Սերժ Թանկյանը շատ հավանական է համարում, որ Թուրքիան երբևիցե կճանաչի Հայոց ցեղասպանությունը
RollingStone պարբերականը ներկայացրել է System of a Down հանրահայտ ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի հետ հարցազրույցը: Պարբերականն ընդգծում է, որ System of a Down խումբը, որի անդամները հանդիսանում են Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներ, իր երգերում մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը:
Ներկայումս խումբը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին կազմակերպել է Wake Up the Souls անվանմամբ համաշխարհային շրջագայությունը, որը կավարտվի Հայաստանում, ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Խումբը պլանավորել է իր համերգը հեռարձակել ուղիղ եթերով, որպեսզի մարդիկ համայն աշխարհում կարողանան դիտել այն:
Սերժ Թանկյանը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ այդ շրջագայությունն այն աշխատանքն է, որն իրենք կատարել են բազմաթիվ տարիների ընթացքում, և որ իրենք մոտիվացնում են երկրպագուներին՝ ցեղասպանության ճանաչում պահանջելու համար Թուրքիայի նախագահից ու խորհրդարանից.
«Մենք ցանկանում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչում: Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան սեփական պատմությունն իմանա ճիշտ տարբերակով: Դա վերաբերում է ոչ միայն հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությանը, այլև՝ ներկայումս տեղի ունեցող դեպքերին: Չեն կիրառվում միջազգային այն համաձայնագրերը, որոնք կկասեցնեն ցեղասպանությունները:
Մենք նախկինի նման ականատես ենք լինում դրանց՝ դա անվանես ցեղասպանություն, Հոլոքոսթ կամ հումանիտար աղետ: Ես այսօրվա մամուլում կարդացի, որ նրանք Սիրիայում գտնվող Դեյր էզ-Զորի անապատում հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց, ուր «Իսլամական պետությունը» սպանդի է ենթարկել տեղի ցեղերից մեկին:
Դա ինձ հիշեցրեց Դեյր էզ-Զորի ավազներում գտնվող այն բոլոր ոսկորների մասին, որոնք պատկանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին և գտնվում են նույն տեղում: Եթե դա խորհրդանշական չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է»:
Թանկյանը պատմել է, որ իր պապն ու տատը ցեղասպանության ժամանակ փրկվել են թուրքական փոքր քաղաքի քաղաքապետի շնորհիվ, սակայն դրա հետ մեկտեղ նրանք կորցրել են իրենց ընտանիքի անդամների մեծ մասին: Թանկյանն ընդգծել է, որ նրանք ի վերջո հաստատվել են Լիբանանում, և երբ իր պապը դեռ ողջ է եղել, իրենք Screamers ֆիլմի համար 16 ժամ նկարահանել են այդ կարևոր պատմությունները, որոնք չքանում են ցեղասպանությունը վերապրածների մահվան հետ:
Երբ Թանկյանին հարցրել են, թե արդյոք Թուրքիան ընդգրկված չէ՞ Wake Up the Souls համաշխարհային շրջագայության շրջանակներում, նա պատասխանել է, որ դրա համար անհրաժեշտ էր Թուրքիայի կառավարության թույլտվությունը, սակայն Թուրքիայի կառավարությունից այդպես էլ չի ստացվել պատասխան:
Թանկյանի խոսքերով՝ իրենք Թուրքիայում ունեն երկրպագուներ, որոնց հետ իրենք ունեն առողջ հարաբերություններ և որոնք թուրքական մամուլի ապատեղեկատվությունից պաշտպանել են System of a Down-ին. «Որևէ հասարակություն միաբևեռ չէ»:
Թանկյանը շատ հնարավոր է համարել, որ Թուրքիան երբևէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա ողջունել է Թուրքիայի խորհրդարանին քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելի ներկայացրած օրինագիծը, որում խոսք է գնում անցյալի բոլոր հանցանքների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Թանկյանը դա գնահատել է որպես դրական պահ՝ թեև նշել է, որ քրդերը մեծ տոկոս չեն կազմում խորհրդարանում:
Խոսելով ցեղասպանության խնդրի վրա ուշադրություն բևեռող հայ հայտնիների մասին՝ Թանկյանն ընդգծել է Քիմ Քարդաշյանին՝ հավելելով, որ նա կարող է շատ բան անել իրազեկման համար: Թանկյանը ծիծաղելով նշել է, որ Քարդաշյանն իրենից ավելի շատ հետևորդներ ունի Twitter-ում: