Ոչ թե հեղափոխություն, այլ քաղաքական և տնտեսական արմատական բարեփոխումներ

Այսօր գործող օրենքների պայմաններում իշխանության եկած ցանկացած ուժ ստիպված արտատպելու է ներկա աղքատության պատկերը և դրա դասական էլեմենտը` կոռուպցիան:

Իշխանության ազդեցիկ թևերից մեկը շատ հաջող և բազմաբնույթ ստվերային գործունեություն է իրականացնում` արհամարհելով իր ստանձնած ծառայողական պարտականությունները: Ամենավատն այն է, որ այս ամենն անում են անպատիժ ու անվախ:

Ստեղծված այս իրավիճակը անլուծելի և խճճված գլուխկոտրուկի է նման: Անպատժելիությունն ուղղակի անընդունելի է:

Օրերս մամուլից իմացանք, որ «The World Misery Index» զեկույցի համաձայն՝ մեր երկիրը ընդգրկված է աշխարհի տաս ամենաաղքատ երկրների ցուցակում: Պաշտոնական տվյալներով՝ աղքատությունը կազմում է շուրջ 40 տոկոս: Իսկ իրականում, արտագաղթածների հսկայական քանակը հաշվի առնելով, այն կազմում է մոտ 66 տոկոս:

Ինչպե՞ս ենք հասել այսօրվա աղետալի վիճակին: Եվ, ամենակարևորը՝ ո՞ւմ մեղքով:
Հայտնի է, որ ամեն տարի հզոր տնտեսություն ունեցող երկրները Հայաստանին բարեգործության և տարատեսակ հիմնադրամերի ձևաչափով օգնություն են հատկացնում: Առաջին հայացքից դրա մեջ որևէ վատ բան չկա: Սակայն նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ օգնությունը հիմնականում ուղղված է տեղական արտադրության հետ բացարձակ կապ չունեցող ոլորտներին և իրականում նպաստում է տեղական բիզնեսը մրցակցությունից դուրս թողնելուն:

Գաղտնիք չէ, որ մեր պետական այրերի կողմից տարիների ընթացքում այնպիսի խճճված ֆինանսական մեխանիզմներ են ստեղծվել, որոնք իրենց բարդությամբ կարող են համեմատվել միայն եգիպտական բուրգերի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պետական գնումներին: Գաղտնիք չէ, որ այս ոլորտում բյուջեի զգալի մասը ծախսվում է ներկրման կարիքները հոգալու համար:

Երբ փորձում ես պարզել, ինչու է այդպես, պատասխանի փոխարեն հետևում է ֆինանսական տերմիններով համեմված բառակույտ: Սակայն իրականում պատճառը բոլորին էլ հայտնի է:

Վաղուց հասունացել է ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու անհրաժեշտությունը: Դա անելու համար պետք է ընդամենը համապատասխան փոփոխություններ կատարել երեք կամ չորս օրենքներում` դրանք լրացնելով հետևյալ դրույթներով:

1) Ներմուծվող ապրանքներին վերաբերող մեկամյա բոլոր պետական տենդերները պետք է դարձնել երկարատև (5-15 տարի` տվյալ ապրանքի արտադրության բարդությունից և ռազմավարական նշանակությունից կախված)` այն պայմանով, որ չորս կամ հինգ տարվա ընթացքում այդ ապրանքի արտադրություն հիմնվի Հայաստանում կամ Արցախում
2) Հայաստանում և Արցախում արտադրվող ապրանքատեսակներից գանձվող հարկերը պետք է զգալիորեն նվազեցվեն, որպեսզի տեղական արտադրանքը ավելի մրցունակ լինի:
3) Տեղական արտադրանքը խթանելու համար բանկերը պետք է երկարատև և ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրեն:
4) Տեղական արտադրանքը պետք է ազատվի շահութահարկից, կամ էլ այն պետք է նվազեցվի:
5) ՀՀ դեսպանատներին կից պետք է գրասենյակների հիմնել, որոնք կզբաղվեն հայաստանյան արտադրանքի գովազդով (կազմակերպեն ցուցահանդեսներ, անցկացնեն PR-ակցիաներ): Համապատասխան մասնագետները պետք է զբաղվեն նաև տեղական արտադրանքը սպառելու համար հաճախորդներ փնտրելով:
6) Պետությունը պետք է լինի տեղական արտադրանքի հիմնական սպառողը:
7) Տեղական արտադրանքի գովազդը հեռուստատեսությամբ և այլ եղանակներով պետք է իրականացվի 50 տոկոս զեղչով
8) Պետք է ռազմաարդյունաբերական և առհասարակ տեղական ապրանքաարտադրողների շահերը պաշտպանող համապատասխան պետական մարմին ստեղծել

Այս հիմնական քայլերն իրականացնելուց հետո անհրաժեշտ է նաև մի շարք օժանդակ միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, պետք է անվճար դասընթացներ կազմակերպել տեղական գործատուների համար` մենեջմենթի և ղեկավարման որակը բարձրացնելու նպատակով:

Պետք է ամեն կերպ խթանել ռազմադյունաբերությունը, որը մեր բանակի համար սնուցող անոթների դեր է կատարում: Առանց կայացած և ուժեղ ռազմարդյունաբերական համակարգի բանակաշինությունը չի կարող արդյունավետ լինել:

Ընդգծենք, որ այս առաջարկներով սույն տողերի հեղինակը դիմել է վերջին չորս վարչապետերին: Բոլորի կողմից էլ այդ առաջարկները հավանության են արժանացվել, սակայն համապատասխան քայլերը մինչ օրս չեն իրականացվել:

Հ.Գ. Ի դեպ, վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին անդրադարձել է վերոնշյալ առաջարկներին` խոստանալով դրանց իրականացման հետ կապված գործընթացներն ուշադրության կենտրոնում պահել:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (Ամարասի Արթուր)
պահեստի գնդապետ

Տեսանյութեր

Լրահոս