«Շաբաթ-կիրակի Վերնիսաժում կարելի է տեսնել, թե գանձախուզության արդյունքում գտնված ինչ իրեր են վաճառվում»

Եթե երբևէ, պատմության ընթացքում ինչ-որ մեկը փորձի Նախիջևանում հայկական շերտ պեղել, այն, ցավոք, այլևս հնարավոր չէ գտնել. ինչպես հայտնի է՝ 1998-2006թթ. Նախիջևանում 27 000-ի հասնող հայկական հուշարձան պետական որոշմամբ ավերվել, փոշիացվել և հավասարեցվել է գետնին: Պատմական Հայաստանի այդ տարածքի հայկական հետքի միակ վկայությունն այսօր պատմաբան, հայագետ ու նախիջևանագետ Արգամ Այվազյանի՝ 200-ից ավելի աշխատություններն են, որոնցից 40-ը լույս է տեսել առանձին գրքերով: Դրանք պատմաբանը հեղինակել է տասնամյակների ընթացքում՝ իր ծննդավայր Նախիջևանի պատմությունն ու մշակույթը էջ առ էջ ուսումնասիրելով և հանձնելով թղթին:

Նախիջևանի մասին Արգամ Այվազյանը դեռևս տասնյակ չհրատարակված գրքեր ունի, բայց պետական ֆինանսական միջոցները վերջին տարիներին հաճախ են շրջանցում հայոց մշակույթի և պատմության համար բացառիկ նշանակություն ունեցող այս թեման: Հայկական հուշարձանային մշակույթի ոչնչացումն այսօր կրկնվում է նաև այլ երկրներում, ճիշտ է, ոչ Նախիջևանում տեղի ունեցածի մակարդակով ու ծավալով, բայց տարածաշրջանային հակամարտությունների պատճառով Հայաստանից դուրս գտնվող հայկական հուշարձանները հաճախ են պատերազմող կողմերի թիրախ դառնում: Վերջին օրինակը Սիրիայում Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ականապատումն ու պայթեցումն էր:

Մասամբ վնասվել կամ քանդվել են Հալեպի հայկական հնագույն եկեղեցիներն ու պատմական շենքերը: Նույն վտանգները կան Իրաքում: Հայկական հուշարձանների պահպանության հարցերով երկար տարիներ զբաղվող պատմաբան Արգամ Այվազյանի հետ «168 Ժամը», այլ հարցերի շարքում, զրուցեց նաև Հայաստանից դուրս, վտանգի գոտիներում գտնվող պատմական հուշարձանների մասին. ի՞նչ անել, որպեսզի չկրկնվի Նախիջևանը:

– Պարոն Այվազյան, Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում հայկական հուշարձաններ կան, որոնց մի մասը հայտնվել է տարբեր երկրներում ընթացող հակամարտությունների դաշտում: Ինչպե՞ս եք տեսնում նրանց ճակատագիրը:

– Նախ ասեմ, որ հայկական հուշարձանների ճակատագիրը ոչ միայն պատերազմող, այլ նաև՝ խաղաղ երկրներում է վտանգված: Ռուսաստանում (հատկապես՝ հայաշատ Կրասնոդարում), Վրաստանում հաճախ են հայկական հուշարձանների պղծման, ավերման դեպքեր գրանցվում: Եթե Ռուսաստանում դա արվում է ազգայնական հողի վրա, ապա Վրաստանում այլ քաղաքականություն է ընթանում. այնտեղ գտնվող մեր եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները հանվում կամ քերվում են, և քանի որ քրիստոնեական եկեղեցիները ճարտարապետության տեսակետից նման են, նոր արձանագրություններ են տեղադրում՝ սեփականացնելով մեր պատմությունը:

Հայկական հուշարձանների ավերման դեպքեր կան նաև այլ երկրներում, հատկապես՝ արաբական երկրների՝ Իրաքի, Սիրիայի այսօրվա պատերազմական իրավիճակը բացասաբար է անդրադառնում այնտեղ գտնվող մեր հարուստ պատմական ժառանգության վրա: Իսկ մենք ընդհանրապես ի՞նչ ենք անում աշխարհի տարածքում հայկական հուշարձանների ավերումը կանխելու ուղղությամբ: Մենք, ցավոք, պետական մակարդակով ընդամենն արձանագրում ենք, թե որ երկրում ինչ հայկական հուշարձան ավերվեց, և վերջ: Մենք ազգովի դարձել ենք վիճակագիրներ, սպասում ենք, որ արձանագրենք հերթական դեպքը: Հայաստանից դուրս գտնվող հայկական հուշարձանների պահպանությունը բարձիթողի վիճակում է:

Այս տարվա կեսերին ես մամուլում հանդես եկա մի նախաձեռնությամբ. առաջարկեցի ստեղծել մի համահայկական կառույց, որ դրսում զբաղվի հայկական հուշարձանների, եկեղեցիների, պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների (որոնք բազմաթիվ են) պահպանության հարցերով (քանի որ հուշարձանը չես կարող տեղափոխել, այն պետք է պահպանել տեղում): Իմ նախաձեռնությունը մինչև հիմա ոչ մի արձագանք չի գտել, ինչը նշանակում է, թե մենք ոչինչ չենք ուզում ձեռնարկել և միայն ուրիշներից ենք պահանջում: Կամ էլ մենք հույսներս դնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նման միջազգային կառույցների վրա, որոնք հասարակական կազմակերպություններ են և, որպես կանոն, ոչինչ չեն անում, մինչդեռ հարցն այլ լուծում պիտի ստանա:

Հայաստանի պետական մակարդակով, մեր դիվանագիտական կառույցների միջոցով, ներգրավելով տվյալ երկրների հայկական համայնքները՝ պետք է պատշաճ պահպանություն և հսկողություն սահմանվի օտար երկրներում գտնվող մեր հուշարձանների վրա, հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել փաստի առջև: Իհարկե, Հայաստանի տարածքից դուրս գտնվող ամենամեծ ավերումը մինչև հիմա Նախիջևանի հայկական հուշարձանների համատարած ոչնչացումը եղավ, որը, դժբախտաբար, այլևս հնարավոր չէ կանխել:

Այն դարձավ Ցեղասպանությունից հետո մշակութային եղեռնի ենթարկված մեր երկրորդ մեծ կորուստը, որը շատ «համեստորեն» չտեսնելու ենք տալիս, որովհետև դա մեր՝ ժամանակակիցներիս, ճակատի խարանն է:

– Մենք խոսում ենք Հայաստանից դուրս հուշարձանների պահպանության մասին, բայց հենց Հայաստանի տարածքում նրանց պահպանությունը պատշաճորեն չի իրականացվում, գանձախույզները և այլ չարագործներ կարծես նորից գլուխ են բարձրացրել:

– Այն բացթողումները, թերացումները, որ կային խորհրդային իշխանության տարիներին, հուշարձանների պահպանության առումով, նույնությամբ նաև այսօր կան: Ցավոք, մեր պետական կառույցների որոշ պատասխանատուներ, շատ դեպքերում նախ` իրենք ենք ձեռք երկարում հուշարձաններին, մի շարք պաշտոնատար անձինք հուշարձանների մերձակայքում շինություններ են կառուցում՝ աղավաղելով պատմական արժեք ունեցող կառույցը, խարխլելով հիմքը և վնասելով այն: Իսկ գանձախույզները միշտ էլ կան. դամբարաններ են փորվում՝ գանձեր գտնելու նպատակով: Շաբաթ-կիրակի Վերնիսաժում կարելի է տեսնել, թե գանձախուզության արդյունքում գտնված ինչ իրեր են վաճառվում:

Մենք՝ հուշարձանների պահպանության համապատասխան կառույցների աշխատակիցներս, հաճախ անզոր ենք լինում նման դեպքերի առջև: Որոշ դեպքեր հնարավոր է լինում կանխել, բայց ազդեցիկ մարդկանց, պետականորեն իրականացվող քաղաքականության դեմ մենք ոչինչ չենք կարողանում անել:

Իբրև օրինակ բերեմ Երևան քաղաքը, որի կենտրոնի հիմնական հատվածը ճանաչվեց գերակա շահի տարածք, քանդվեցին ժամանակի շունչն ու շինարվեստը ներկայացնող և պատմաճարտարապետական արժեք համարված շենքերը և նոր շինություններ կառուցվեցին դրանց փոխարեն: Այսօր Երևանում ժողովրդական ճարտարապետությունը մատնանշող և անաղարտ մնացած 7-8 շենք հազիվ կարելի է նշել: Մարզերում դեպքեր կան, որ նախաքրիստոնեական հուշարձանի մոտ հանք է շահագործվում: Նման բաները պարզապես անթույլատրելի են, մենք կարծես մեր պատմության ժառանգորդները չլինենք:

– Պետական հսկողությունը մարզերում ի՞նչ մակարդակի է:

– Հուշարձաններին պահակներ են կցվում, բայց անհնար է ամեն մի հուշարձանի մոտ պահապան նշանակել: Այսօր կան 140-150 պահապաններ, բայց հանրապետության տարածքում կա 990 բնակավայր, մեկ պահակին բաժին է ընկնում 4-5 բնակավայր, որտեղ 5-20, մինչև 50 և ավելի պատմական հուշարձան, եկեղեցի կամ այլ կառույցներ կան: Պարզապես անհնար է, որ այդ մի մարդը 35-40 հազար դրամ աշխատավարձով այդքան տարածքի վրա կարողանա հսկողություն սահմանել: Իսկ ընդհանրապես, ես կարծում եմ, որ հսկողություն սահմանելով չէ, մարդն ինքը պիտի գիտակցի, թե այս կամ այն շենքն ինչ պատմական արժեք է ներկայացնում, և գիտակցելով` ակնածանք ունենա, չփչացնի այն, չգծի վրան, աղբ չթափի շրջակայքում: Չնայած, որ մենք դպրոցների հետ այս առնչությամբ աշխատում ենք, բանակի հետ ենք աշխատանք տանում, բայց իրավիճակը նույնն է՝ հայ մարդը, ցավոք, այսօր դեռևս իր պատմության լիիրավ ժառանգորդը չէ:

– Նոր եք վերադարձել Սպահանից, որտեղ մասնակցում էիք «Սուրբ Ամենափրկիչ» վանքի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: Ի՞նչ մարտահրավերներ է դիմագրավում հայկական պատմական գաղթօջախներից մեկը, և Իրանում ի՞նչ վիճակում է հայկական հուշարձանների պահպանությունը:

– Եթե խոսենք ոչ միայն Սպահանի հայության, այլ՝ առհասարակ իրանահայության մասին, ինչպես արևելյան շատ երկրներից, Իրանից նույնպես հայության մեծ արտագաղթ կա: 1960-1980թթ. իրանահայության թիվը մոտավորապես 200 հազարի էր հասնում, իսկ այսօր կարելի է խոսել ընդամենը 30-35 հազարի մասին: Մեծ մասն արտագաղթել է ԱՄՆ, իսկ մի փոքր մաս (որ շատ ուրախալի է) Հայաստան է եկել: Իսկ եթե խոսենք Նոր Ջուղայի (որ Սպահանի թաղամասերից մեկն է) հայության մասին, ապա այնտեղ 3 հազարից մի փոքր ավելի հայություն կա միայն:

Նոր Ջուղայի թեմը կալվածքների տեսակետից բավականին հարստություններ, բնակելի շենքեր և այլ շինություններ ունի, 12 եկեղեցի կա այնտեղ, բայց հայ բնակչության առումով վիճակը կարելի է ողբալի համարել՝ շենքերը դատարկ են, հայությունը լքել է երբեմնի ծաղկուն գաղութը: Քաղաքում շրջելիս մեծ մտահոգություն էինք ապրում, երբ տեսնում էինք հայկական շինությունները` խարխլված, չեն նորոգվում, փլուզման վտանգի առջև են: Եթե այդպես շարունակվի, իմ կարծիքով, առաջիկա տասնամյակների ընթացքում Նոր Ջուղայի բնակչության թիվը նվազագույնի է իջնելու՝ հասնելով 100-ների: Նոր Ջուղայում այլ խնդիրներ ևս կան. հատկապես տարիներ շարունակ խնդիր էր այնտեղի Մատենադարանի ձեռագրերի և արխիվային նյութերի պահպանությունն ու ուսումնասիրությունը:

Շուրջ 700-ի հասնող և պատմագիտական, մշակութային մեծ արժեք ներկայացնող ձեռագրեր կան Նոր Ջուղայում (որ թվագրվում են 13-14 դարերից մինչև 17-18 դարեր), որոնք թե՛ ուսումնասիրության, թե՛ հավուր պատշաճի պահպանության կարիք ունեն: Ցավոք, մեր ձեռագրային հարստության այդ հատվածը դեռևս անհրաժեշտ կերպով չի ուսումնասիրվել, այնպես, ինչպես, ասենք, ուսումնասիրվում են Երևանի Մատենադարանի ձեռագրերը: Նախ` դա պայմանավորված է անհրաժեշտ մասնագետները չլինելով, և նաև՝ պատկանելության խնդիրը կա. ինչպես գիտեք՝ իրանահայ եկեղեցական թեմերը պատկանում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, և այդ պատկանելությունն ինչ-որ տեղ խանգարող հանգամանք է հանդիսացել մեր մասնագետների համար:

Բայց այս խնդիրը վերջին շրջանում կարծես վճռվում է՝ համագործակցության սկիզբ է դրվում մեր և Նոր Ջուղայի Մատենադարանների միջև՝ ոչ միայն ձեռագրերի նոր նկարագրություններ կատարելու, այլև դրանք հատուկ ջերմալուսային պայմաններում պահելու ուղղությամբ: Իսկ գիտաժողովն էլ, որին մասնակցում էին նաև տարբեր երկրների գիտնականներ, մեկ անգամ ևս արժևորեց պատմական Հայաստանի տարածքում գտնվող մեր նշանավոր կառույցներից մեկի՝ Նոր Ջուղայի «Սուրբ Ամենափրկիչ» վանքի եկեղեցու վերաշինության 350-ամյա պատմությունը:

Ինչ վերաբերում է այդ երկրի տարածքում մեր մշակութային ժառանգության պահպանմանը, ապա ասեմ, որ Իրանը միակ իսլամական երկիրն է, որ հայկական հուշարձաններին պետականորեն ուշադրություն է դարձնում: Ողջունելի են Իրանի կառավարության ջանքերը. դեռևս 1950-60-ականներից են երկրում հայկական հուշարձանների նորոգության և պահպանության հարցերը լուծվել: Մի քանի տարի առաջ Իրանի իշխանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու համար ներկայացրել էր երկրի երկու խոշոր հայկական՝ «Սուրբ Թադե» և «Սուրբ Ստեփանոս» վանքերը, որոնք արդեն գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո:

Երկուսն էլ նորոգվել են, նորոգվել են նաև այլ եկեղեցիներ, ինչպես Դարաշամբի եկեղեցին, այս պահին նորոգվում է Հին Ջուղայի իրանյան ափում գտնվող Հովվի փոքրիկ եկեղեցին: Ի դեպ, նման միտում կա նաև Թուրքիայում: Վերջին 10-15 տարիներին Թուրքիայում պետական միջոցներով և հայկական համայնքի ներդրումներով նորոգվում են մի քանի հայկական հուշարձաններ, ինչպես՝ Աղթամարի Ս. Խաչը, Դիարբեքիրի և Անիի եկեղեցիներից մեկը, պեղման-մաքրման աշխատանքներ են կատարվում Անիում, պարզապես մենք պետք է պետական մակարդակով հասնենք նրան, որ այդօրինակ աշխատանքներին մասնակից լինեն նաև Հայաստանի մասնագետները:

– Դուք զբաղվում եք նաև մի հազվագյուտ թեմայով` Քյոթահիայի հախճակապակու ուսումնասիրմամբ և լուսանկարների հավաքագրմամբ: Ինչպես հայտնի է՝ հնագույն նշանավոր հաճխապակիների հավաքածուները նույնպես Հայաստանից դուրս են գտնվում: Որտե՞ղ և ի՞նչ վիճակում է այսօր Քյոթահիայի հախճապակիների ամենամեծ հավաքածուն:

– Այդ մասին նշեմ միայն այն, որ օրերս լույս տեսավ իմ «Քյոթահիայի հախճապակեգործության մի կարևոր հավաքածուն» աշխատությունը: Գիրքը նվիրված է Կոմիտասի հիշատակին, որ ծնվել է Քյոթահիայում: Աշխատությունը ներկայացնում է Քյոթահիայի հախճապակեգործությունն ու արվեստը: Գրքին կից հրատարակվել են նաև ուսումնասիրության առարկա հավաքածուի ավելի քան 90 լուսանկարներ: Ամենամեծ հավաքածուն գտնվում է Հունաստանում և մասնավոր սեփականություն է: Քյոթահիայի հախճապակեգործության հարուստ հավաքածուներ կան նաև Թուրքիայի, Երուսաղեմի, Վենետիկի, Փարիզի, Երևանի, Էջմիածնի թանգարաններում:

Այդ արվեստն ուսումնասիրողների թիվն անցնում է 20-ից, որոնց մի մասը, անշուշտ, օտար մասնագետներ են: Ուզում եմ շեշտել, որ օտար հեղինակների մի մասը՝ տուրք տալով թուրքական նկրտումներին, ջանում է այդ արվեստը հնարավորինս օտարել հայկական արմատներից: Այստեղ, կարծում եմ, որ մեր մեղքի բաժինն էլ կա, որովհետև Հայաստանում Քյոթահիայի հայկական մշակույթի ուսումնասիրմամբ գրեթե զբաղվողներ չկան, ասպարեզը մնացել է թուրքերին ու թուրքամետ ուսումնասիրողներին:

– Պարոն Այվազյան, չնայած պետական մարմինների անտարբերությանը՝ Դուք շարունակում եք համառորեն փաստեր հավաքագրել, գրքեր, աշխատություններ գրել, որոնք հրատարակվում կամ չեն հրատարակվում, իսկ Ձեր գործունեության հետ կապված այն զարմանալի հանգամանքը, երբ Նախիջևանին վերաբերող Ձեր գրքերից մեկի հսկայական տպաքանակը ոչնչացվեց Երևանի տպարաններից մեկում, պարզապես չի տեղավորվում բանականության սահմաններում: Ի վերջո, ո՞ւմ ձեռքը գնաց՝ նման բան անելու:

– Եթե ես տրվեի այդ անտարբերությանը, ապա այսօր մենք չէինք ունենա այն հսկայական նախիջևանագիտական ժառանգությունը, որ կա Նախիջևանի պատմության ու մշակույթի, հուշարձանների վերաբերյալ: Այսօրվա դիվանագիտական պատերազմում այդ գրքերն են, որ կարող են իբրև արկեր օգտագործվել և ծառայել շատ հարցեր լուծելու` աշխարհին մեկ անգամ ևս ապացուցելու Նախիջևանի հայկական լինելը: Բայց քաղաքական այդ պատերազմում, ցավոք, մեր իշխանությունների կողմից առայժմ ընդամենը դատարկ համազարկեր են հնչում:

Այո՛, մենք խոսում ենք, որ Ադրբեջանը Նախիջևանում ոչնչացրեց հայկական հուշարձանային ողջ մշակույթը, բայց հայ մարդու ձեռքով, Երևանի գունավոր տպագրության տպարանում անհայտ հանգամանքներում, հենց նույն տարիներին, երբ Նախիջևանում վանդալիզմի էին ենթարկվում հայկական հուշարձանները, Հայաստանում էլ նույն արարքը կատարվում էր հենց այդ հուշարձանների վերաբերյալ գրքի նկատմամբ. 2005-2006 թթ., անհետացել և ոչնչացվել է իմ «Նախիջևան. գիրք հուշարձանաց» եռալեզու գրքի 26 000 օրինակը: Հանրապետության գլխավոր դատախազին ուղղված իմ դիմում-բողոքները մինչև հիմա անպատասխան են մնացել, և ես չեմ կարող ասել՝ ո՞ւմ ձեռքով և ինչո՞ւ արվեց դա:

Ավելին, 2008-ից որոշ «գիտուն-գիտունիկների» գործադրած ջանքերով հանրապետության ղեկավարությանն ապակողմնորոշելու փորձեր են արվում Նախիջևանի հուշարձանների՝ աշխարհում առկա միակ արխիվի պետականացման հարցում: Այս իրավիճակում մի բան հստակ է՝ նման արարքներն ադրբեջանցիների գործած արարքներից գրեթե չեն տարբերվում:

Տեսանյութեր

Լրահոս