդման մասին:

Ֆրանսիայում Charlie Hebdo-ի շուրջ դեպքերին կառավարության արձագանքը, ուր իշխանությունները փորձում են հակաահաբեկչական օրենսդրությամբ քրեական կարգով հետապնդել բռնության ուղիղ կոչեր չպարունակող արտահայտությունների համար, կարող է խաթարել խոսքի ընդհանուր ազատությունն ու մյուս երկրներին դրդել նույնպես իրենց քննադատներին նման կերպ հալածելուն:

Եգիպտոսում, Քենիայում ու Չինաստանում կառավարությունն ու ուժային կառույցները հաճախ իրական կամ ենթադրյալ ահաբեկչական սպառնալիքներին պատասխանում են կամայականություններով, որոնք վերջին հաշվով ավելի են խորացնում ճգնաժամը:

Եգիպտոսի իշխանությունները, հաշվեհարդար տեսնելով «Մուսուլման եղբայրների» հետ, չափազանց հակարդյունավետ ազդանշան են հղում այն մասին, որ ժողովրդավարական ճանապարհով իսլամականների կողմից իշխանության գալու յուրաքանչյուր փորձը ճնշվելու է առանց աշխարհի հատուկ առարկության, ինչն էլ նրանց դրդում է գնալ բռնության ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս